Գրանցված արոտավայր, իրականում՝ աղբանոց
Դիանա Ղազարյան
Արարատի մարզի բնակիչներին այս տարածքը առավել հայտնի է Բելազի փոսեր անվանումով: Սարերի միջև գտնվող այս աղբանոցը քամու «միջնորդությամբ» տարածքի ողջ երկայնքով է տարածել այստեղ բերվող կենցաղային աղբերը: Մեր նկարահաման ժամանակ մի տղամարդ այդ աղբի միջից պլաստմասե իրեր էր տեղավորում մեքենայի բեռնախցիկում, իսկ նրանից մի քանի մետր հեռավորության վրա կրակ էր բռնկված: Տղամարդը, ով այդպես էլ չներկայացավ, նշեց որ տեղյակ չէ՝ ով է կրակը վառել, բայց համոզված է, որ ոմանք այդ աղբը բերել են և հեռանալիս էլ այրել: «Որտեղից հասավ աղբը՝ բերում, ստեղ որտեղ պահատի լցնում են: Միշտ էլ սենց աղբաշատ ա լինում: Չնայած տեսել եմ, որ տարածքի աղբը տրակտորով կուտակում են»,- նշեց նա: Դժվարացավ մտաբերել, թե վերջին անգամ այս տարածքը մաքուր երբ է տեսել:

Այս տարաքը ընդգրկված է Սուրենավան համայնքի կազմում: Ինչպես նշում է համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը, Բելազի փոսերը անցած տարի են հատկացրել այս համայնքին, նախկինում դրանք Արարատ գյուղի վարչական տարածքում են եղել: «Մեզ մոտ այս տարածքը գրանցված է որպես արոտավայր: Բայց հազար տարի է՝ դա որպես արոտավայր չի օգտագործվում: Մինչ մեզ փոխանցելը, գիտեինք այդ տարածքը Արարատ գյուղի աղբանոցներն էին: Հետո որ իմացանք մերն ա, էլ չենք թույլատրում աղբ էդտեղ թափեն»,- նշում է Կարապետյանը:

Դեռևս տարածքը մաքրելու քայլեր չեն ձեռնարկվում: Համայնքի ղեկավարը հավաստիացնում է՝այս պահին այդքան ֆինասական միջոցներ չունեն, որ այդ մեծամասշտաբ տարածքի ողջ աղբը դուրս բերեն, քանի որ, ինչպես ինքն է մտաբերում, այնտեղ կուտակված է աղբ Խորհրդային Միության տարիներից: Կարապետյանը միակ լուծում է համարում մարդկանց՝ այնտեղ աղբ լցնելն արգելելը: Անցած տարվանից, Կարապետյանի հրահանգով այդ տարածք աղբ չի բերվում, զգուշացրել է՝ տարածքը չաղտոտնեն: Սակայն նշում է, որ չի կարող ամեն վայրկյան այնտեղ կանգնել՝ չթույլատրելով աղբը այդտեղ գցեն: Վերջին անգամ Բելազի փոսերում քսան օր առաջ է եղել և նոր բերված աղբ չի տեսել:

Լուսանկարները՝ Հերմինե Վիրաբյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել