HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

«Դեմ-հանդիման հայտնվեցինք մեր բոլոր խնդիրների հետ»

«Հետքի» զրուցակիցն է քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը:

- Հակամարտության սրման այս օրերին Հայաստանում ի՞նչ հարցեր դուրս մնացին ուշադրությունից:

- Ես ճիշտ հակառակը կասեի: Փոքր պատերազմի այս օրերին մենք դեմ-հանդիման հայտնվեցինք մեր բոլոր խնդիրների հետ: Որքան էլ ցինիկ չհնչի, մեզ ճակատագիրը նախազգուշացում ուղարկեց: Ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջանալ, եթե Ադրբեջանը իրական պատերազմ սկսեր: Իսկ լուրջ պատերազմ չսկսեց, որովհետև աշխարհաքաղաքական դասավորությունը դա դեռևս թույլ չի տալիս: Մենք պետք է քաջություն ունենանք իրականության աչքերին ուղիղ նայելու և կեղծ հայրենասիրություն չխաղանք, հակառակ դեպքում շատ վատ է լինելու: Մենք ետ ենք մնում բոլոր հարթություններում` տնտեսական, բարոյահոգեբանական, ռազմատեխնիկական, դեմոգրաֆիկական: Ցուցակը կարելի է երկար շարունակել: Մինչ Սերժ Սարգսյանը իշխանության վերարտադրության և կոռուպցիոն համակարգի կատարելագործմամբ էր զբաղված, Ադրբեջանը շատ լուրջ ռեֆորմացրել է իր բանակը և կարելի է ասել ժամանակակից բանակ է ստեղծել` հիմնված ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների վրա: Լուրջ դիվանագիտական կառույց է ստեղծել, կոմունիկացիաների ուղղությամբ համակարգված քայլեր է անում: Շատ հասկանալի միջազգային քաղաքականություն է վարում, որտեղ հստակ նշմարվում են իր մեծ և փոքր նպատակները, որոնց մասին Ալիևը հստակ արտահայտվում է: Մեծ նպատակի մեջ է մտնում Հայաստանի, այլ ոչ միայն Արցախի կործանումը, ինչի մասին հստակ բազմիցս ասում է: Իսկ ո՞րն է Հայաստանի նպատակները, անհասկանալի է:

- Պատերազմական դրությունը ներքաղաքական կյանքում փոփոխությունների ի՞նչ պահանջներ դրեց:

- Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչու հրադադարի այս քսան տարիների ընթացքում մենք նման հետընթաց ապրեցինք: Պատճառը մեր քաղաքական, տնտեսական, հանրային կյանքի դեգրադացիան էր, որն ունի հստակ պատճառներ:Հիմնական պատճառը բարոյական անկումն է և մտքի ամլությունը: Քաղաքական կյանքի հիմքում դրվեց ցանկացած եղանակով իշխանություն պահելը, որի հետևանքով հասարակության կրիմինալ հատվածը իշխանության եկավ: Այդ խավի կյանքի նպատակը հանրային և պետական բարիքների յուրացումն է, որի հիման վրա ձևավորվել է քաղաքական թիմ: Տնտեսության մոնոպոլիզացիայի հիմքում դրված է այն դոկտրինը, որ եթե որևէ բիզնես կառույց դուրս մնա իրենց վերահսկողությունից, այն կարող է վերաճել քաղաքական գործոնի: Դա տնտեսությունը ստագնացիայի տարավ: Բանակը թաղված է կոռուպցիայի մեջ: Դիվանագիտական կորպուսի առջև որևէ քաղաքական դոկտրին և նպատակ դրված չի, որի հետևանքով այն նույնպես բարոյազուրկ կառույցի է վերածվել, իր կամազուրկ նախարարով: Այսինքն ամեն ինչ թողնված է ինքնահոսի, որի արդյունքը, մեր պայմաններում, կարող է մի քանի օրվա պատերազմի հետևանքով պետության փլուզման բերել: Մյուս կողմից հասարակությունը չկարողացավ այլընտրանքային քաղաքական կառույցներ ձևավորել: Իրական ընտրությունների բացակայության պատճառով մյուս քաղաքական կառույցների գոյությունը դարձել է ինքնանպատակ, որը չէր կարող նրանց նույնպես չդեգրադացնել:

- Լուծումների իրատեսական ի՞նչ տարբերակներ կան, որոնք արժի քննարկել, քանի դեռ հարաբերական խաղաղություն է:

- Պարզ պատասխաններ չեն կարող լինել: Այն խնդիրները, որոնց մասին խոսեցի, պետք է իրենց լուծումները ստանան: Հանրությունը պետք է ինքը ձևավորի և որպես հետևանք վստահի իշխանությանը` այսինքն պետք է պետական կառավարման համակարգի ռեֆորմացիա: Ռազմական լայնամասշտաբ ռեֆորմներ են պետք, որը անհնար է առանց տնտեսական ռեֆորմների, որը իր հերթին անհնար է առանց քաղաքական ռեֆորմների: Ես չեմ կարծում, որ գործող իշխանությունը ինքը գնա ռեֆորմների, չեմ էլ կարծում, որ փողոցում կանգնած մարդիկ կարող են այլընտրանք հանդիսանալ այս համակարգին:

- Հայաստանի իշխող վարչակարգը օգուտ քաղեց ինչպես բանակի գործողությունների արդյունքից, այնպես էլ երկրի ներսում միախմբման հնարավորությունից: Սա նույն իշխանությո՞ւնը չէր, ինչ մինչև ապրիլի 2-ը: Ի՞նչ փոխվեց իշխանության հանդեպ տրամադրություններում:

- Ես հարցը ճիշտ չեմ հասկանում: Պատերազմական իրավիճակներում մենք պետք է համախմբվենք անգամ ամենավատ իշխանության շուրջը: Դա աքսիոմա է: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Այս առումով չեմ կարող դատել օգուտների մասին: Մեր նման երկրներում, որտեղ անվտանգության հարցը համար մեկն է, պետության ռեֆորմները պայմանավորված են անվտանգության հարցերով և բնականաբար առաջին հարցը ռազմական ռեֆորմներն են: Իշխանության մոտեցումների մեջ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, չեմ կարող ասել, սակայն նրանց ինֆորմացիան ավելի մեծ է, և պետք է որ իրական վիճակի մասին ավելի լավ պատկերացումներ ունենան: Իսկ թե այնտեղ կգտնվեն մարդիկ, որոնք կհամարձակվեն Սերժ Սարգսյանի մոտ հարցադրումներ անել, կասկածում եմ:

Մեկնաբանություններ (5)

Grigor
Lriv hamadzayn em, en inch es mtacum em....
Tigran
Պր-ն Դանիելյանը խոսում է շատ ցավոտ հարցերի մասին , սակայն իմ կարծիքով ևս սա է մեր դառը իրականությունը : ՀԱՅ ազգին ծայրահեղ ծանր իրավիճակների ժամանակ միշտ ել բնորոշ է եղել համախմբումը , նամանավանդ հայրենիքին սպառնող վտանգների դեպքում : Երևի կրկնվում եմ , բայց Հայ ազգը միակն է , որ խաղաղ պայմաններում արտագաղթում է իսկ պատերազմի դեպքում ներգաղթում : Իշխանությունները սրանից լուրջ հետևություններ պետք է անեն : Նրանք ունեն ամենամեծ հիմքը , հայրենասեր և համախմբված ժողովուրդ : Շատ առաջնորդներ կերազեին ունենալ այսպիսի հասարկություն : Հանուն ազգի և հայրենիքի բարօրության ժամանակն է որ սթափվեն իշխանությունները : Այսպիսի առիթներ շատ քիչ են լինում : Աստված մեզ օգնական :
Արա Հարությունյան
Իշխանությունը բացարձակ մեկուսացած է պետական ու հանրային շահից, նա իր առջև բացի վերարտադրման խնդրից այլ հարց չի տեսնում։ և որևէ հույս կապել իշխանության հետ խելահեղություն է։ Ընդդիմությունը պետք է մեթոդապես հասկանար անելիքը։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունն էլ տգետ է քաղաքագիտական֊ տեսականում և ռեալ գործնականում։ Ելքը հենց այս պահին քաղաքական հեռուսատաժամի հատկացումն է երկրում եղած քաղաքագետներին, որոնք պարտավոր են գրաֆիկ նյութի հիման վրա մարդկանց բացատրել երկրի վիճակը, քննարկեն կատարվողը քաղաքագիատականի տեսակետից և հետադարձ կապով քննարկվեն հարցերը։ Ժամն է, որ ձայն հանողը նախապես ստուգվի, ֆիլտրվի գոնե երեք պրոֆեսսորների կողմից նոր նրան հարց տալու իրավունք շնորհվի։ Սա ընդունված գործարություն է ամբողջ աշխարհում, ոչ մի հիմար չի կարող հենց այնպես միանալ հեռուստաժամ վարողի հետ և ապուշ հարցեր տալ։ Այսինքն պետք է մշակվեն մեխանիզմներ գիտակ մարդկանց հրապարակ գալու։ Եղած հին քաղական ակտիվ աղբը պետք է դեն նետվի։ Կարծում եմ որ այդ դեպքում, ինչ որ բան հնարավոր կլինի տեղից շարժել։
Garik
100% chishe asvac der mi banel pakas , bayc asele asel , heto inch petqe lini , asenq te astvac es angamel voxormac getnvec yev prkec mer azge ( iharke mer qajari heros txaneri shnoriv ) ba heto , noric veradarnaluenq arorya kyanqin nuyn hoqsere nuyn demqere , mi guce menq bolorsenq mexavor es vichakic?
Կառլեն
Շնորհակալություն Հետքին, Էդիկին, բալորին: Այն ինչ արեցին հասարակ զինվորն ու կամավորը Նախորդ Դարի տեխնիկայով՝ ի պաշտպանություն հայրենի հողի ու ազգի, անձնազոհ հերոսություն է: Ինչու՞ նախորդ դարի... բանակի գումարները ոմանց շքեղ կյանքն են ապահովո՞ւմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter