HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատական նոր համակարգը կայացնելու պարտավորությունը փաստաբաններինն է

Հարցազրույց ՀՀ տնտեսական դատարանի նախագահ Էդվարդ Մուրադյանի հետ

- Վերջին մեկ տարում դատական համակարգում կատարված բարեփոխումներից ամենակարեւորը ո՞րն եք համարում:

- Վերջին մեկ տարվա ընթացքում դատական համակարգում լայնածավալ բարեփոխումներ իրականացվեցին: Այդ բարեփոխումներն օրենսդրական ամրագրում ստացել են, բայց դեռ պետք է կիրառության մեջ դրվեն, որի արդյունքում դատական համակարգը էականորեն կկերպարանափոխվի: Ի հայտ կգան նոր մասնագիտացված առաջին ատյանի դատարաններ, ինչպիսիք են քաղաքացիական դատարանները, քրեական դատարանները եւ վարչական դատարանը, որոնք կստանձնեն առավել բարդ գործերի քննությունը:

Այնուամենայնիվ, դատական համակարգում որոշակի բարեփոխումներ արդեն իրականացվել են, որոնցից ամենանշանակալիցը վճռաբեկ դատարանի դերի փոփոխությունն է: Եթե նախկինում վճռաբեկ դատարանը հերթական դատական ատյան էր, եւ նրան էր վերագրվում «դատական սխալն» ուղղելու վերջնական ատյանի դերը, ապա այսօր ՀՀ Սահմանադրությունը հստակորեն ամրագրել է վճռաբեկ դատարանի միակ առաքելությունը` որպես օրենքների միատեսակ կիրառություն ապահովող ատյանի: Այստեղից բխեցին բազմաթիվ նորամուծություններ, որոնցից հիմնականն անցումն էր նախադեպային իրավունքին: Որպեսզի վճռաբեկ դատարանը կարողանա ապահովել դատական համակարգում օրենքների միատեսակ կիրառությունը, նրա որոշումները պետք է նախադեպային ուժ ունենան: Այսինքն` ապագայում նմանատիպ գործեր քննելիս ստորադաս դատարանները պետք է գործին տան այն լուծումը, որը թելադրված է վճռաբեկ դատարանի նմանատիպ գործերով նախկինում ընդունված որոշումով:

Իհարկե, նախադեպի միակ նպատակը դա չէ. նախադեպը բխում է այն պարզ սկզբունքից, որ մենք բոլորս օրենքի առջեւ հավասար ենք: Եվ, եթե օրենքը մի ձեւով կիրառվեց մի անձի նկատմամբ, ապա մենք իրավունք ունենք դատարանից պահանջելու, որպեսզի այն նույն կերպ կիրառվի նաեւ մեր նկատմամբ, հակառակ դեպքում օրենքի առջեւ բոլորի իրավահավասարության սկզբունքը կխախտվի: Ուստի, նախադեպը, որից ե՛ւ փաստաբանները, ե՛ւ դատավորները շատ են վախենում, ուղղված է կողմերին պաշտպանելու: Իրականում նախադեպը ինչ-որ չափով նախկինում կիրառվում էր. դատավորները միմյանցից հետաքրքրվում էին նախկինում քննված նմանատիպ գործերին տրված լուծումներով եւ հաճախակի, իրենց հայեցողությամբ, այդ նախադեպը կիրառում էին: Այսօր ներմուծվող համակարգը կողմին իրավունք է տալիս, որ պահանջի կիրառել վերադաս դատարանի` նախկինում տրված լուծումը:

Այսպիսով` ավելացավ ընդամենը մեկ տարր՝ դատարանից նախադեպի կիրառումը պահանջելու իրավունքը, որն արմատականորեն փոխեց արդարադատության ողջ տրամաբանությունը: Նախադեպային համակարգի ներդրումը երկրորդ խոշորագույն նորամուծությունն է, որը պետք է նշել վերջին տարիներին տեղի ունեցած դատական բարեփոխումների թվում:

Իհարկե, հսկայական աշխատանք էր Դատական օրենսգրքի մշակումն ու ընդունումը, որն ամրագրելով դատական համակարգի նոր կառուցվածքը՝ ամրագրեց նաեւ բազմաթիվ նոր դատավարական մոտեցումներ եւ սկզբունքներ, որոնք պետք է իրագործվեն դատավարական օրենսգրքերով:

- Տնտեսական դատարանում կա՞ն արդեն այնպիսի վճիռներ, որոնք նախադեպային ուժ են ստացել, եւ ինչո՞վ են նրանք նախադեպ հանդիսացել:

- Ուզում եմ շեշտել, որ որեւէ դատական ակտ հատուկ նախադեպային ուժ չի ստանում, նախադեպային ուժ ունեն բոլոր դատական ակտերը: Դրանք պարտադիր են ստորադաս դատական ատյանի համար: Դատարանները պարտավոր են առաջնորդվել վերադաս դատական ատյանի՝ որեւէ դատական գործով նախկինում տրված լուծմամբ: Տնտեսական դատարանի առաջին ատյանի կարգով կայացված վճիռները որեւէ մեկի համար նախադեպային ուժ չունեն: Սակայն, տնտեսական դատարանի որոշումը, որը կայացվել է վերաքննության կարգով՝ երեք դատավորների կազմով, պարտադիր կլինի տնտեսական դատարանի՝ որպես առաջին ատյան, գործը քննող դատավորի համար: Նույն կերպ, վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր կլինեն ե՛ւ վերաքննիչ, ե՛ւ առաջին ատյանի դատավորների համար: Մեր որոշումներում նախադեպը, որպես կանոն, կիրառում ենք կողմերի միջնորդությամբ: Փաստաբանը պետք է պահանջի կիրառել նախադեպը, որպեսզի այն կիրառվի, եւ դատավորը որպես իրավունքի հարց պիտի որոշի` արդյոք ներկայացված նախադեպը տվյալ գործին կիրառելի՞ է, թե՞ ոչ: Նման որոշման համար վճռորոշ են գործերի փաստական հանգամանքները:

- Փաստաբանները որքանո՞վ են իրազեկված տնտեսական եւ վճռաբեկ դատարանների որոշումներին, որպեսզի կարողանան կիրառել այն իբրեւ նախադեպ:

- Ընդհանուր առմամբ, իրազեկման մակարդակն անբավարար կգնահատեի: Պատճառներից մեկն այն է, որ մենք դեռ չունենք որոշումների տարածման, հրապարակման արդյունավետ համակարգ: Այն ներդրվում է, վճռաբեկ դատարանի որոշումներն արդեն հրապարակվել են առանձին հատորով: Հրատարակության սկզբում պարզ ցանկի փոխարեն համառոտագրված են բոլոր գործերը, որոնց կարելի է արագ ծանոթանալ, եւ գտնել այն իրավական խնդիրը, որը փնտրում ենք: Տնտեսական դատարանի բոլոր վճիռները տեղադրված են կայքէջում, բայց դա չի նշանակում, որ կարելի է դրանք հեշտ մարսել, շատ դժվար է ընթերցել բոլոր վճիռները եւ դրանցում գտնել այն, ինչ պետք է: Այդ իսկ պատճառով մենք բազմաթիվ նոր ծառայությունների կարիք ունենք, որոնք դեռ պետք է ի հայտ գան իրավաբանական շուկայում: Այսինքն, անհրաժեշտ են ծառայություններ, որոնք պետք է իրավաբանների համար համռոտագրեն, ապա եւ վերծանեն ու վերլուծեն վճռաբեկ դատարանի կարեւոր, բեկումնային որոշումները: Ցանկալի է, որ այդ ծառայությունները մեկից ավելին լինեն, ինչը կերաշխավորի որակը, որպես նրանց մրցակցության արդյունք: Միայն նման արդյունավետ ծառայությունների առկայության պարագայում նախադեպի զարգացման մասին տեղեկատվությունը հեշտ հասանելի կդառնա: Ավելին, փաստաբանները, դատախազներն ու դատավորները, պետք է տարբեր հարցերում ձեւավորվող նախադեպերը քննարկելու համար հավաքները սովորություն դարձնեն: Նախադեպերի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելը շարունակական, անվերջ մի գործնթաց է, որը լուրջ ջանքեր է պահանջում:

- Ձեր կարծիքով, փաստաբանները որքանո՞վ են կարողանում իրենց գործերում օգտվել նախադեպերից:

- Դատական համակարգը բավականին ներդաշնակ է: Ըստ էության, ո՛չ փաստաբանները, ո՛չ դատավորները լիարժեք պատրաստ չեն նախադեպ կիրառելուն: Երկուստեք սովորում ենք: Այնուամենայնիվ, նախադեպի նախաձեռնությունը փաստաբաններինն է, որքան ակտիվ նրանք դատավորներից պահանջեն նախադեպի կիրառություն, որքան ավելի խորը հիմնավորված լինեն նախադեպի մասին միջնորդությունները, այդքան ավելի շուտ կկայանա այդ ինստիտուտը: Կարծում եմ` նախադեպ գտնելը առաջին հերթին հենց փաստաբանի նախաձեռնությունը պետք է լինի: Այդ իմաստով փաստաբանների գործը բարդացավ, հուսով եմ` դրան զուգընթաց կբարձրանա նաեւ նրանց վարձատրությունը: Փաստաբանը, կոնկրետ գործ ունենալով դատարանում, պիտի փնտրի նախադեպը եւ իր գործի փաստերի հետ համադրի նախկինում քննված գործի փաստերը: Տեսնի, թե իբրեւ նախադեպ ընտրված գործի պատճառաբանությունը որքանով է կիրառելի իր ունեցած գործի դեպքում: Եթե այն իր օգտին է, վերլուծի, հիմնավորի, որ դրանք էապես նույնն են քննվող գործի փաստական հանգամանքների հետ, ինչը թույլ է տալիս նույն պատճառաբանությամբ նույն լուծումը տալ, որը տրված էր նախկին գործով: Եթե նախադեպն ի վնաս իրեն է, ապա փաստաբանը պետք է կրկին կարողանա գտնել այդ նախադեպը կամ ծանոթանա հակընդդեմ կողմի վկայակոչած նախադեպին, վերլուծի նրա փաստական հանգամանքները, համադրի քննվող գործի փաստական հանգամանքներին եւ փորձի հիմնավորել, որ փաստական հանգամանքների տարբերության ուժով հին գործով տրված պատճառաբանությունն ու լուծումը կիրառելի չեն այս գործով: Ի նչպես տեսնում եք, փաստաբանի դերն ու նշանակությունը էականորեն բարձրանում է դատավարության պրոցեսում:

- Դատական նոր օրենսգրքով տնտեսական դատարանը միավորվում է քաղաքացիական գործերով դատարանի հետ, այն գործերը, որոնք այսօր ընդդատյա են տնտեսական դատարանին, օրենսգրքի գործողության մեջ դրվելուց հետո ո՞ր դատարանում են քննվելու:

- Դատական օրենսգրքում տրված իրավական ձեւակերպումը հետեւյալն է՝ տնտեսական դատարանն իր գործունեությունը դադարեցնում է, տնտեսական դատարանի փոխարեն ստեղծվում են 3 քաղաքացիական մասնագիտացված դատարաններ եւ վարչական դատարան: Ըստ էության, քաղաքացիական գործերը տնտեսական դատարանից անցնում են քաղաքացիական դատարաններին, վարչական գործերը կանցնեն վարչական դատարանին: Այն գործերը, որոնցով վիճարկվում է պետական մարմինների ընդունած ակտերի վավերությունը, կքննվեն վարչական դատարանում: Վարչական դատարանի ենթակայությունը կսահմանվի վարչական դատարանի եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Մնացած գործերը, որոնք իրենցից քաղաքացիաիրավական վեճ են ներկայացնում, կքննվեն քաղաքացիական գործերով դատարաններում կամ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում:

- Երրորդ անձն այդ դեպքում բողոք բերելու իրավունք կունենա՞:

- Մենք խոսում ենք մի համակարգի մասին, որում ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտի դեմ բողոք բերվելու է վերաքննիչ դատարաններ, մինչդեռ վարչական դատարանի վճիռների դեմ բողոքները ներկայացվելու են վճռաբեկ դատարան, ինչը խնդիրներ կառաջացնի: Մենք արդեն խոսեցինք այն մասին, որ վճռաբեկ դատարանի դերը փոխված է սահմանադրականորեն, եւ այժմ բարձրագույն դատական ատյանի խնդիրը օրենքների միատեսակ կիրառություն ապահովելն է, իսկ վերաքննիչ դատարանի վճիռները վերանայելով` վճռաբեկ դատարանը ստիպված կլինի իրականացնել դատական սխալի ուղղման գործառույթը, որն իրեն այլեւս բնորոշ չէ: Եթե նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ վճռաբեկ դատարանի անդամների թիվը նվազելու է՝ կազմված է լինելու 7 անդամից, ապա բավականին դժվար կլինի քննել բոլոր բողոքները:

- Դատավորները պատրա՞ստ են Դատական օրենսգրքով նախատեսված բոլոր նորամուծությունները յուրացնելուն:

- Դատավորների վերապատրաստման շատ ինտենսիվ կուրսեր են ընթանում, եւ յուրաքանչյուր դատավոր արդեն մի քանի անգամ է մասնակցել սեմինարների: Դատավորները սեմինարներում ծանոթացել են բարեփոխումների ողջ տրամաբանությանը, բոլոր մանրամասներին: Դատավորները պատրաստվում են այդ փոփոխություններին, բայց, որպես անցումային հասարակություն, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, մենք հաճախակի ստիպված ենք գործ ունենալ իրավիճակի հետ, երբ համակարգը փոփոխվում է, եւ մենք նոր ենք ծանոթանում ու համակերպվում այդ փոփոխությանը: Դա անխուսափելի է, հակառակ դեպքում ռուբիկոնը չենք ա նցնի:

- Պրն Մուրադյան, նշեցիք, որ դատական համակարգում վերաքննության ողջ կարգն է փոխվելու, ինչպիսի՞ն կլինի այն:

- Վերաքննության կարգի փոփոխությամբ պայմանավորված փոխվում է ողջ դատական համակարգի տրամաբանությունը: Գործող դատավարության տրամաբանությամբ փաստի եւ իրավունքի հարցերը իրար հետ միախառնված են, որպես մեկ միասնականություն: Գործը մեկ անգամ քննվում է առաջին ատյանի դատարանում, որից հետո, եթե կողմերից մեկը դժգոհ է, նույն վեճը մեկ անգամ էլ քննվում է վերաքննիչ դատարանում: Վերաքննիչում կայացվում է դատական ակտ, որը ուժի մեջ է մտնում անմիջապես, հետո բողոք է բերվում այդ դատական ակտի դեմ, եւ վճռաբեկ դատարանը անդրադառնում կամ չի անդրադառնում դրան: Փոփոխությունը կայանում է հետեւյալում. նոր համակարգում պահանջվելու է փաստի եւ իրավունքի հարցերի ավելի հստակ տարանջատում: Առաջին ատյանի դատարանում քննվելու են ինչպես փաստի, այնպես էլ իրավունքի հարցերը ողջ ծավալով: Դատարանը ուսումնասիրելու է ապացույցները, որպեսզի հանգի այն եզրակացության, թե ինչ է տեղի ունեցել եւ տալու է դեպքի իրավական գնահատականը: Դրանով գործի քննությունն ավարտվում է: Առաջին ատյանի դատարանն, ըստ էության, ամբողջությամբ է գործը քննում եւ կայացնում դատական ակտ: Այդ ակտը բողոքով չի վերացվելու, քանի որ բողոքի ուժով գործն ամբողջությամբ չի քննվելու վերադաս դատարանում, քննվելու է միայն այն հարցը, որը բարձրացվել է բողոքում, այն էլ որոշակի վերպահումով՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է լինելու գործի փաստական հանգամանքները վերագնահատելու հարցում, նոր ապացույց չի ընդունելու:

Ներկա իրավիճակով ստացվում է, որ պետությունը ավելորդ դատարան է պահում՝ հանձինս առաջին ատյանի դատարանի, որի վճիռը ֆակուլտատիվ բնույթ ունի՝ կուզես կընդունես, չես ուզի՝ չես ընդունի: Նոր օրենսգիրքն ամրագրել է, որ չի թույլատրվում բողոք բերել մի հարցի վերաբերյալ, որի հետ կապված առաջին ատյանի դատարանում առարկություն չի ներկայացվել, եթե իհարկե, կողմը նման առարկություն ներկայացնելու հնարավորություն ունեցել է : Նոր դատական օրենսգրքով փաստաբանի վրա շատ լուրջ խնդիր է դրվում: Եթե փաստաբանը դատաքննության ընթացքում չի առարկել, օրինակ, որեւէ ապացույց ընդունելու դեմ, վերադաս դատարանում չի կարող շտկել իրավիճակը: Նման նախապայմանները մեզ թույլ կտան բարձրացնելու առաջին ատյանի դատարանի դերը, կանխել կարուսել կոչված երեւույթը: Պետությունը պարտավոր է իր քաղաքացիներին ծառայություն մատուցել, որի անունը արդարադատություն է եւ նույն վեճով այդ ծառայությունը պետք է մատուցվի մեկ անգամ: Մեր հասարակությանը պետք է արդյունավետ արդարադատություն՝ արագ եւ վերջնական. մեկ անգամ գործը կքննվի առաջին ատյանի դատարանում, որից հետո վերաքննիչ դատարանն ընդամենը կհսկի, որ առաջին ատյանի կայացրած ակտը սխալ չպարունակի, հատկապես, իրավունքի հարցում: Իրավունքի հարցում վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ եւ կարող է ուղղակի փոփոխել վճռի թե պատճառաբանական եւ թե եզրափակիչ մասերը: Մինչդեռ, փաստերի հարցում վերաքննությունը կարող է անդրադառնալ փաստի վերաբերյալ արված եզրակացությանը, եւ եթե այն ակնհայտ սխալ համարի , կարող է բեկանել վճիռն ու վերադարձնել նույն դատարան` նոր կամ լրացուցիչ քննության համար: Նոր երեւան եկած հանգամանքի ուժով ոչ թե բողոք է բերվելու վերադաս դատարան, այլ վճիռը կայացրած դատարանին միջնորդություն է ներկայացվելու ` վճիռը այդ հանգամանքների ուժով վերանայելու համար :

Հուսով եմ, որ այս բոլոր փոփոխությունների արդյունքում էականորեն կբարձրանա առաջին ատյանի դատարանների դերն ու հեղինակությունը: Դա էլ հենց թույլ կտա մեր համաքաղաքացիներին արդյունավետ արդարադատություն ստանալ՝ այսինքն ստանալ իրենց վեճի արագ ու վերջնական լուծումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter