
«Հետքի» հրապարակման հիման վրա ԹԻՀԿ-ն դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
Այսօր՝ ապրիլի 8-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և ուսումնասիրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը:
Հիշեցնենք, որ «Հետք» էլեկտրոնային թերթը ս.թ. ապրիլի 4-ի համարում հրապարակել է «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեցարական բանկերում» վերտառությամբ հոդվածը, որն անդրադառնում է Միհրան Պողոսյանի՝ օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես վարելուն, իր պաշտոնը սեփական բիզնեսի զարգացման համար օգտագործելուն և եկամուտները թաքցնելուն:
Հրապարակման հիման վրա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում իր նախաձեռնությամբ վարույթ չի հարուցել՝ պատճառաբանելով համապատասխան դիմումի բացակայությունը:
Չկիսելով իրավական կարգավորումների վերաբերյալ հանձնաժողովի հայտնած տեսակետը՝ ԹԻՀԿ-ն, այդուհանդերձ, հանդես բերելով նախաձեռնողականություն՝ ապրիլի 8-ին ներկայացրել է համապատասխան դիմումը, որպեսզի հրապարակումն անհետևանք չմնա՝ հարուցվի վարույթ և ուսումնասիրվեն հրապարակման մեջ բերված բոլոր փաստերը: Այս մասին հայտնում է հակակոռուպցիոն կենտրոնը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել