HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թալիշ գյուղի մոտ վիրավորված զինծառայող Հրայր Բաղդասարյանը դուրս է եկել կոմայից

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան (գ. Թալիշ) սահմանային գոտում վիրավորված պարտադիր ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը, որը գտնվում է Մուրացանի հոսպիտալում, դուրս է եկել կոմայից։ Նրա մայրը՝ Սեդա Գաբրիելյանը, հասցրել է առավոտյան մեկ րոպեով տեսնել որդուն։

«Մինչ էսօր թույլ չէին տալիս տեսնել, որ կոմայից դուրս է եկել մեկ րոպեով մտա մոտը։ Բուժքույրը հարցրեց՝ ճանաչո՞ւմ ես, ինքն էլ հազիվ ժպտաց, դեմքի արտահայտությունից հասկացանք, որ ճանաչել է։ Ես ուրախությունից խառնված չեմ էլ հարցրել, թե երբ է դուրս եկել կոմայից»։

Ծառայության ընթացքում Հրայրը մեկ անգամ էլ է վիրավորվել ու 3 ամիս պառկել Մարտունիի հոսպիտալում, բայց այդ մասին ընտանիքի անդամներից ոչ մեկը չի իմացել։

«Սա առաջին դեպքը չի. օգոստոսի դեպքերի ժամանակ էլի վիրավորվել է, 3 ամիս պառկել, ու մենք չենք էլ իմացել, ոչինչ չի ասել։ Զանգել է մեկ-մեկ, բայց ասել է, որ լավ է ամեն ինչ։ Հետո, երբ տուն եկավ, կրծքավանդակի վրա՝ ձախ կրծքի մոտ, սպի կար, հարցրի, ասեց, թե բան չկա, թեթև քերծվածքներ է եղել, փոքր բեկոր, ինքն էլ ձեռքով քաշել-հանել է։ Բայց դե հետո իմացանք, որ պառկած է եղել հոսպիտալում։ Հիմա էլ երկու օր հետո ենք իմացել, որ էստեղ է կոմայի մեջ»,-պատմեց տիկին Սեդան։

Տիկին Սեդան դեռ չէր հասցրել խոսել բժիշկներից որևէ մեկի հետ որդու վիճակի մասին, որովհետև բոլորը զբաղված էին նոր հիվանդներով։

Սիլվա Մալինցյան,

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter