HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական պետականության հետքերով. արցախյան շեշտադրումներ

Արթուր Գրիգորյան 

Շատ մեծ ասելիք է կուտակվել, որ պետք է նորից մասերի բաժանել: Արցախյան այս երկրորդ պատերազմը ինքնաբուխ խթան է ոչ թե ապրիորի «փիլիսոփայելու», այլ մտքերը կոնկրետ իրավիճակների վրա պրոյեկտելու, հետևությունները արցախյան իրողությունների պրիզմայի միջով ներկայացնելու համար: Այստեղ չկան պատրաստի դեղատոմսեր, օբյեկտիվ ճշմարտություններ. պատերազմ է, բոլորի ընկալումներն են սուբյեկտիվ ու յուրաքանչյուրն իր դիրքերից ճիշտ է: Թող ինձ ներվի մի քանի խիստ սուբյեկտիվ շեշտադրումներ կատարել՝ ղարաբաղյան իրողությունների համատեքստում՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը դիտարկելով որպես հայերի քաղաքական պետականության հարատև գոյության երաշխիք կամ չգոյության ցուցիչ:

Սրընթաց զարգացող գործընթացները վկայում են, որ երկրի քաղաքական իշխանությունը ժողովրդին համախմբող հեղինակություն չէ և չունի այդպիսին լինելու ներուժ, և գուցե պատմական պատեհություն է, որ հենց հանրությունը ձևակերպի իր քաղաքական առաջնահերթությունները: Հայաստանի դե ֆակտո իշխանության իռացիոնալ, պաթետիկ, կրոնահայրենասիրական դատարկության մեջ հանրությունը միակ իրական համակարգաստեղծ միավորն է դարձել, որն էլ հենց հիմա՝ համազգային ոգեշնչման այս ինքնաբուխ պատեհությունը պետք է օգտագործի քաղաքական պետականության կերտման դոկտրինը մշակելու համար: Այս ասելով՝ բնավ իմ նպատակը չէ հերթական անգամ ապացուցել մեր իշխանությունների ոչ մի բան լինելու մասին ճշմարտությունը․ խնդիր կա հասկանալ, թե ինչ կա դրանից այն կողմ, դրանից հետո, ռացիոնալ քաղաքականության դիտանկյունից ձևակերպել իրողությունների տրամաբանությունը: Ի վերջո, այս նոր իրավիճակում բոլոր արժեքավոր գործընթացները տեղի են ունենում այդ նույն քաղաքական իշխանությունների կամքից անկախ, նրանց վերահսկողությունից դուրս, նրանց որոշելիքից անդին: Պարադոքս է, բայց իշխանությունն այժմ իսկապես պատկանում է ժողովրդին, ու ժողովուրդը երբեև ավելի մեծ հնարավորություն չի ունեցել անմիջականորեն մասնակցել երկրի կառավարմանը, քան հիմա:

Ճշմարտության ու ճշմարտության միջև

Մեր տեխնոլոգիական դարում ինձ համար ամենամեծ մարտահրավերը, թերևս, իրավիճակների ներքին տրամաբանությունը հասկանալն է: Անսահման տափակ ճշմարտությունների այս չդադարող հոսքում, իրականությունն ինձ համար ոչ թե դրանց միջակայքն է, այլ դրանցից դուրս գտնվող իրողությունը, որը պետք է ձևակերպվի ռացիոնալ դատողությունների ու դրանցից բխող տրամաբանական մտահանգումների միջոցով՝ ոչ մի դեպքում հարթակը չզիջելով սնամեջ հուզականությանը: Գիտակից միտքը խեղդող, զզվելի այս պաթոսը շատ ավելի արագ կարող է դատարկել, գահավիժեցնել համազգային համախմբումից առաջացած այս համընդհանուր ոգևորությունը, եթե օդում ճախրող հրճվանքը չիմաստավորվի ռացիոնալ հիմքեր ունեցող, համակարգային կոնցեպտներով: Ու քանի որ այդ առաքելությունը պատկանում է հանրությանը, մեր խնդիրն է ոչ թե հոգնեցրած ճշմարտություններով միմյանց հեգնել կամ փորձել ծայրահեղությունները միջինացնել, այլ մտածել, գտնել ու հստակ, բանականորեն ձևակերպել գործընթացների ներքին տրամաբանությունն ուրվագծող ուղենիշային կետերը:

Ընկերներիցս մեկն ասում էր, որ քանի դեռ միտքը հստակ չի ձևակերպվել, այն գոյություն չունի: Ձևակերպելուց հետո միայն գաղափարները կարելի է վերածել դոկտրինների, քաղաքականությունների կամ ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի ու մնացած մեծապատիվ անողնաշարավորների «ռեզալյուցիաների»: Որքան էլ ամրագրենք հերթական ճշմարտությունն առ այն, որ միջազգային հանրության կազմում մենք դաշնակիցներ չունենք, չպետք է ընկնենք մեկ այլ «ճշմարտության» ճիրանների մեջ՝ իբր ամբողջ աշխարհը մեր դեմ է՝ մնալով համաշխարհային ազգի ու «էսի ազգ չի»-ի միջակայքերում: Այս վայրիվերումներն ուղղակի ցուցիչ են, որ մենք ինչ-որ բան ճիշտ չենք հասկանում: Պետք չէ մեզ պատեպատ տալ, գուցե պետք է այլ կերպ մտածել, գտնել ներքին տրամաբանություն, որը  թույլ կտա հասկանալ գործընթացների օրինաչափությունները և դատողություններ անելիս գոնե մտքում ունենալ մի քանի ելակետեր:

Այսօրվա ասելիքը շատ չընդհանրացնելու համար փորձեմ ձևակերպել խիստ սուբյեկտիվ՝ անձնական ու պարզունակ մի միտք, որը չի հավակնում հակազդել խորը աշխարհաքաղաքական-համամարդկային-վերլուծական ճշմարտությունները: Ըստ իս, Արցախի անվտանգությունը, այդ տարածքում հայերի բնակությունն ուղղակի երաշխիք է Հայաստանի պետականության պահպանման համար, իսկ դրա կորուստն անխուսափելիորեն կբերի հայերի ցեղասպանության և հայկական պետության վերացման:

Իմ սուբյեկտիվ ճշմարտությունը շատ պարզունակ է՝ թեկուզ բացառման սկզբունքով ձևակերպել այն նվազագույն շրջանակը, որն անհրաժեշտ է Հայաստանում քաղաքական պետականության գոյատևման համար: Քաղաքական պետականությունն էլ պատահական չեմ սահմանել. այլ պետությունների կազում ևս հնարավոր է գոյատևել՝ նույնիսկ Թուրքիայում կան բազմաթիվ հայեր, ովքեր շարունակում են ապրել, բայց չգիտես ինչու հիմա էլ քրդերն են ոտքի կանգնել ու հազարավոր զոհեր տալով՝ տասնամյակներ շարունակ պայքարում են, նույն այդ Թուրքիայից դուրս պետականություն են ուզում ունենալ: Տեսնես՝ ինչո՞ւ: Կարծում եմ՝ որովհետև մշակութային ինքնություն ունեցող ցանկացած ժողովուրդ ուզում է ինքնորոշվել, ինչն ինքնանպատակ չէ, այլ վերջին հաշվով միտված է սեփական հանրային շահերը, հանրային բարիքը ձևակերպելուն ու պաշտպանելուն:

Հայաստանի քաղաքական պետականությունը կվերանա հայերի երկրորդ ցեղասպանությամբ

Միջազգային հանրության կարևորության, նրա անունից տարբեր լոբբիստական, ասել է թե՝ կոռուպցիոն հենքի վրա գործող կառույցների կողմից տարվող գործընթացների ներքին տրամաբանության մասին կխոսեմ հաջորդ անգամ: Այժմ շեշտադրեմ միայն, որ այդ «քաղաքակիրթ հանրությունը» ոչ թե ժամանակին հանդուրժել է հայերի ցեղասպանությունը, այլ հենց հիմա՝ հումանիզմի ու միջազգային հումանիտար իրավունքի այս դարում, հետևողականորեն տանում է հայերի հերթական ցեղասպանության: Ու կրկին՝ ոչ թե նրանք մեզ ատում են, այլ միգուցե մենք, աղոթքով տարված, ժամանակ չունենք մտածելու և հասկանալու, թե ինչ լեզվով է պետք խոսել այդ «վայրի արջի ցեղերի հետ»: Չեք հավատա, բայց նրանց իսկ լեզվով ասած՝ ժամանակակից Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքական գործընթացը փաստացիորեն ոչ այլ ինչ է, քան Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ցեղասպանության անմիջական սպառնալիք, քանի որ նույն այդ միջազգային իրավունքի համաձայն՝ ցաղասպանությունը կամ դրան հավասարեցված՝ ցեղասպանության սպառնալիքը ոչ միայն որևէ էթնոսի ֆիզիկական բնաջնջումն է, այլև մի շարք այլ գործողություններ, որոնցից շատերն արդեն իսկ արել են մեր հարևան պետությունների քաղաքական իշխանությունները:

Միջազգային հանրության անունից հանդես եկողների լեզվով ասած՝ «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքների» հանձնումը ոչ այլ ինչ է, քան այնտեղ բնակվող էթնիկ հայերի ցեղասպանության իրական սպառնալիք, քանի որ ինչպես Հրանտ Դինքը մի անգամ ձևակերպեց՝ եթե անգամ ոսկե ինքնաթիռներով այդ մարդկանց տեղափոխեն, միևնույն է՝ միջազգային իրավունքի համաձայն դա ցեղասպանություն է: Իսկ Ադրբեջանի իշխանություններն արդեն իսկ արել են բազմաթիվ փաստագրված արարքներ, որոնք անհերքելի՝ իրավաբանորեն ապացուցելի հիմքեր են ստեղծում ինչպես միջազգաին հանրությանը հիմնավորելու, որ Լեռնային Ղարաբաղի հանձնումն այսօրվա քաղաքական ռեժիմն ունեցող Ադրբեջանին հավասարազոր է հայոց հերթական ցեղասպանության: Իսկ ինքներս մեզ համար ամրագրենք, որ առանց Արցախի աներևակայելի է Հայաստանի քաղաքական պետականության գոյությունը, ու փորձենք սա մարսել ոչ թե հոգեհուզական դատարկաբանություն, այլ քաղաքական իրողությունների ճանաչման վրա հիմնված, գիտակցված ու իմաստավորված դիրքորոշում: Այս թեզի շուրջ, անշուշտ, կարելի է մտորեն ու բանավիճել, բայց միայն ո՛չ այն «բացարձակ» ճշմարտությունների ձանձրացրած մակերեսայնության, այլ սուբյեկտիվ, վիճելի և հետևություններից բխող հաջորդիվ քայլերի ներքին տրամաբանությամբ:

Առաջարկում եմ մտածել հետևյալ նվազագույն ճշգրտող հարցադրումների շուրջ. քանի՞սդ եք կարծում, որ Արցախը հանձնելու դեպքում այնտեղ գեթ մեկ հայ ընտանիք կմնա: Իսկ քանի՞սդ եք կասկածում, որ այդ տարածքը հայերից նպատակամղված ազատումը չի լինելու Հայաստանի նկատմամբ թշնամական տրամադրված պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի պետական՝ հենց պետական քաղաքականությունը: Արդյո՞ք հենց հիմա չունենք փաստեր, որոնցով հնարավոր է վերը նշված ենթադրությունները ձևակերպել: Ահա և քեզ ցեղասպանության անմիջական սպառնալիքի իրավական բանաձև: Ի վիճակի՞ է արդյոք հայոց պետականությունը գոյատևել՝ ունենալով հայերի երկրորդ ցեղասպանություն: Շեշտադրում եմ՝ Արցախի կորուստը ոչ թե տարածքային կորուստ է, այլ անխուսափելիորեն բերելու է էթնիկ հայերի իրավաբանական ցեղասպանության:

Մեկ այլ հարց է, թե ովքեր պետք է դա անեն: Մեր քաղաքական ղեկավարությունից քանի՞ հոգի գիտեք, որ կարող է բացատրել, թե ինչ է նշանակում «հայերի ցեղասպանություն» եզրույթը: Քչերին՝ բարի: Հրանտ Դինքից բացի՝ սփյուռքի բազում կառույցներից քանիսի՞ն եք տեսել, որ «բահանջադիրությունեն» զատ՝ իրավական ու քաղաքական ուղղությամբ տանում է նպատակամղված, փաստարկված միջազգային պրոցես ոչ միայն «հիշելու ու դատապարտելու», այլ իրապես՝ իրավաբանորեն կանխելու համար հենց Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի ցեղասպանությունը: Այսպիսի ներուժ ունեցող սփյուռք ունենալով՝ ինչո՞ւ Ադրբեջանը շտամպել տվեց ռազմական գործողությունների լեգիտիմ հիմք հանդիսացած այսքան «ռեզալյուցիաներ», իսկ մենք կացնահարված հայ սպայի շուրջ ստեղծված հուզական հարայհրոցը չվերածեցինք, ասենք՝ «Ադրբեջանում հայերի ցեղասպանության սպառնալիքի» վերաբերյալ որևէ փաստաթղթի: Այստեղ էլ նպատակս սփյուռքի աշխատանքը թերագնահատելը չէ, այլ կոշտ շեշտադրումներով առարկայական ուղենիշերի ամրագրումը:

Լավ, իսկ քաղաքացիական հանրության ո՞ր հատվածն է ապրիլի վերջում համասփյուռքյան մեծ հանրահավաքին ընդառաջ փորձում ձևակերպել և ամբողջ աշխարհի առջև Արցախի հայերի ցեղասպանության հարցը դնել՝ որպես ներկայիս իրողություններից բխող քաղաքական կատեգորիա: Ակնհայտորեն, ո՛չ կղերակրոնական, անպիտան իշխանությունը՝ իր հուզական «ոչ մի բանով», և ո՛չ էլ նույնքան պաթետիկ ու քաղքենի/«գեղացի» «առաջադիմական հասարակությունը»՝ իր մակերեսային, անպատասխանատու խաղաղասիրությամբ: Ահա և հերթական «ճշմարտությունը», որ ամեն հասարակություն՝ հատկապես «առաջադիմականը», արժանի է իր իշխանությանը:

Այսօր մեր համախմբված հանրության գերհրատապ առաջնահերթությունը, կարծում եմ, ցաքուցրիվ ոգևորությունը համակարգային գործընթացի վերածելն է, քանի որ հարվածներն առջևում են, դրանց է պետք դիմակայել և ամենևին ո՛չ միայն ռազմաճակատում, այլ նախ և առաջ՝ ինքներս մեր մեջ: Ռազմական լեզվով ասած՝ Արցախում տեղի ունեցածը դեռ «մարտի միջոցով հետախուզություն է» (разведка с боем), որից մեր հանրությունը պետք է դուրս գա համապարփակ գիտակցված հաղթանակով։ Այլ տարբերակ մենք չունենք՝ այլընտրանքը Արցախի հայերի ցեղասպանությունն է ու հայկական պետականության վերացումը: Ինչպես ասացի՝ ասելիքը կուտակվել է, ու այն համակարգված ներկայացնելու խնդիր ունեմ: Հուսամ՝ իրավիճակը թույլ կտա դա անել, քանի որ ոչ մի պատրանք չունեմ, թե այս օրերին մեզ հանգիստ են թողնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter