
Ազգային ժողովի նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ
Ազգային ժողովը այսօր մեկ րոպե լռությամբ սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ վերջին օրերի ընթացքում լայնածավալ գործողություններ են սկսվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունք է:
«Ցավոք սրտի, Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում մենք ունենք մարդկային կորուստներ, մարդկային զոհեր թե քաղաքացիական բնակչության և թե մեր հերոս զինծառայողների շրջանում: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոսների հիշատակը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխոսնակն այնուհետև հայտարարեց, որ երեկ և այսօր ԱԺ բոլոր խմբակցությունների, խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ ունեցել են քննարկումներ և ընդունել են համատեղ հայտարարություն:
ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը և արկածախնդրությունը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
«Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար»,-նշված է հայտարարության մեջ:
Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, հատկապես՝ ընդդիմադիրներին, աննախադեպ համախմբման համար:
Մեկնաբանել