HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մանիպուլյատիվ միֆեր․ ինչու է շահարկվում ընտրած քաղաքացիների ցուցակի հրապարակման հարցը

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ասել է, թե Վենետիկի հանձնաժողովը (ՎՀ) քննարկել է ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարակման հարցը և վերահաստատել, որ դա ընտրության գաղտնիության իրավունքի խախտում է։ Միևնույն ժամանակ, սակայն, հանձնաժողովը նաև հավելել է, որ որոշակի հանգամանքներում ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու այդ ցուցակներին։

Կասկած չկա, որ հենց այս մեկնաբանությունն է հիմք դարձվելու՝ մերժելու համար ընտրած քաղաքացիների ցուցակները հրապարակելու առաջարկ-պահանջը։ Եվ քանի որ մեկնաբանության հեղինակը Վենետիկի հանձնաժողովն է, ո՛չ ընդդիմադիր ուժերը, ո՛չ էլ քաղհասարակությունն այդ պահանջի վրա այլևս կանգ չեն առնելու։ Մանավանդ որ ընտրություններին մասնակցած կուսակցություններին այդ ցուցակներին ծանոթանալու հնարավորություն տալը և իշխանության այն առաջարկը, թե կուսակցությունները նաև իրավունք կունենան քաղվածքներ կատարել այդ ցուցակներից, մեծ հաշվով կարելի է կոմպրոմիսային լուծում համարել։

Խնդիրը, սակայն, դա չէ։ Այլ այն, որ ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումն իրականում ընտրական իրավունքի իրացման հետ որևէ ուղղակի կապ չունի, և իշխանությունների, մասամբ՝ նաև Վենետիկի հանձնաժողովի հակառակ պնդումները Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներում շրջանառության մեջ դրված և հետևողականորեն զարգացվող հերթական մանիպուլյատիվ միֆերից մեկն է։  

Նախ՝ այն փաստը, որ ՎՀ-ն առաջարկում է ընտրություններին մասնակցած կուսակցությունների համար հասանելի դարձնել այդ ցուցակները, հաստատում է այդ պնդման անհիմն լինելը և իրողությունը, որ աշխարհում մարդու իրավունքների տեսանկյունից չկա դրա վերաբերյալ միանշանակ վերաբերմունք և պրակտիկա։ ՎՀ-ի այս երկու մոտեցումներն իրականում իրարամերժ են։ Որովհետև եթե բացարձակ լիներ քաղաքացիների ընտրություններին մասնակցության գաղտնիության սկզբունքը, ապա որևէ մեկը, այդ թվում նաև ընտրություններին մասնակցած կուսակցությունները չպետք է դրանից օգտվելու իրավունք և հնարավորություն ունենային։ Ահա թե ինչու է ՎՀ-ն կիրառում ցուցակների հասանելիությունը «որոշակի հանգամանքներում» ապահովելու լղոզված բառակապակցությունը՝ առանց որոշակիացնելու, թե որոնք են այդ հանգամանքները։

Երկրորդ՝ աշխարհի մոտ 20 երկրներում, այդ թվում նաև ԵՄ անդամ հանդիսացող Բելգիայում, Նիդեռլանդներում, Հունաստանում, Ավստրիայի որոշ շրջաններում, ինչպես նաև լատինաամերիկյան շատ երկրներում և Ավստրալիայում ընտրություններին մասնակցելը ոչ թե քաղաքացու իրավունքն է, այլ պարտականությունը։ Ավելին, այդ երկրների մի մասում ընտրություններին մասնակցության պարտականությունը չկատարելու համար նախատեսված են կոնկրետ պատժամիջոցներ, ընդհուպ տասը տարով ընտրվելուց, պետական կառավարման համակարգում պաշտոն զբաղեցնելուց, անգամ վարորդական իրավունք ստանալուց զրկվելը։ Այսինքն՝ այս երկրներում ընտրություններին մասնակցության մասին տվյալները հրապարակային են։ Որովհետև պետական մարմինները հենց այդ տվյալների մատչելիությունն են օգտագործում քվեարկությանը չմասնակցած այս կամ այն քաղաքացու նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար։ Եթե մասնակցության գաղտնիությունը բացարձակ սկզբունք լիներ և մարդու իրավունքների խախտում դիտարկվեր միջազգային կոնվենցիաների համատեքստում, ապա ընտրություններին մասնակցությունը պարտավորություն սահմանող երկրներ չպետք է լինեին առհասարակ։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընտրած քաղաքացիների ցուցակները չհրապարակելու իշխանության անփոփոխ դիրքորոշումը բացատրել էր հետևյալ կերպ. «Ցուցակներ փակցնել՝ նշանակում է մարդկանց, առավել եւս չինովնիկներին ստիպել, որ դու պարտադիր պետք է գնաս ընտրության: Այլապես քո նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն։ Քո ղեկավարությունը այլ վերաբերմունք կունենա: Դա մարդու ազատ կամքի արտահայտման ձեւի սահմանափակում է: Վերադասները կարող են շատ հեշտ տեսնել, թե ովքեր են իրենց խոստացել գնալ ընտրությունների ու չեն գնացել: Դա մարդկանց «ռամկաների» մեջ դնելու մեխանիզմ է»: 

Թվում է, թե Բաղդասարյանը բացարձակ ճշմարտությունների մասին է խոսել, և հիմնավորման տրամաբանությունը բավականին կուռ է։ Բայց սա ոչ թե ցուցակները «չփակցնելու» հիմնավորում է, այլ ընտրակեղծարարության ավանդական տեխնելոգիաներից մեկի՝ ստիպողաբար կամ տարատեսակ «խրախուսման» միջոցներով մարդկանց քվերակության ուղարկելու պրակտիկայի կիրառման ինքնախոստովանություն։ Նման հայտարարություններն իրեն հարգող, քիչ թե շատ կայացած արդարադատության համակարգ ունեցող պետությունում պետք է անմիջապես գրավեին իրավապահ մարմինների ուշադրությունը։

Իշխանության բանախոսները միտումնավոր չեն խոսում այն մասին, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ընտրած քաղաքացիների ցուցակներից քաղվածքներ վերցնելու հնարավորության ընձեռումն իշխող կուսակցությանն ամեն դեպքում տալիս է ընտրություններին մասնակցելու պրոցեսի և մասնակցողների նկատմամբ հսկողություն իրականացնելու առավել քան բավարար լծակներ։ Այսինքն՝ իրենց առաջարկած այլընտրանքային լուծումն այդ հարցը, այսպես թե այնպես, չի լուծում։ Սակայն առավել էական է, որ այս ակամա խոստովանությամբ ուղղակի հաստատվում է, որ ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում ներկայացնելու մանիպուլյացիայի ողջ իմաստը իշխանության վերարտադրության ապահովման հիմնական, թաքնված տեխնոլոգիաներն անձեռնմխելի պահելն է, իշխանությունից այդ ռեսուրսը խլելու բացառումը։ Եվ դա հասկանալի է. կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունք կունենա իշխանությունը, եթե տարատեսակ ղեկավարների, թաղային հեղինակությունների, կրիմինալի, օլիգարխների «գիլիոտինի» տակ չընկնելու վախից ընտրողները հեղեղեն ընտրատեղամասերը և, ի հեճուկս նրանց, քվեարկելիս առաջնորդվեն իրենց խղճով ու համոզմունքներով։ Նման մղձավանջի մեջ, բնականաբար, իշխանությունն ընկնել չի ցանկանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter