HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող  Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն։ Նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, ով ՀՀ նախագահին հանդիպել էր նաև գրեթե մեկ տարի առաջ` 2015թ. մայիսի 7-ին, Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի առիթով:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում համատեղ ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ և գոհունակությամբ են փաստել, որ ներկայումս երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, որոնց շրջանակներում տարեցտարի երկու երկրները նոր ձեռքբերումներ են արձանագրում:

Սերժ Սարգսյանի գնահատմամբ, փոխադարձ ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան գործընկերությունն այժմ գտնվում է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաև վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների օժանդակությունը` ուղղված ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտագության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հանդիպմանը հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների շուրջ:

ՀՀ Նախագահը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու գործում հայկական կողմը ապավինում է միջազգային հանրության և հատկապես համանախագահող երկների ակտիվ միջամտությանը` ձեռնարկելու գործուն քայլեր, քանի դեռ դրանք կարող են որևէ բան փոխել:

Նախագահ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂ հիմնախնդրի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և խաղաղ կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար: Վերջիններիս կողմից իրականացվող քայլերը, ըստ Նախագահի, օրինակելի կարող են լինել շատ այլ երկրների խորհրդարանականների համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում խիստ մտահոգված են երկրի անմիջական հարևանությամբ ահաբեկչական խմբավորումների գործունեությամբ և խստորեն դատապարտում են այն: Նախագահը ցավով է նշել, որ տեղի ունեցող վայրագությունների հետևանքով սպանվում և փախստական են դառում նաև Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր, վնասվում և ոչնչացվում են տարածաշրջանում բազմադարյա հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները:

Փոխնախագահ Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը` Սիրիայից մեծ թվով փախստականների ապաստան տալու և սիրիահայերի համար կենսագործունեության հնարավոր պայմաններ ստեղծելու համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Միջին Արևելքում փոքրամասնությունների խնդիրները լուծելու, քրիստոնեական համայնքների վերադարձը խթանելու, նրանց բազմադարյա մշակույթը և ժառանգությունը պաշտպանելու նպատակով գործուն ու արդյունավետ մեխանիզմներ կմշակվեն: Սերժ Սարգսյանը և Ջոզեֆ Բայդենը նաև վստահություն են հայտնել, որ համատեղելով ջանքերը` հնարավոր կլինի դիմակայել առկա մարտահրավերները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter