Լոռու մարզպետ. «Եթե հայ մարդը հնարավորություն ունի որոշակի չափով այս հայրենանվեր գործին մասնակցելու ու չի մասնակցում, նա թուրքից ոչ մի բանով չի տարբերվում»
Գայանե Սարգսյան
Լոռեցիներն Արցախին կաջակցեն «Լոռի-Արցախ» մարդասիրական հանձնախմբի միջոցով: Լոռեցիներն Արցախին կաջակցեն «Լոռի-Արցախ» մարդասիրական հանձնախմբի միջոցով: Այսօր՝ մարտի 6-ին Լոռու մարզպետարանում տարբեր գերատեսչությունների, Երկրապահ կամավորական միության, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության կառույցների, բուհերի, համայնքների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտարարեց «Լոռի-Արցախ» հանձնախմբի ստեղծման մասին:
«Բոլորս էլ գիտենք, որ հենց առաջին օրվանից Լոռու երկրապահները արագ կազմակերպեցին և մեր մարզից 100-ից ավել կամավորներ գնացին պայքարին մասնակցելու: Այսօր մարդկային ռեսուրսի կարիք մենք կարծես թե չունենք, պատրաստ է մեր բանակը…»,- նշեց նա, ներկա պայմաններում կարևորելով գումարային ու սննդի տեսքով աջակցությունն ու դրա համակարգված փոխանցումն արցախցիներին «Լոռի-Արցախի միջոցով»:
Մարզպետը նշեց, որ վերջին օրերին շատերն են դիմել մարզպետարան` խնդրելով օգնել սահման սնունդ կամ իրեր ուղարկելու հարցում: Սա հաշվի առնելով ապրիլի 6-ից Լոռու մարզի տարածաշրջանների բոլոր խոշոր համայնքներում կգործեն օգնություններ հավաքագրող, հաշվառող ենթահանձնաժողովներ: Հանձնախմբի կազմում ընդգրկված անդամները պետք է համակարգեն մարզի տարբեր տարածաշրջանների աջակցության ծրագրերը:
Այսօր ավելի ուշ մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց նաև մարզի գործարարների հետ:
«Վստահ եմ, ու Հայաստանում չկա մեկը, ով այս օրերին ապրած չլինի այն դժվարություններն ու հոգեկան ապրումները, որ յուրաքանչյուր հայ ապրեց»,- նշեց մարզպետը, նկատի ունենալով սահմանային պատերազմական իրավիճակը:
Փաստելով, որ ստեղծված իրավիճակում նույն գաղափարի շուրջ համախմբվել են ոչ միայն Հայաստանի ու Արցախի հայերը, այլև սփյուռքը, մարզպետը կարևորեց նաև լոռեցիների մասնակցությունը:
«Ինչ էլ որ անենք, անում ենք նախ մեր, հետո բանակի ու երկրի համար: Մենք ուղղակի պարտավոր ենք լոռեցու թասիբով համախմբվել ու աջակցել Արցախին: Ես ուզում եմ այս գործի կարևորությունը բոլորս քաջ գիտակցենք ու կարողանանք դա փոխանցել մյուսներին. յուրաքանչյուրիս մասնակցությունը խիստ կարևոր է: Եթե հայ մարդը հնարավորություն ունի որոշակի չափով այս հայրենավեր գործին մասնակցելու ու չի մասնակցում, նա թուրքից ոչ մի բանով չի տարբերվում»,- ասաց նա:
Հանդիմանը ներկա գործարարների թիվը չէր անցնում երեք տասնյակը: Մարզպետը նկատեց, որ ներկաներից շատ ավելի մեծ թվով տնտեսվարողներ էին հրավիրվել հանդիպմանը:
«Մեր մոտեցումը փոխվելու է այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս օրհասական պահին չեն ուզում իրենց մասնակցությունը բերեն»,- նշեց Ա. Նալբանդյանը:
Հանդիպմանը ներկա գործարարները աջակցելու պատրաստակամություն հայտնեցին:
«Ինչպես ամեն հայ մարդ, մենք ևս պետք է սատար կանգենք Արցախի բնակչությանը և մեր զինվորներին: Յուրաքանչյուր հայ պետք է կերակրի իր զինվորին, եթե մենք մեր զինվորին չկերակրենք, ստիպված պետք է լինենք կերակրել ուրիշի զինվորին»,- նշեց «Կաթնագործ» ընկերության տնօրեն Սեյրան Դերձյանը:
Նա ու ընկերները որոշել են ոչ միայն գումար ուղարկել Արցախ, այլև միավորվել ու Վանաձորից Արցախ մեկնած ազատամարտիկների ընտանիքներին տրամադրել իրենց արտադրած սննդատեսակներից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել