
Հրանտ Բագրատյանը դեմ է այսօրվա արտաքին քաղաքականությանը. «Դրանք փափուկ են, չկշռադատված»
Ազգային ժողովն այսօր շարունակում է իր աշխատանքները: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին տեղեկացրեց, որ Ղարաբաղի սահմաններում հարաբերական անդորր է, բոլոր տարածքները գտնվում են Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության հերքո:
Վարման կարգի վերաբերյալ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց՝ իհարկե, լավ է, որ միասնական ենք, բայց ոչ մի վտանգ չի չեզոքացվել, վտանգը շարունակում է մնալ:
«Այս ամբիոնից ուզում եմ ասել, որ համաձայն չեմ մեր բարձրագույն պետական այրերի արտաքին քաղաքականության շատ էլեմենտների հետ: Դրանք փափուկ են, չկշռադատված: Մասնավորապես՝ ես կուզենայի կոչ անել ՀՀ վարչապետին հրաժարվել մասնակցել ԵՏՄ նիստից, իրավունք չունեին նրանք նիստը Երևանում չկայացնել: Հակառակը՝ մենք ծանր օրերի մեջ էինք, պետք է գային մեզ օգնեին: Չեմ հասկանում, թե դա ինչու պետք է տեղափոխվի Մոսկվա»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանը, որը մեր ներկայացուցիչն է ԵՏՄ-ում, այնտեղ է աշխատում այնքանով, որ դա մեր քվոտան է, մեր ժամկետն է, ու նույնպես առաջիկա նիստին չպետք է մասնակցի:
«Ի վերջո, հասկացեք, բարեկամներ, մի օր պետք է ո՛չ ասենք, որ մեզ հարգեն»,- ավելացրեց Հ. Բագրատյանը:
Մեկնաբանել