HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականների համատեղ հայտարարությունը

ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանականներն այսօր Ստեփանակերտում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ապրիլի 2-5ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետևանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ:
 
«2016 թվականի ապրիլի 2-5-ը, կոպտորեն խախտելով 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ),  Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ: Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահամանամերձ եւ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությունը: Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից («ՄՄ-21» (Գրադ) տիպի հրթիռահրետանային կայանք եւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ամենատարբեր տրամաչափի հրետանային միջոցներ (այդ թվում՝ 152մմ հրանոթներ), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներ, տանկեր ու այլ կարգի զրահատեխնիկա, գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռա-հրետակոծման է ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր: Անվտանգության խնդիրներից ելնելով տարհանվել են Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերի խաղաղ բնակիչները:  Ադրբեջանական բանակի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված վայրագությունների ու անմարդկային բռնարարքների ապացույցները բազմաթիվ են:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:

Նույն օրերին ադրբեջանական ագրեսիայից Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու հարվածն իր վրա է վերցրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, որը ձեռնարկել է հնարավոր միջոցները՝ կասեցնելու ռազմական լայնածավալ հարձակումը:

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված վերոնշյալ բոլոր հանցագործությունները, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ուսումնասիրելու և դրանց արդյունքներն, ընդունված կարգով, միջազգային հանրությանը ներկայացնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter