HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախին օգնելու մղումը Մաշտոցի պուրակ է բերել բազմաթիվ մարդկանց

Երեկվանից Մաշտոցի պուրակը մարդաշատ է, ասեղ գցելու տեղ չկա: Բոլորը շտապում են սնունդ ու հագուստ տեղ հասցնել և մասնակցել«Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնությանը:

Շատերը գալիս են, հանձնում առաջնագիծ ուղարկելու համար նախատեսված իրերն ու միանում նախաձեռնության կազմակերպիչներին:

Երեկ եւ այսօր «Հետքը» եղել է պուրակում եւ զրուցել մարդկանց հետ:

Քաղաքացի Գայանե Ավդալյանը սնունդ էր բերել և հանձնելուն պես սկսել օգնել մյուսներին:
«Ես ինքս որոշեցի մասնակցել, օգնել ինչ-որ չնչին բանով, թեկուզ ուսանողական գրպանին հարիր գումարով: Սա մեր զինվորների համար է, ևմենք պարտավոր ենք օգնել»:

Հագուստից, հիգիենիկ պսրագաներից և սննդից բացի մարդիկ նաև գումար են հատկացրել:
«Ես գումարն եմ բերել, որովհետև այս պարագայում դա էլ է անհրաժեշտ» - նշեց քաղաքացի Տիգրանուհի Մարգարյանը:

Շատերը տեղեկացել էին «Facebook» սոցիալական ցանցից, շատերն էլ անցնելիս էին նկատել, իսկ մասնակիցներից մեկը (60-65 տարեկան), ովայդպես էլ չցանկացավ ներկայանալ, միայն նշեց.
«Պատուհանից տեսա, որոշեցի ինքս էլ մասնակցել ու հնարավորությանս չափով մի քանի բան բերեցի: Երանի միշտ այդպես միասնական լինենք:» - շնորհակալություն հայտնելով՝ արցունքոտ աչքերով հեռացավ:

Նախաձեռնողներից Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ աջակցությունը մեծ է, անհատներից բացի կարծես կան նաև կազմակերպություններ ևընկերությյուններ: «Ես չեմ հասցնում ամբողջ պրոցեսին հետևել, բայց նկատում եմ, որ շատ են «SAS» սուպերմարկետի և «Գրանդ Քենդի»խանութների տուփեր և տոպրակներ, այսինքն՝ որոշ կազմակերպություններ էլ գալիս են, իրենց օգնությունը թողնում գնում են»:

Ալիսա Սիրադեղյանը, ով սովորում է ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետում, եկել էր օգնելու: Տավուշի մարզից է և լավ ծանոթ է ոչ խաղաղ պայմաններին:

«Ես ինքս սահմանամերձ շրջանից եմ ու շատ լավ գիտակցում եմ հիմա իրենց վիճակը, ուղղակի ուզում եմ օգնել ինչ-որ բանով և ուզում եմ իմանան, որ մենք միշտ իրենց թիկունքին կանգնած ենք»,- ասաց նա:

Քաղաքացի Բադալյան Անահիտը ոչ միայն օգնություն էր բերել, այլև եկել էր օգնելու կազմակերպչական հարցերում:

«Ես ունեմ եղբայր, ով հիմա ծառայում է Լեռնային Ղարաբաղում: Նա հիմա այնտեղ Մարտակերտում է, իսկ մենք պետք է օգնենք ինչով կարողանանք: Շուտով լինելու են առաջին բուժօգնության դասընթացներ և ես մասնակցելու եմ, որ անհրաժեշտության դեպքում մեկնեմ դիրքեր և լինեմ մեր զինվորների կողքին»:

Արսենը 10 տարեկան է և եկել էր մյուսներին օգնելու. «Ես գիտեմ, որ զինվորի համար եմ եկել, եկել եմ օգնեմ, ես էլ եմ զինվոր դառնալու ու երբ 2 տարիս լրանա, մնալու եմ ու էլի ծառայեմ»:

Այսօր արդեն առանձնացված էր նաև հանգանակության արկղիկը: Ծրագրի նախաձեռնողներից Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ հանգանակություն երեկ էլ կար. «Քանի որ երեկ հանգանակություն հանձնողները շատ էին, որոշեցինք այսպես առանձնացնել, որ առձեռն տալու խնդիր չլինի: Գումարի մասին հայտարարություն եղել է, որովհետև կրկին երկու մեքենա բարձել ենք և ճանապարհածախս հաստատ պետք կգա, ինչքան էլ որ կավելանա, կփոխանցենք զինվորների կամ բնակչության հոգսերը հոգալու համար»:

Մաքսիմը հավելեց, որ ոչինչ ինքնագլուխ չի արվում, իրենք միշտ կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ի հետ, և այս նախաձեռնությունը կշարունակվի նաև վաղը' Մաշտոցի պուրակում, ժամը 16:00:

Սիլվա Մալինցյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter