HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրավիրվել է ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ապրիլի 2-ին խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Օրակարգում ունենալով մեկ հարց՝ ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ի նախահարձակ գործողության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Հրադադարից հետո տարիներ շարունակ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը քայլ առ քայլ տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Ապրիլի 2-ին Ադրբեջանն աննախադեպ լայնածավալ հարձակում ձեռնարկեց՝ հարվածելով ոչ միայն Արցախի ռազմական օբյեկտներին, այլև խաղաղ բնակավայրերին, որի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում անմեղ երեխաներ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այս ահաբեկչական գործողությունները ոչ միայն ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության դեմ, այլև հարված են միջազգային անվտանգության համակարգին:

ԼՂՀ Ազգային ժողովը, իր վստահությունն արտահայտելով Պաշտպանության բանակի հմուտ գործողություններին, Արցախի քաղաքացիների և հատկապես սահմանային բնակավայրերի բնակչության բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությանը,

-   համարում է, որ միջազգային հանրությունը, անընդհատ ենթարկվելով պաշտոնական Բաքվի շանտաժին, տարիներ շարունակ իր մոտեցումներով հավասարության նշան դնելով կողմերի միջև՝  շարունակում է ոգևորել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները,

-   փաստում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը հանգեցնում է Ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների: Ագրեսորին չզսպելը բերելու է տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքներով նոր սրացումների, ինչի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլև նրան սատարող ուժերի վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter