
Հայկական կողմն ունի 36 զոհ, 122 վիրավոր, 21 ահետ կորած
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնեց, որ ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, ճշտված տվյալների համաձայն, հայկական կողմը տվել է 36 զոհ (9 սպա, ենթասպա, 27 սերժանտ, շարքային, պայմանագրային) եւ 122 վիրավոր (24 սպա, ենթասպա, 98 սերժանտ, շարքային, պայմանագրային):
ՊԲ ներկայացուցիչը նշեց, որ այսօր ՊԲ-ն ունեցել է 1 վիրավոր, ինչով էլ պայմանավորված է նախորդ օրվա 121 թվի ավելացումը: Իսկ երեկ նշված 32 զոհի թիվն էլ դարձել է 36, քանի որ գտնվել է անհետ կորած 25 հոգուց 4-ի մարմինը: Ըստ Առուստամյանի՝ անետ կորածներին գտնելու ուղղությամբ տարվում են որոնողական աշխատանքներ: Բանախոսը նշեց, որ եթե հայկական կողմն ունենա գերիներ, ապա բանակցություններ կտարվեն՝ նրանց վերադարձնելու համար: Նա նաեւ նշեց, որ իրավասու չէ պատասխանել՝ ՊԲ-ն արդյո՞ք ունի գերիներ ադրբեջանական կողմից, թե՞ ոչ:
Այսօր ՊԲ-ն խոցել է թշնամու եւս մեկ անօդաչու, որի մասին արդեն հաղորդագրություն է տարածվել: Առուստամյանը հայտնեց, որ թշնամու կորուստների մասին ինֆորմացիան իրենք հավաքում են տարբեր աղբյուրներից, որոնք շատ են, եւ առայժմ թվերը ճշտվում են, որոնք, սակայն, բավականին մեծ են:
Մեկնաբանել