HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հիմա կոռուպցիան բացահայտելու եւ պատժելու ժամանակն է

Հարցազրույց Տարածաշրջանային զարգացման կենտրոն/«Թրանսպարենսի Ինտերնեշնլ - Հայաստան»-ի նախագահ Ամալյա Կոստանյանի հետ

- Ի՞նչ տեղ է գրավում Հայաստանը կոռուպցիայի վերաբերյալ «Թրանսպարենսի Ինտերնեշնլ»-ի կատարած ուսումնասիրություններում: Ինչո՞վ եք բացատրում նման պատկերը։

- Վերջին երեք տարիների ընթացքում դրական փոփոխություններ չեն եղել: Այսինքն՝ մենք դարձյալ այն երկրների խմբում ենք, որտեղ լայնորեն տարածված է կոռուպցիան: 2006 թվականին անցկացրած մեր հարցումների արդյունքներով` հարցվածների 67,7% համոզված էր, որ մեզ մոտ կոռուպցիա եղել է միշտ, իսկ 33,5%-ը պատասխանեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիան նույնիսկ զգալիորեն ավելացել է: Հարցման մասնակիցները համարում էին, որ դրան նախեւառաջ նպաստել են պետական ծառայողները: Քաղաքացիների կարծիքով` առավելապես կոռումպացված են առողջապահական եւ կրթական համակարգերը, ընտրական համակարգը, հարկային եւ մաքսային ծառայությունները եւ այլն: Մեր գնահատականներով` դրական տեղաշարժեր չկան այն պատճառով, որ 2004 թվականին ստեղծված կառույցները, այսինքն՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հակակոռուպցիոն խորհուրդն ու Մոնիտորիգի հանձնաժողովը, արդյունավետ չեն եղել: Մեր կողմից հարցվածների 50%-ից ավելին ընդհանրապես չգիտեր այս կառույցների գոյության մասին, իսկ 84,3%-ը գաղափար չուներ Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Եվ, վերջապես, հարցվածների 40,7%-ը համարում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը բոլորովին արդյունավետ չէ, թեեւ 58,8%-ը խոստովանեց, որ ինքն անձամբ բացարձակապես ոչինչ չի անում կոռուպցիայի դրսեւորումներին ինչ-որ կերպ դիմակայելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությանը, ապա, ցավոք, այն ուղղված էր միայն օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի փոփոխմանը: Հենց սա է հակակոռուպցիոն քաղաքականության թուլությունը, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է այն ժամանակ, երբ գործի են դրվում միջոցներ միանգամից երեք ուղղություններով. դրանք բնակչության իրազեկության բարձրացումն ու կրթական ծրագրերն են, կոռուպցիոն դեպքերի բացահայտումն ու մեղավորներին պատժելը, ինչպես նաեւ՝ պրեվենտիվ բնույթի միջոցները, այդ թվում նաեւ` օրենսդրության կատարելագործումը: Մենք, իհարկե, ունենք պետական ծառայողներին (հիմնականում՝ միջին եւ ստորին օղակների) կոռուպցիոն իրավախախտումների հոդվածներով պատժելու դեպքեր: Սակայն, չնայած հայկական ԶԼՄ-ներում բարձրաստիճան չինովնիկների հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքներին, այս բոլոր տարիների ընթացքում չի եղել մի դեպք, երբ քրեական պատասխանատվության ենթարկեն քաղաքական գործիչների կամ խոշոր գործարարների:

Ցանկացած պայքար նախատեսում է ոչ միայն պետական ծրագրի, այլեւ բնակչության աջակցության առկայություն, քանի որ մենք բոլորս ենք պտտվում կոռուպցիայի արատավոր շրջանի տիրույթում: Բայց, երբ գալիս է կոռուպցիայի դեպքերի համար վկայություն տալու ժամանակը, մարդիկ չեն վստահում, նրանց մեջ չկա պաշտպանվածության զգացողություն: Իսկ միայն նոր օրենքներ ընդունելով պայքարելն անհնար է: Նոր օրենքներում շատ բան համապատասխանում է միջազգային չափանիշներին, իհարկե, կա նաեւ շատ բան, որը դեռ պետք է կատարելագործվի, բայց, ընդհանուր առմամբ, օրենքները վատը չեն: Սակայն, վաղուց էր արդեն եկել ավելի կոնկրետ գործողությունների անցնելու ժամանակը. նախ՝ ապահովել օրենքների կիրառելիությունը, եւ երկրորդ՝ ապահովել արդարադատությունը, որպեսզի մարդիկ չվախենան կոռուպցիոն իրավախախտումների դեմ վկայություններ տալուց:

Երբեմն քաղաքացիներն իրենք են նպաստում կոռուպցիայի զարգացմանը. մարդիկ չեն տեղավորվում սահմանված ժամկետներում, չեն կարողանում հավաքել անհրաժեշտ քանակի փաստաթղթեր ինչ-որ գործերի համար եւ այսպես շարունակ, ու նրանք իրենք են գնում օրինախախտումների: Կան այսպիսի բնորոշումներ՝ «օրինական» եւ «անօրինական» կոռուպցիա: Երբ խոսում են «օրինականի» մասին, ապա նկատի է առնվում, որ մարդիկ կաշառք են տալիս եւ վերցնում են այն ծառայության դիմաց, որն օրենքով այսպես թե այնպես անվճար է կամ հասնում է պաշտոնապես ամրագրված վճարի դիմաց: Որպես կանոն` կոռուպցիայի այս տեսակը վարչական բնույթի է: «Անօրինական» կոռուպցիան կապված է ավելի մեծ մասշտաբի իրավախախտումների հետ, եւ այստեղ ներգրավված են քաղաքական գործիչները, խոշոր գործարարները:

Շարքային քաղաքացին, սովորաբար, նման դեպքերի հետ գործ չի ունենում: Եւ այստեղ կոռուպցիան դրսեւորվում է ոչ միայն գումարի տեսքով, այլեւ մեջտեղ են գալիս ավելի խոշոր բաներ, խոսքը քաղաքական պաշտոնների, տնտեսական մենաշնորհների, պատգամավորական աթոռների մասին է: Մեզ մոտ դեռեւս, ճիշտ է աննշան մասշտաբներով, պատժում են վարչական կաշառակերության համար, բայց ավելի խոշոր խախտումների համար պատիժներին գործը պարզապես չի հասնում: Չնայած օրենսդրության կատարելագործմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումների առկայությանը` նորից գտնվում են կոռուպցիայի միջոցներ, ծառայողական դիրքի չարաշահման համար ելքեր, ինչն, ի դեպ, նախկինի համեմատ ավելի մեծ վարպետությամբ են սովորել անել: Եվ հիմա այդքան էլ հեշտ չէ բռնել խախտողի ձեռքը, մանավանդ, որ հանցագործության երկու կողմերն էլ չեն ցանկանա ներգրավվել քրեական քննության գործընթացում:

Օրինակ` մայիսի 12-ի քվեարկության ընթացքում, նախընտրական շրջանում եւ նույնիսկ դրանից շատ ավելի առաջ մարդիկ զանգահարում էին մեզ եւ հայտնում, որ փողոցներում, պետական հիմնարկներում, բնակելի շենքերում կաշառքներ են բաժանվում, բայց երբ մենք խնդրում էինք նրանց վկաներ լինել, բոլորը կտրականապես հրաժարվում էին: 2003 թվականին անցկացրած մեր հարցումների արդյունքներով` հարցվածների մեծամասնությունը՝ 75 %-ը, խոստովանել էր, որ իրեն կաշառք են առաջարկել, այս տարի կաշառքներն ավելի շատ են եղել, բայց մարդիկ դա ավելի շատ թաքցրեցին: 2007 թվականին կային կոռուպցիայի նաեւ այլ դրսեւորումներ՝ վարչական ռեսուրսների չարաշահում, բարեգործության քողի տակ կատարվող կաշառատվություն, նախընտրական քարոզարշավի համար ծախսվող թույլատրելի գումարի ( 60 մլն դրամ ) գերազանցում եւ այլն:

Միեւնույն ժամանակ, վախի մթնոլորտը, երբ մարդը վստահ չէ, որ խախտման համար իր վկայություն տալուց հետո կպատժվի պաշտոնյան կամ պատգամավորության թեկնածուն, այլ ոչ թե հենց ինքը, խանգարում է կոռուպցիոն երեւույթների դեմ արդյունավետ պայքարին: Եվ քանի որ մեզ մոտ չկա կոռուպցիայի դեմ պայքարի համար իրական քաղաքական կամք, ապա վախի նման մթնոլորտը ձեռք է տալիս նրանց, ում համար շահավետ է մեր երկրում կոռուպցիայի եւ անօրինականության զարգացումը:

- 2001 թվականին Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանը ստանձնեց կոռուպցիան վերացնելու հետ կապված որոշակի պարտավորություններ։ Ինչպե՞ս են կատարվում դրանք։ Ու՞մ է ավելի անհրաժեշտ այդ պայքարը՝ եվրակառույցների՞ն, թե մեր երկրին:

- Միջազգային համաձայնագրերը, որոնց մենք միացել ենք, իրենց ուշադրությունը սեւեռում են օրենսդրության վրա, եւ այս իմաստով մենք ունենք որոշակի բարելավում: Մեր օրենսդրությունն ունի բազմաթիվ անկատարություններ, կան ենթաօրենսդրական ակտեր, որոնք միշտ չեն համապատասխանում հիմնական օրենքին, եւ երբեմն դա դիտավորյալ է արվում, որպեսզի հեշտ լինի օրենքը կամայականորեն մեկնաբանելը: Բայց, միեւնույն է, իրենց անկատարությամբ հանդերձ՝ օրեքները կարող են աշխատել դրանց կիրառման պարագայում: Ցավոք, միջազգային պարտավորությունների մեջ չի մտնում օրենքները կատարելու պայմանը, ինչպես նաեւ օրենքների կատարման մոնիտորինգը: Կառավարությունն ամեն տարի հաշվետվություններ է ներկայացնում միջազգային հանրությանն այն մասին, որ ընդունվել են օրենքներ, կատարվել են օրենսդրական փոփոխություններ եւ այլն, բայց չէ՞ որ սա գործի կեսը, նույնիսկ մեկ քառորդն է:

Եվ պետք է ասել, որ միջազգային պարտավորությունների կատարման մոնիտորինգը հաճախ ոչ արդյունավետ ձեւով է անցկացվում, ինչը նույնպես նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարի նմանակմանը: Դատելով հաշվետվություններից՝ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է. ընդունված են օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, բայց գործնականում ոչինչ չի փոխվում: Վերջին ընտրություններից առաջ իշխանությունները հանդես էին գալիս հայտարարություններով այն մասին, թե սկսվում է կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ, եւ որ եկել է գործողությունների անցնելու ժամանակը:

Սակայն, ընտրությունների ժամանակ կոնկրետ գործողությունների անցնելու վճռականություն մենք չտեսանք, ամեն ինչ ճիշտ հակառակն էր: Ես շատ եմ կասկածում, որ այսպիսի «կոռուպցիոն» ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր կառավարությունը կգիտակցի խնդիրը, կոռուպցիայի վտանգավորությունը եւ, վերջապես, կսկսի դրա դեմ պայքարել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե «ում է ավելի շատ անհրաժեշտ այդ պայքարը», ապա միանշանակ է, որ անհրաժեշտ է մեզ: Իհարկե, եվրոպական հանրությունը գերադասում է հարաբերություններ ունենալ քաղաքակիրթ կառավարությունների հետ, որոնց համար կարեւոր են կարգուկանոնը, օրենքը եւ համաեվրոպական արժեքների նկատմամբ հարգանքը, եւ այդ իմաստով այս խնդիրների լուծմամբ նրանց շահագրգռվածությունն ակնհայտ է: Իսկ ահա մենք, օրինակ, դա անում ենք (ավելի շուտ` ցույց ենք տալիս, թե անում ենք) այն բանի համար, որպեսզի մտնենք Եվրոպա, ստանանք վարկեր, նոր ֆինանսավորում կամ մեկ այլ օգնություն:

Առայժմ ամեն ինչ ցուցադրաբար է արվում, ուրիշների համար: Այդ ցուցադրականությունը երկար ժամանակ ոչ ոքի համար տպավորիչ չի լինի, եթե չլինեն կոնկրետ գործողություններ, չլինեն ապացույցներն այն բանի, որ Հայաստանում կոռուպցիայի գոնե մակարդակն իջեցնելու ցանկություն կա: Առայժմ ո՛չ շարքային քաղաքացիները, ո՛չ էլ պետական պաշտոնյաները չունեն այն գիտակցումը, որ դա մենք նախեւառաջ պետք է անենք ինքներս մեզ համար:

- Տնտեսության զարգացման խոչընդոտների շարքում ի՞նչ տեղ է զբաղեցնում կոռուպցիան։ Որքանո՞վ է այն խոչընդոտում ներդրումներին։ Ինչի՞ն է ամենից շատ խանգարում կոռուպցիան:

- Իհարկե, մենք ունենք ներդրողներ, որոնք համաձայնության են եկել կոռուպցիայի մեջ թաղված իշխանությունների հետ, մոնոպոլացրել են տնտեսության որոշակի բնագավառներ եւ կիսում են իրենց շահույթները քաղաքական գործիչների հետ: Այստեղ կատարվում է նաեւ փողերի լվացում: Միեւնույն ժամանակ, ներդրումներն ավելի շատ կլինեին, եթե այդքան բարձր չլիներ կոռուպցայի տարածվածության չափը: Ոչ մի արտաքին ներդրող չի ուզենա եւ չի կարողանա գտնել իր ներդրումների համար տեղ: Եթե տնտեսությունը բաժանված է մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների միջեւ, ապա շատ դժվար է գնալ ազնիվ ճանապարհով եւ զարգացնել բիզնեսը: Նորից բոլոր բարդությունները բխում են կոռուպցիայից, եւ մարդիկ սկսում են խնդիրների լուծումներ փնտրել ոչ ֆորմալ մեթոդներով:

Որքան քիչ լինի կոռուպցիան, այնքան շատ կլինեն ներդրումները, եւ մեծ կլինի մրցակցությունը շուկայում: Կոռուպցիան խանգարում է ամեն ինչին, երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացմանը: Այդ թվում՝ այն բացասաբար է ազդում հասարակության բարոյականության վրա: Ամենից ահավորն այն է, որ երեխաները գրեթե փոքրուց տեսնում են, որ ամեն ինչ գնվում եւ վաճառվում է, եւ ամեն ինչ չափվում է դրամական միավորներով: Այսպիսի հասարակության մեջ չեն կարող տեղի ունենալ քաղաքական կամ տնտեսական էական բարեփոխումներ: Մի կողմից՝ մենք չունենք բավարար չափով զարգացած ինստիտուտներ՝ քաղաքացիական հասարակություն, դատական համակարգ, ԶԼՄ-ներ եւ այլն, եւ այս ամենը հանգեցնում է նրան, որպեսզի մեզ մոտ զարգանա կոռուպցիան: Մյուս կողմից՝ կոռուպցիայի առկայությունը կործանարար ազդեցություն է գործում ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման վրա, որոնք կարող են կանխել կոռուպցիան: Այսինքն՝ ստացվում է մի փակ շրջան, որը կարելի է քակտել ողջ հասարակության (վերեւից ներքեւ եւ ներքեւից վերեւ) իրական ցանկության առկայության դեպքում :

- Ի՞նչ առաջնահերթ քայլեր է պետք ձեռնարկել այս երեւույթի ծավալների կրճատման համար: Կարո՞ղ են, արդյոք, լինել կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ դեղատոմսեր:

- Կա միջազգային փորձ, որը ցույց է տալիս, որ խիստ կոռումպացված կառավարությունները, սթափ հաշվարկ կատարելով եւ հասկանալով, թե ինչպիսի կործանարար հետեւանքներ կարող է իրենց իսկ վրա թողնել ծաղկող կոռուպցիան, սկսել են «ներսից մաքրել»: Օրինակ` Սինգապուրը եւ Հոնկոնգը: Այստեղ սկսեցին ոչ միայն կիրառել նոր օրենքներ, այլեւ պատժել խախտողներին: Եվ ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ կհավատա եւ կսատարի հակակոռուպցիոն բարեփոխումներին, եթե տեսնի դրանք իրականացնելու` իշխանությունների վճռականությունը: Ունիվերսալ դեղատոմսեր չկան: Եվ չի կարելի պատճենել ուրիշի փորձը, քանի որ դա, միեւնույն է, դատապարտված է անհաջողության: Բայց կան ունիվերսալ կոնցեպցիաներ, նման խնդիրների լուծման մոտեցումներ, եւ հենց դրանց վրա էլ կարելի է հույս դնել: Դրանք պրեվենտիվ, պատժիչ եւ կրթական միջոցներ են, որոնք գործադրվում են միաժամանակ, ինչի մասին արդեն խոսեցի մեր զրույցի սկզբում:

Օրինակ` մեր կազմակերպությունն ուզում է ավելի շատ իր ուշադրությունը կենտրոնացնել կոնկրետ դատավարությունների վրա: Մենք ուզում ենք ստիպել աշխատել դատական համակարգին եւ կոնկրետ օրինակների վրա ցույց տալ, թե նրանում ինչը չի աշխատում: Ամենեւին էլ պետք չէ բոլորին անխտիր բանտ նստեցնել, բավարար կլինի, որ մեկին բանտարկեն, մեկ այլ կոռուպցիոները կորցնի իր աշխատանքը, կարիերա անելու հնարավորությունը եւ արժանանա հասարակական պախարակման: Պետք է, որ կոռուպցիայով զբաղվելը լինի ոչ միայն վտանգավոր, այլեւ ամոթալի: Հիմա կան հակակոռուպցիոն շատ ծրագրեր, որոնց շրջանականերում կազմակերպվում են սեմինարներ, անց են կացվում հետազոտություններ, տպագրվում են գրքեր, մշակվում առաջարկություններ: Բայց այդ ամենը բավարար չէ, եթե չկան կոռուպցիայի կոնկրետ դեպքերի բացահայտումներ եւ կոնկրետ կոռումպացված անձանց պատիժներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter