HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դարպասի համայնքապետը երազում է բարեկարգված տեսնել գյուղի գոնե 1 կմ ճանապարհը

Լոռու մարզի Դարպաս գյուղի համայնքապետ Սամվել Ավետյանը տեղեկացրեց, որ Դարպասի գյուղացիներն իրենց սեփականաշնորհված վարելահողերի 82 %-ը վերադարձնում են համայնքապետարանին:

Դարպասի համայնքապետարանի հաշվեկշռում 878  հա  գյուղատնտեսական  նշանակության հող է գրանցված, որից 176 հա-ը  վարելահող է, 638 հա-ը՝ արոտ: Դարպասում այս տարի աշնանացան չեն կատարել: «Նույնիսկ այս տարի ձրի սերմ էին տալիս` վերադարձնելու պայմանով, բայց գյուղացիները չեն վերցնում»,- հայտնեց համայնքապետը: Գյուղի  վարելահողերը վերածվել են խոտհարքների:

Համայնքապետը դարպասցիների՝ հողից կտրվելու իր բացատրությունն ունի: «Եթե շահույթ չի մնում, ռիսկի գործոնը շատ մեծ ա, 40 հազար մենակ վարող տրակտորն ա ուզում, հողին կուլտիվացիա է պետք, ամենաքիչը մի 20 հազար էլ սա է ուզում, շարքացանը, որ պտի ցանի, մի 20 հազար պետք է ուզի, ցանելուց հետո կատոկ պետք է արվի, դրանից հետո պարտավոր ես մոլախոտերի դեմ սրսկել, պարարտանյութ տալ, մի 50 հազար էլ ըտի կգնա, դրան գումարած, եթե ժամանակին չկարողանաս բերքը հավաքել, կարա 5 օրում հացահատիկը թափի, եթե ժամանակին կոմբայն չճարես (մենք  չունենք ոչ մի գյուղտեխնիկա): Կոմբայնն էլ գալիս է` հետա  30 հազար դրամ փող ա ուզում 1 հա-ը հնձելու համար, 160 հազար դրամ փող կգնա: Պլյուս՝ հատիկն էլ, եթե առնեն: Շահույթ չի մնում»,- հաշվարկեց Ս. Ավետյանը:

Դարպասում ոռոգման ջրի խնդիրը գյուղացիների ջանքերով 2011 թ. մասնակիորեն լուծվել է: Սամվել Ավետյանը 1,5 տարի է, ինչ ղեկավարում է գյուղը: «Ժամանակին Դարպասում ոռոգման ներքին ցանց է եղել, 5-6 տարի է, ինչ  տարել են, չկա, լուսավորության սյուները չկան, գազի խողովակներն էլ են տարել, ջրի ներքին ցանցի խողովակներն էլ են տարել: Ընդամենը մի քանի մետր խողովակ օգտագործվել է գազ  քաշելու համար, մնացածը չկա»,- ասաց նա: Ամենաթողության պայմաններում Դարպաս գյուղը  Լոռու մարզում բարբարոսաբար թալանված միակ գյուղը չէ: Համայնքապետը պատմեց, որ «Լեռնապատ-Արջուտ-Դարպաս» 1 մլն դոլար արժողությամբ ոռոգման ջրագծի կառուցման ծրագիր է իրականացվել, բայց այն չի օգտագործվել, որի հետեւանքով էլ այնտեղ անսարքություններ են առաջացել, եւ ջրագիծը դարձել է անօգտագործելի: «Հենց այդ պատճառով էլ գյուղացիները կամաց-կամաց վարելահողերը վերացրեցին ու վերածեցին  խոտհարքների»,- ասում է  Սամվել Ավետյանը: 

Ժամանակին Գուգարքի տարածքում ամենաբարեբերը եղել են Դարպասի  վարելահողերը: «Չմշակելուց տարիների ընթացքում մեր հողերը որակազրկվել են: Մեր դաշտերում հմի էդ ինչքա՜ն պարարտանյութ պետք է լցնես,  որ դրանից հետո բերք լինի հողում»,- ասում է  Սամվել Ավետյանը: «Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս   են ապրում  դարպասցիները»,- հարցրի համայնքի ղեկավարին: «Էնա չեն ապրում, էլի, սաղ խոպան են գնում: Սարսափելի վատ է գյուղի վիճակը, 90%-ը սոցիալապես անապահով են»,- ասաց նա: Որպես տնտեսության ղեկավար հողի առաջնահերթ մշակման համար Սամվել Ավետյանի կարեւոր է համարում կառավարության կողմից գյուղերին գյուղտեխնիկայի անվճար հատկացումը:

«Մասնագետները մի հատ պետք է գան, հողերի տեսքը որոշեն, ասեն, թե մեր վարելահողերում ինչ մշակաբույսեր պետք  է աճեցնել: Մեր 178 հա հողերից կարող է մի 50 հա-ը ոռոգվի: Մեր ոռոգման ներքին ցանցը խորհրդային վերջին տարիներին էր կառուցվել, մնում էր շահագործել, խողովակները հանեցին, եսիմ ինչ արին»,- ափսոսանքով ասում է համայնքապետը:

 Գյուղում Սոցներդրումներ հիմնադրամը 2010 թ. 50 մլն դրամ արժողությամբ մանկապարտեզ է կառուցել: Ըստ համայնքապետի՝ համայնքի բյուջեի 30 %-ը՝  8 մլն դրամ, հատկացվում է մանկապարտեզին: Համայնքապետն ասաց, որ օրը 3 անգամ երեխաներին ապահովում են էկոլոգիապես մաքուր սննդով: Հաճախում է 50 երեխա: Ծնողները 4500 դրամ վարձ են մուծում: Այդքան էլ յուրաքանչյուր երեխայի սննդի համար համայնքապետարանն է հատկացնում:

Խորհրդային տարիներին թեեւ Դարպասը սովխոզ տնտեսություն է եղել, սակայն գյուղում բազմաթիվ ձեռնարկություններ են գործել: «Մարդիկ սիրողական էին անասուն պահում»,- հիշում է Սամվել Ավետյանը: Հիմա Դարպասում մարդիկ արտագնա աշխատանքով են ապրում: Համայնքի ղեկավարը գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը Դարպաս մտնող ճանապարհի եզրին գտնվող բլրալանջի սողանքի վերացումն է համարում: «Սողանքի նշանները ես մեկ շաբաթ առաջ եմ նկատել եւ այդ մասին գրավոր տեղեկացրել եմ Լոռու մարզպետարանին: Ներկայումս համապատասխան մարմինները զբաղվում են»,- ասում է նա: 

Սողանքը Դարպասի միակ հիմնախնդիրը չէ: 2500 բնակիչ ունեցող գյուղը Վանաձորի հետ կապող երկու կամուրջները վթարային վիճակում են: Դրանք Վանաձոր քաղաքի վարչական տարածքում են, բայց սպասարկում են Դարպասին:  Կամուրջների վերանորոգման համար կապի եւ տրանսպորտի նախարարությունը նախագծանախահաշվային փաստաթղթեր է պատրաստել, որոնցով յուրաքանչյուր  կամրջի վերանորոգման համար 30 մլն դրամ է նախատեսվել: «Հետո նախարարությունից գրություն եկավ, որ ֆինանսական սուղ վիճակի պատճառով կամուրջների վերանորոգումը հետաձգվում է»,- ասաց Սամվել Ավետյանը: Դարպասի համար այսօր փորձանք են դարձել նաեւ լեռնային աղբյուրների՝ գյուղամիջով անցնող հոսքերը: Նախկինում լեռնային աղբյուրների այդ հոսքերը գյուղամիջյան թունելով թափվել են Փամբակ գետը: Թունելը հիմա բերնեբերան լցված է: Ջուրը, այլ ելք չունենալով, լցվում է գյուղամիջյան ճանապարհները:

Ս. Ավետյանն ասաց, որ փորձել է համայնքի բյուջեի միջոցներով լուծել ջրահեռացման խնդիրը: «Իմ ուժերից վեր է: Էսա մարոզի պատճառով կփակվի գյուղ մտնող այս ճանապարհը, իսկ գարնանը կլցվի մարդկանց բնակարանները: Եթե այս խնդիրը չկարողանամ լուծել, հրաժարական կտամ: Գոնե ինձ օգնեն, բացենք ջրատար թունելը, որ ջուրը այնտեղով գնա»,- ասում է նա:

Սամվել Ավետյանին հարցրինք նաեւ Դարպասի զարգացման քառամյա ծրագրի մասին: «Ի՞նչ քառամյա ծրագիր, գյուղը քանի գնում՝ վարի է գնում: Քառամյա ծրագիրը շատ լուրջ փաստաթուղթ եմ համարում, բայց ես համայնքի բյուջեի 30 մլն դրամով, որից 30%-ը տալիս եմ մանկապարտեզին, զարգացման ծրագրով նախատեսված ի՞նչ խնդիր կարող եմ լուծել: Հույսս դրել եմ պետության վրա»,- ասաց Ս. Ավետյանը: Այդուհանդերձ, ավելացրեց, թե որպես Դարպասի  համայնքապետ երազում է իր ղեկավարած համայնքի գոնե 1 կմ ճանապարհը բարեկարգել:                                       

Մեկնաբանություններ (1)

Հ
Թունելը հիմա բերնեբերան լցված է: Ջուրը, այլ ելք չունենալով, լցվում է գյուղամիջյան ճանապարհները: Էսա մարոզի պատճառով կփակվի գյուղ մտնող այս ճանապարհը, իսկ գարնանը կլցվի մարդկանց բնակարանները: Չե՞ն կարող գյուղով հավաքվեն, մաքրեն: Թեկուզ հաշվի աօնելով, որ չուրը լցվելու է իրենց տները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter