ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր, ստորագրել են մի շարք փաստաթղթեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:
Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀՀ վարչապետը ողջունել է ՌԴ կառավարության նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու հրավերն ընդունելու համար:
«Ձեր պաշտոնական այցը լավ հնարավորություն է՝ ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգին, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Պետք է նշեմ, որ ապրիլին 8-ին Երևանում պլանավորված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն առանց լուրջ հիմնավորումների վերջին պահին նախագահող երկրի կողմից առաջարկվել է տեղափոխել: Կցանկանայի ընդգծել, որ մենք անընդունելի ենք համարում նման աշխատաոճը: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ակնկալում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում ձեռք կբերվեն կարևոր պայմանավորվածություններ, որոնց իրագործումն էապես կհարստացնի հայ-ռուսական համագործակցությունը:
Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը հետևողականորեն զարգանում է քաղաքական, ռազմատեխնիկական, էներգետիկ և հումանիտար բնագավառներում: Վերջին մեկուկես տարում երկկողմ իրավապայմանագրային դաշտը հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային փաստաթղթերով: Անցած տարի նոյեմբերին հաջող անցկացվել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովը:
Մենք մտադիր ենք շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ և քայլեր ձեռնարկել՝ վերոնշյալ նպատակների իրագործման, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ շրջանակում գործակցությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, նախապես մշակված սցենարի համաձայն, լայնամասշտաբ մարտական գործողություններ է սկսել՝ սպառազինությունների ողջ համալիրի, այդ թվում՝ T-90 տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, ТОС-1А ծանր կրականետային համակարգերի և օդուժի կիրառմամբ: Բազմիցս զենք է կիրառվել նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ:
Նման մասշտաբի գործողություններ չէին ծավալվել 1994 թ. հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ի դրությամբ գործում է հրադադարի պահպանման պայմանավորվածություն, բայց ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, կրակում է այդ թվում նաև խոշոր տրամաչափի զենքերից, գործի է դնում հետախուզա-դիվերսիոն խմբեր:
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն իրականացնել իր պարտականությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս հրադադարի ռեժիմի պահպանմանը»:
Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել Հայաստան: «Մենք վաղուց էինք պլանավորել կառավարական պատվիրակության պաշտոնական այցը, որն արտացոլում է մեր՝ հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները: Հուսով ենք, որ կընդունվեն որոշումներ մի շարք ուղղություններով, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել: Ստորագրման են նախապատրաստվել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են տիեզերական տարածության օգտագործմանը, բնակարանային-կոմունալ ոլորտին, շրջակա միջավայրի պաշտպանությանը, բժշկասանիտարական հսկողությանը, միջտարածաշրջանային կապերին: Հենց նոր մենք գործնականում պայմանավորվածություն ձեռք բերեցինք նաև գազի հարցի շուրջ: Հուսով եմ, որ այդ որոշումները կօգնեն Հայաստանին զարգանալ, իսկ մեզ՝ շարունակել ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը:
Դուք հիշատակեցիք այս շաբաթ Երևանում չկայացած՝ Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստը: Այո, նման տեղափոխություն տեղի է ունեցել, մեր գործընկերները դիմել են նման առաջարկով: Հասկանում եմ, որ հայկական կողմը պատրաստվում էր, և նմանատիպ տեղափոխությունները երբեք դրական էմոցիաներ չեն առաջացնում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք, նախ և առաջ, լիովին կարող ենք գոյություն ունեցող հիմնական հարցերը քննարկել Մոսկվայում հանդիպման ժամանակ, եթե Դուք ընդունեք մեր հրավերը, առավել ևս, որ հարցեր են կուտակվել, կես տարի այդ հանդիպումները չեն անցկացվել:
Երկրորդը՝ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հաջորդ նիստն առանց որևէ հետաձգումների անցկացնել Երևանում (մենք պայմանավորվել ենք հաճախ հանդիպել, ամիսը կամ երկու ամիսը մեկ անգամ):
Իսկ այդ տեղափոխության պատճառները բավական հասկանալի են, որովհետև տեղի ունեցածն, անկասկած, բավական բարդ իրավիճակ է ստեղծում, և նաև դրա հետ է կապված իմ այցը: Կան մի շարք հարցեր, որոնք նախատեսում եմ քննարկել Ձեզ հետ, Հայաստանի Հանրապետության նախագահի հետ. դրանք խնդրի կարգավորմանը և երկխոսության շարունակությանը վերաբերող հարցերն են:
Մենք բավական ժամանակ ենք ծախսել, որպեսզի այդ երկխոսությունն ինտենսիվանա: Այն, ինչ տեղի ունեցավ, աննախադեպ իրավիճակ է 1994 թվականից ի վեր: Դա մեզ մղում է փնտրելու հնարավոր լուծումներ՝ գլխավորապես ուղղված խաղաղության, այն պայմանավորվածությունների պահպանմանը, որոնք ձեռք են բերվել այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Հիմա ամենակարևորը խաղաղության պահպանումն է և հաղորդակցության հնարավորությունը: Կարող եք չկասկածել, որ այդ հարցով Ռուսաստանը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը»:
ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար, կրթության, մշակույթի, ավիացիայի ոլորտներում գործակցության խորացման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցի շուրջ, որի վերաբերյալ արձանագրությունն ստորագրվել է հանդիպումից հետո:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը և առևտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում կողմերը կարևորել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և կանոնավոր հանդիպումները:
Ապրանքաշրջանառության ծավալի աճի առումով երկուստեք ընդգծվել է նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը: Այնուհետև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը զեկուցել է նիստերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի և աշխատանքների վերաբերյալ:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը համակարծիք են եղել, որ այսօր ՀՀ կառավարությունում նախատեսված մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ կընդլայնվի երկկողմ իրավապայմանագրային դաշտը, որն էլ հնարավորություն կտա խորացնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության ընդլայնմանը և ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված ջանքերը:
Երեկոյան ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պաշտոնական պատվիրակության պատվին ՀՀ վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
Ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր:
Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարարության միջև ստորագրվել է քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության և բնակ-կոմունալ տնտեսության բնագավառներում համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՌԴ քաղաքաշինության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը:
ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության միջև միջազգային բժշկասանիտարական կանոնների իրագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՌԴ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյը ստորագրել են երկու գերատեսչությունների միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջև կնքվել է համագործակցության և փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի 1-ին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:
Ստորագրվել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր, որը ստորագրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը:
Երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը և Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության ռուսական գործակալություն ԲԸ գլխավոր տնօրեն Ալեկսեյ Տյուպանովը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի N 02-13-04 պայմանագրին կից լրացում կատարելու փաստաթուղթը ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:
ՀՀ և ՌԴ վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Եվս մեկ անգամ ողջունում եմ ՌԴ կառավարության նախագահ պարոն Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի և նրա գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ հարգարժան պարոն Մեդվեդևի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Մենք քննարկեցինք ինչպես հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ նախանշելով մոտ ապագայում մեր գործընկերության հիմնական ուղղություններն ու խնդիրները:
Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելը: Քննարկեցինք նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այնպիսի ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են էկոնոմիկան, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, հումանիտար համագործակցությունը, կրթությունը, մշակույթը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը, որն այսօր համալրվեց ստորագրված նոր փաստաթղթերով: Մանրամասն քննարկեցինք Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ: Հատուկ ընդգծվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պարբերաբար նիստերի գումարման անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցներից մեկն է:
Երկուստեք ընդգծվեց նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը:
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան ինչպես միշտ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն, հաջողությամբ կյանքի կկոչվեն:
Իսկ հիմա, կցանկանայի խոսքը փոխանցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Խնդրեմ, պարոն Մեդվեդև»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև. «Ցանկանում եմ նշել, որ բանակցություններն իմ գործընկեր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես միշտ, կայացան ջերմ և բարեկամական մթնոլորտում: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, խոսեցինք Եվրասիական ինտեգրման ամրապնդման հեռանկարի մասին: Այս ինտեգրացիային ոչինչ չպետք է խանգարի, անգամ այս կամ այն հանդիպումները տեղափոխելու դեպքում: Պայմանավորվեցինք, որ մոտ ապագայում ևս կհանդիպենք՝ քննարկելու ամեն ինչ: Այնուամենայնիվ, հիմնական բանակցությունների գլխավոր թեման Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերն էին: Չնայած համաշխարհային ոչ բարենպաստ միջավայրին, մեզ մոտ համագործակցության ոչ վատ դինամիկա կա: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին առևտրատնտեսական հիմնական գործընկերը: Առևտրաշրջանառության ծավալն ավելի քան 1 մլրդ 250 հազար դոլար է կազմում. անկումը պայմանավորված է մեր երկրների միջև շրջանառվող ապրանքների գների տատանումով, այլ ոչ թե ֆիզիկական ծավալների նվազեցմամբ, որն ավելի կարևոր է:
Ռուսական կապիտալի ընդհանուր ծավալը, ինչպես նախկինում, մնում է նույնը'4 մլրդ դոլարի սահմաններում: Հայաստանում գործում է ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն: Մենք գտնում ենք, որ դա դրական է, սակայն ամենևին էլ առավելագույնը չէ: Հենց նոր ստորագրվեցին համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնց մասին իմ գործընկերն ասաց: Դրանք վերաբերում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են՝ տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման, բնակ-կոմունալ տնտեսության, բնապահպանության, առողջասանիտարական հսկողության և միջտարածաշրջանային համագործակցությանը: Մենք նաև պայմանավորվեցինք էներգետիկ ոլորտի հարցերի շուրջ, այդ թվում՝ գազի առաքման մասով, ինչը չափազանց կարևոր է Հայաստանում էլեկտրաօգտագործման սպառման, կայունության ապահովման, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի զարգացման համար: Սկսվել է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը: Սովորաբար այդ ծրագրերի իրականացումը երկար է տևում, սակայն մենք Հայաստանում նախատեսում ենք այն իրականացնել 5 տարվա ընթացքում:
Ընթացիկ տարվա փետրվարի 1-ից աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որի նախագահությունը մոտակա չորս տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետը: Չնայած ներքին տնտեսական դժվարին իրավիճակին, մենք պետք է առավելագույնս բացահայտենք Եվրասիական միության տնտեսական ներուժը, ինչի մասին ևս խոսել ենք: Հաշվի առնելով ընդունված որոշումները՝ համապատասխան միջոցառումը հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխելու մասին, պայմանավորվել ենք, որ Եվրասիական միության կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը կարճ ժամկետում կանցկացվի Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր: Իհարկե, մեզ միավորում է ոչ միայն առևտրատնտեսական համագործակցությունը, այլև մշակութային, պատմական հարաբերությունները, հումանիտար կապերը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ռուսաց լեզի տարածմանը, դա այն լեզուն է, որը մեր երկու երկրներին է կապում: Կցանկանայի, որ նման բնույթի հարաբերությունները շարունակվեն նաև ապագայում: Մենք պայմանավորվել ենք հետագայում ևս ամրապնդել հումանիտար-մշակութային համագործակցությունն այն ուղղություններով, որոնք արդեն գոյություն ունեն. դա երիտասարդների կրթության, համալսարանների միջև փորձի փոխանակումն է: Նաև քննարկել ենք ևս մեկ թեմա, որը վերաբերում է հայ գործընկերների առաջարկությանը՝ Հայաստան այցերի համար Ռուսաստանի ներքին անձնագրի օգտագործման մասին: Նման նախաձեռնությունը վկայում է մեր ժողովուրդների հարաբերությունների յուրահատկության մասին, և մենք, իհարկե, պատրաստ ենք, որպեսզի այդ նախաձեռնությունն իրականանա: Իհարկե, մենք այսօր չէինք կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրավիճակը: Ես այն քննարկել եմ վարչապետի հետ, երեկոյան ծրագրում եմ քննարկել նաև հանրապետության Նախագահի հետ: Այդ իրավիճակն անկասկած մեզ լուրջ մտահոգում է: Հույս ունենք, որ կպահպանվի հրադադարի ռեժիմը և կվերսկսվի քաղաքական գործընթացը:
Շատ բան է արվել, որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, որպեսզի չզոհվեն մարդիկ, ենթակառուցվածքները չփլուզվեն: Ռուսաստանը հետագայում ևս պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, օգտագործել մեր ազդեցությունը համապատասխան գործընթացների շրջանակում: Այն մեխանիզմը, որն առկա է, այլընտրանք չունի, նրա լրազորություններն ամրագրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի կողմից: Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ ամենակարևորը հակամարտության թեժացման բացառումն է, քանի որ դա կարող է բերել ամենաողբերգական հետևանքների տարածաշրջանի համար: Այդ հարցի քննարկումն անկասկած կշարունակվի:
Վերջում կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ շնորհակալ եմ հայ գործընկերոջս՝ հրավերի, հիանալի մթնոլորտի համար: Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք տեղի ունեցած բանակցությունների ընթացքից, վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել մեր համագործակցությունը, այն ավելի փոխշահավետ և հաջողակ դարձնել: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հուսալի գործընկերը և բարեկամը: Շնորհակալություն ուշադրության համար»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել