HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Թիկնապահը ժողովրդի մոտ չպետք է վախ առաջացնի ու լինի «էշի տղա»»

Սափրագլուխ, հաղթանդամ, «հաստավիզ» թիկնապահների պահանջը միայն Հայաստանում է, իսկ զարգացած երկրներում  ուշադրություն են դարձնում ոչ թե թիկնապահի մարմնի չափերին ու սարսափազդու հայացքին, այլ որ նա լինի կրթված, հանգիստ, կոկիկ, արտաքնապես վախ չառաջացնող եւ լինի լավ մարզավիճակում: Այս մասին «Հետքի»  հետ զրույցում ասաց «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը:

Ըստ նրա` թիկնապահի զենքը չպետք է երեւա, եւ նա չպետք է ժողովրդի մոտ վախ առաջացնի ու լինի «էշի տղա»: «Մերոնք ցուցամոլ են, հայ ազգի մասին է խոսքը, որովհետեւ ոչինչ չենք տեսել ընդհանրապես: Ծառերից առաջինն ենք իջել, կապիկից մարդ դարձել, չոբան ենք եղել, քարեր ենք շպրտել, մեր արյան մեջ դա կա: Հետո, երբ լավ բան ենք տեսնում, ուզում ենք պարտադիր ցուցամոլ երեւանք, թե մենք էլ կարող ենք սա անել, մենք ինչքան լավն ենք եւ այլն: Բայց նոր զարգացող ազգերը, որոնք մեզանից հետո են առաջացել, հիմա համարվում են ավելի ճիշտ մարդիկ, խոսքս եվրոպացիների մասին է»,-ավելացրեց Արսեն Դավթյանը:

«Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրենը, խոսելով Հայաստանում թիկնապահների վարձատրության մասին, ասաց, թե այն տարբեր գին ունի: ««Դոդի գլուխներին» կարող եք 50.000 դրամով էլ վարձել, իսկ նորմալ թիկնապահը, որը գիտելիքներով հարուստ է, զարգացած է, էթիկայի նորմերին առաջնային տեղ է տալիս, եւ այլն, թանկ հաճույք է»,-նշում է Ա. Դավթյանը:

Վերջինս կարեւորում է թիկնապահների ճիշտ վարվելաձեւը` սովորական քայլելուց մինչեւ հաց ուտելը: Հայաստանում կիրթ թիկնապահների վարձատրության չափը սկսվում է 150.000 դրամից մինչեւ 350.000 դրամ: Իսկ Եվրոպայում մի քանի տարի առաջ 1500 եվրո է եղել, այժմ` 900-1000 եվրոյից մինչեւ 8-9 հազար եվրո:

Նշենք, որ Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պետք է կարգավորի ոլորտը: Արսեն Դավթյանն ասաց, որ նախագծին արդեն ծանոթ է 3 տարի, քանի որ վաղուց էր այն մշակվել:

Նա Ազգային ժողովում ելույթ է ունեցել եւ ներկայացրել է իր դիտողությունները նախագծի վերաբերյալ: «Թիկնազորային կառույցը չի կարող միանալ ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը: Ինքն առանձին կառույց է եւ միասին չի կարող լինել, կոպիտ ասած` թիկնապահները գործ տվողներ չեն: Հարուստ մարդը, կամ քաղաքացին, որը թիկնապահ պահելու հնարավորություն ունի, չի ցանկանա, որ իր վարձած թիկնապահն աշխատի ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում կամ պաշտպանության նախարարությունում»,-նշում է Ա. Դավթյանը:

Ակադեմիայի տնօրենի խոսքերով` ոչ մի գործատու չի ցանկանում, որ իր տվյալները թիկնապահը ներկայացնի ոստիկանությանը կամ ազգային անվտանգության մարմիններին, բացի ՀՀ նախագահից, Ազգային ժողովի նախագահից ու վարչապետից:

«Ես Եվրոպայից եմ եկել, այնտեղ անհատ թիկնապահն իրավունք չունի ազգային անվտանգության կամ ոստիկանության աշխատակից լինել, իսկ մեր այդ նախագծով թիկնապահները համարվում են այդ մարմինների աշխատակիցներ»,-ավելացրեց Արսեն Դավթյանը:

Նշենք, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով թիկնապահի եւ պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու եւ թիկնապահական եւ պահնորդական  գործառույթներ իրականացնելու (այդ թվում` զենքի  օգտագործմամբ  եւ հատուկ միջոցների գործադրմամբ) իրավունք ունեն 25 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում:

Թիկնապահի եւ պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու եւ թիկնապահական եւ պահնորդական  գործառույթ  իրականացնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր խուuափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ իրականացնելիս իրավունք կունենա օգտագործել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ, պահնորդական շներ: Յուրաքանչյուր մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող  հատուկ միջոցների  քանակը  սահմանվելու է ոստիկանության պետի հրամանով`  հիմք  ընդունելով հատուկ միջոցների գործադրման պատրաստություն անցած պահնորդների (թիկնապահների) թիվը:

Պաշտպանվող յուրաքանչյուր անձի կարող է ուղեկցել միայն մեկ տրանսպորտային միջոց եւ երեքից ոչ ավելի թիկնապահ, այդ թվում` վարորդ- թիկնապահը:

Ըստ նախագծի` թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավունք չունի մատուցել թիկնապահական կամ պահնորդական ծառայություն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց:

Նախատեսվում է, որ այս նախագիծը ԱԺ-ում քննարկվելու է վաղը: Թե ի՞նչ դիրքորոշում կհայտնեն թիկնապահների ծառայություններից օգտվող պատգամավորներն` առայժմ պարզ չէ:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հաստավիզ վախ առաջացնող թիկնապահը հիվանդության ՄԻԱՅՆ սիմպտոմն է:ԲՈՒՆ հիվանդությունը երկրում ընդհանուր ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՆ է.այսինքն,քաղաքացին պետությանը Չի տեսնում որպես իր պաշտպանի,այլ ընդհակառակը:Լուծումը ՄԻՇՏ 2 -ն է լինում. ԿԱՄ հեղափոխություն/հեղաշրջում,ԿԱՄ երկրի տարալուծում/անկում/մասնատում/վերացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter