HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են Արցախի Տիգրանակերտի 2007 թվականի պեղումները

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը, պատմական գիտությունների դոկտոր Հ. Պետրոսյանի գլխավորությամբ, 2007 թ. մայիսի 18-ին վերսկսել է մ.թ.ա. առաջին դարում Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից Արցախում հիմնադրված Տիգրանակերտ քաղաքի պեղումները:

Պեղումների առաջին իսկ օրերին, Խաչենագետի ձախ ափին` Նոր Մարաղա գյուղի հարեւանությամբ տեղակայված լեռան վրա, հայտնաբերվել է ամրոց: Ամրոցի նախնական պեղումները երեւան են բերել կոպտատաշ ճակատներ ունեցող, խոշոր բլոկներով իրականացված կանոնավոր շարվածքով, 3,5 մետր լայնությամբ պարսպի մի հատված, ամրոցի` դեպի ներս լայնացող մուտք եւ մուտքին ու ժայռածերպին կից կառուցված աշտարակի մնացորդներ: Պարսպի բացված հատվածի երկարությունը կազմել է 20 մ: Հայտնաբերված հնագիտական նյութը վկայում է, որ ամրոցը, հավանաբար, կառուցվել է ուրարտական (մ.թ.ա 8-7-րդ դդ.) կամ Երվանդունիների հայկական թագավորության վաղ ժամանակշրջանում (մ.թ.ա 6-4 րդ դդ.): Տիգրանակերտի 2007թ. պեղումները շարունակվելու են մինչեւ այս տարվա օգոստոսի 15-ը:

Տիգրանակերտի պատմահնագիտական հետազոտության «Երկիր» միության ծրագիրն իրականացվում է 2005 թվականից: Աշխատանքների առաջին տարում ճշգրտվել էր քաղաքի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006թ. պեղումներ են իրականացվել քաղաքի եւ նրա շրջակայքի տարբեր հատվածներում, որոնք երեւան են հանել քաղաքի միջնաբերդի պարսպի մի հատվածը, ամրացված թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի վաղքրիստոնեական բազիլիկայի մնացորդներով մի հատվածը:

«Երկիր» միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter