HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մանիպուլյատիվ միֆեր․ «բանակցելը զիջելը չէ»

Երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շրջանառության մեջ դրեց ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ եռակողմ՝ խորհրդարանական խմբակցությունների, իշխանության և քաղաքացիական հասարակության պատվիրակների  «4+4+4» ֆորմատով բանացկություններ անցկացնելու առաջարկը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կայծակնային արագությամբ արձագանքեց․ «Բանակցելը զիջում չէ»։

Ինչպես հայտնի է, պահի տակ արագ արձագանքը ենթագիտակցական է։ Իսկ այն, ինչ գալիս է ենթագիտակցությունից, որպես կանոն, արտահայտում է հնչած գաղափարի վերաբերյալ արտահայտվողի իրական տրամադրվածությունը։ Տվյալ դեպքում Հովիկ Աբրահամյանն բացահայտել է հասարակության և քաղաքական ուժերի հետ իշխանության աշխատելու մեթոդաբանությունը, արտահայտել քաղաքական սուբյեկտների հետ բանակցությունների բնույթի, ակնկալելի արդյունքների վերաբերյալ իշխանության ընկալումները։ Այդ ընկալումները եղել են չափից դուրս պարզ․ բանակցել՝ բանակցելու համար։ Ժողովրդական լեզվով ասած՝ «գյալաջի»՝ բանակցության տպավորություն ստեղծելու համար։ Իսկ նման տպավորություն ստեղծելը ներկայիս իշխանությանն անհրաժեշտ է օդ ու ջրի պես՝ ապահովելու համար թե ընտրական օրենսգրքի ընդունման և թե դրա հիման վրա անցկացվելիք խորհրդարանական գալիք ընտրությունների լեգիտիմության արտաքին շղարշը։ Դեկտեմբերին անցկացված սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ արևմտյան կառույցների, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ոչ միանշանակ արձագանքից և հստակ ձևակերպած պահանջներից իշխանությունը հասկացել է․ նրանց հետ խնդիրներ չունենալու հիմնական միջոցը ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական-քաղաքական կոնսենսուսի տպավորության ստեղծումն է այնպես, որ դա չխանգարի ընտրություններում իշխանության հեշտ հաղթանակին։ Եթե խնդիրն իրական կոնսենսուի հասնելը լիներ, ապա ընտրական օրենսգրքի նախագծող ոչ թե միայն իշխանության իրավաբանները կլինեին, այլև ընդդիմության, քաղհասարակության ներկայացւոցիչների հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը, և կոնսենսուսը կձևավորվեր հենց օրինագծի նախագծման փուլում։   

Կոնֆլիկտաբանության տեսանկյունից, սակայն, վարչապետի ասածի մեջ կա տրամաբանություն․ բանակցությունները միշտ չէ, որ վարվում են հանուն զիջումների։ Ընդհանրապես լավ բանակցողը նա է, ով բանակցությունից ստանում է իր համար մաքսիմալը։ Այսինքն՝ որքան քիչ ես զիջում, այնքան լավ ես բանակցել։ Բայց նման արդյունք ստացվում է այն դեպքում, երբ բանակցությունները վարվում են կողմերից մեկի կապիտուլյացիայի պայմանների շուրջ։ Օրինակ՝ 1920թ․ դեկտեմբերին 2-ին հայ-թուրքական պատերազմից հետո թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հետ բանակցում էր Ալեքսանդրապոլում։  Բայց դա բանակցություն էր հայկական կողմին խաղաղության պայմանագրի՝ մեզ համար խայտառակ կետերը թելադրելու, այլ ոչ թե փոխզիջումների շուրջ։ Հարցն այն է՝ իշխանությունը համարո՞ւմ է, որ կոնֆլիկտի մեջ է հասարակության հետ, թե՞ ոչ։ Եթե համարում է ու դա չի թաքցնում, ապա պարզ է, որ նա ոչնչով չի տարբերվում Քյազիմ Կարաբեքիրից։ Բայց իշխանություններն այդքան հում և անփորձ չեն, որ խնդրին մոտենան որպես կոնֆլիկտող կողմ։ Այս ռևերանսների ամբողջ իմաստն էլ հենց համագործակցողի իմիջով հանդես գալն է։ Այս իմաստով իշխանությունը համարում է, որ ոչ թե բանակցում է քաղհասարակության և ընդդիմության հետ, այլ երկխոսում, ավելի ճիշտ՝ զրուցում։

Առանց էական հետևանքների զրուցելն իբրև բանակցություններ ներկայացնելը գործող նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման գլխավոր առանձնահատկություններից մեկն է, որով նա գործնականում կարողացել է շարքից հանել իր բոլոր հիմնական մրցակիցներին ու քաղաքական հակառակորդներին։ 2011թ․ «երկխոսության» միջոցով նա «շարքից» հանեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա ղեկավարած իսկապես հզոր համաժողովրդական շարժումը։ 2013-ին՝ այդ շարժման իներցիայի վրա քաղաքական կարիերայի պիկին հասած Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա շուրջ ստեղծված ինքնաբուխ շարժումը, որն ավարտվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոստիկանապետի հետ աղոթքով։

Սա գործող իշխանության մանիպուլյատիվ ամենաէֆեկտիվ գործիքն է, որն աշխատել է անդավաճան։ Յուրատեսակ աճպարարության մի հնարք, որով միշտ հասել ու շարունակում է հասնել իր համար ցանկալի արդյունքների։ Դրա առաջին պատճառն այն է, որ ՀՀԿ-ն երկխոսությունը ոչ թե բանակցելու, այլ երկխոսող կողմին վարկաբեկելու և մարգինալացնելու միջոց է ծառայեցրել։ ՀՀԿ-ն երբեք չի ամաչել նրանից, որ իրեն համարել են այնքան վարկաբեկված, այնքան մերժելի, որ նրա հետ կոնտակտի մեջ մտնող ցանկացած սուբյեկտ անմիջապես հասարակության կողմից ենթարկվում է պարսավանքի և իզգոյացվում՝ ինչպես բորոտով վարակվածը։ Գործում է մի պարզ տրամաբանություն․եթե իշխանությունը մերժելի է, ապա հարթակին չպետք է մնա որևէ ընկալելի, վստահելի, արժեքավոր քաղաքական սուբյեկտ  և բոլորը պետք է լինեն նույն գարշահոտ ճահճի մեջ։  

Երկրորդ պատճառն այն է, որ բանակցության և «գյալաջիի» նույնացումը իշխանությանն ապահովագրում է առանց կորուստների էական զիջումների գնալուց։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ ինքնին զիջում է արդեն այն, որ իշխանությունը համաձայնել է զրուցել, լսել, որովհետև կարող էր նաև դա չանել։ Հետևաբար զրուցելու պատրաստ իշխանությունը զիջող իշխանությունն է։ Հենց սա է «բանակցություններ առանց զիջումների» քաղաքականության մանիպուլյացիոն էֆեկտը։ Ըստ էության՝ ակամա հենց սա է մատնել Հովիկ Աբրահամյանը, ով հրաշալի հասկանում է, որ ամենասկզբունքային հարցերում իշխանությունը, որպես կանոն, զիջումների չի գնում։ «4+4+4»-ի նշանակությունն իշխանության համար հենց այն է, որ դա կարող է մյուս կողմերի սրտի ուզած չափով զրուցելու, նրանց ուշադիր և շատ բարեկրիրթ լսելու հարթակ դարձնել՝ առանց հիմնական, սկզբունքային կետերում իրական զիջումների գնալու։  Ի դեպ, ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակներում մինչև վերջերս հենց այս մանիպուլյատիվ էֆեկտով էր առաջնորդվում նաև Իլհամ Ալիևը։ Նա բանակցում էր զուտ բանակցելու, զրուցելու համար՝ առանց որևէ զիջման գնալու։ Նա, սակայն, այս մեթոդը կիրառում էր ժամանակի վրա խաղալու համար․Ալիևը պարզապես ժամանակ էր շահում՝ դիրքային առավելություն ստանալու, սպառազինվելու և հայկական կողմին կամք թելադրելու համար։

Հայաստանյան քաղաքական իրականության մեջ, ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ գործընացում նպատակը ժամանակ շահելը չէ. իշխանությունը չունի այդ ժամանակը։ Ընդհակառակը՝ հենց շտապողականությունն է նրան ստիպում կրկին ապավինել այդ մանիպուլյացիային` չկրկնելու սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության իրագործման ժամանակ թույլ տված սխալները։

«4+4+4»-ի առաջարկն անողները դժվար թե չեն հասկանում, թե այդ բանակցություններով ինչ խնդիր է լուծելու իշխանությունը։ Ով ով, բայց ՀԱԿ-ը շատ լավ գիտի՝ ինչ է նշանակում բանակցել կամ երկխոսել իշխանության հետ։ ՀԱԿ-ի նպատակը ևս շատ պարզ է․եթե բանակցությունների արդյունքնում ինչ որ հրաշքով իշխանությունը կգնա բոլոր կետերում սկզբունային զիջումների, ինչն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, ապա դա կներկայացվի որպես հաղթանակ և իշխանության թուլության նշան։ Իսկ եթե իշխանությունը դրան չի գնա կամ թեկուզ միայն երկրորդական նշանակության կետերում  այլընտրանքային առաջարկություններն ընդունելու պատրաստակամություն կհայտնի, ինչը և թերևս, տեղի կունենա, ապա մյուս շրջանակները դուրս կգան բանակցություններից, ու կհայտարարվի, որ իշխանությունը զիջումների գնալու ցանկություն չունի, որ նախագիծը հանրային քննարկման դնելու նպատակը հասարակական-քաղաքական կոնսենսուսի պատրանք ստեղծելն ու միջազգային հանրությանը խափելն է և որ ներկայացված օրենսգրքով իշխանությունը պարզապես սեփական վերարտարդության խնդիրն է լուծում։ Դա, իհարկե, արդեն միջազգային հանրությանը չի համոզի։ Բայց դա թույլ կտա քաղաքական պրոցեսներ հունավորել, դա նոր հակաիշխանական շարժման հիմք և առաջիկա նախընտրական արշավի լեյտմոտիվ կդարձվի։ Այսինքն «և ոչխարները տեղի կլինեն, և գայլերը՝ կուշտ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter