
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնում է մի շարք մարզային այցելություններ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի Հայաստանի 6 մարզերում։ Պաշտպանը և իր անձնակազմը քաղաքացիներին կընդունեն նոյեմբերի 17-ին Կապանում, նոյեմբերի 18-ին՝ Եղեգնաձորում, նոյեմբերի 22-ին՝ Գյումրիում, նոյեմբերի 24-ին՝ Իջևանում, նոյեմբերի 25-ին՝ Վանաձորում, նոյեմբերի 29-ին՝ Գավառում։
Այցելությունների իրականացմանը աջակցում է Եվրոպական միության խորհրդատվական խումբը /ԵՄԽԽ/։
Պաշտպանը նախատեսում է նաև 2012 թ. հիմնել մարզային գրասենյակներ։ Այս այցելությունների շղթան կծառայի նաև որպես այդ նախաձեռնությունն իրականացնելու նախապատրաստական փուլ, որի ընթացքում կկատարվի 6 մարզկենտրոններում բացվելիք մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչությունների համար աշխատակազմի հավաքագրում և գրասենյակային տարածքների ընտրություն։
Պաշտպանի այցի շրջանակներում կազմակերպվելու են նաև կլոր սեղաններ հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացվելու է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև Եվրոպական միության խորհրդատվական խմբի գործունեությունը։
ԵՄԽԽ ներկայացուցիչը կծավալի քննարկումներ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության վերաբերյալ՝ ներկայացնելով այդ ոլորտում ԵՄ լավագույն փորձը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցում և մեծապես աջակցում են մարզային հասարակական կազմակերպությունները, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին և ամենուրեք։
ՀՀ ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանել