HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհորդություն Ազատության միջով

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ապրիլի 2-ի առավոտն է: Դեռ չգիտեմ, որ երեկոյան պատերազմի մասին լուրը պիտի առնենք: Հսկիչը մոտեցավ վոլչոկին.

- Պատրաստվի, քեզ տանում են դատարան…

Արագ-արագ պատրաստվում եմ:

Երկրորդ փախուստից հետո 6 տարի 3 ամիս 14 օր բաց երկինք (առանց ճաղերի) չեմ տեսել:

Ուղեկցող ոստիկանները մեքենան շատ մոտ են կանգնեցնում կլոր բանտին, որ բանտարկյալին կամ կալանավորին իջեցնելն ու մեքենա մտցնելը մեկ լինի: Նրանք չեն պատկերացնում` ինչ է հոգումս կատարվում, բայց, հավանաբար կռահելով, չեն շտապեցնում: Շարունակում եմ նայել բարձր, կապույտ երկնքին: Մոտավորապես նույն զգացողություններն են, երբ երևանաբնակ մարդը հայտնվում է Սև ծովի ափին… հետո նայում եմ բանտի դիմացի սարին, որը սովորաբար խցի պատուհանից քառաշերտ ճաղերով մասերի է բաժանված: Ազատության մեջ գտնվող սարը լռիվ ուրիշ է` մի տեսակ ավելի հզոր ու գեղեցիկ: Մեքենան շարժվում է:

Միջնորդությամբ դիմել էի դատավոր Բունիաթյանին` խնդրելով, որ օրենքի համաձայն իմ ներկայությունն ապահովվի դատական նիստերի ժամանակ: Հիշեցնեմ, որ քաղաքացիական հայցով դիմել եմ դատարան, որպեսզի ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին և քաղաքացի Իզաբելլա Աբգարյանին պարտավորեցնեն հերքել իրենց կողմից քրեական գործի վերաբերյալ սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները: Գործին կանդրադառնամ հետո: Համոզված չէի` կբավարարվի արդյոք միջնորդությունս, բայց ահա…

… մեքենան անցնում է «Հաղթանակ» զբոսայգու կողքով, գարնանային արևի տակ քայլում են մարդիկ, ծիրանենին ծաղկել է: Ուզում եմ չնկատել ճանապարհին տարբեր տեղեր, ասես հնդկական կինոյի միջից դուրս եկած քարուքանդ, խղճուկ միհարկանի տները, իսկ հարևանությամբ` 2-3 հարկանի հատ ու կենտ դղյակները:

Ուզում եմ անընդհատ կարմիր լույս լինի, որ ոստիկանական մեքենան կանգնի, ու կարողանամ վայելել ճանապարհորդությունը ազատության միջով: Փորձում եմ տեսնել ամեն-ամեն ինչ, բաց չթողնել ազատության ոչ մի ակնթարթ:

Շինարարություն է. շատ նիհար մի երիտասարդ տղա նստած է մայթեզրին` ոտքերին մինչև ծնկները ռետինե սապոգներ, իսկ վերևը` կեղտոտ անթև մայկա: Կողքը շինանյութով լցված ծանր դույլեր են: Ասես համակենտրոնացման ճամբարից փախած տղան հանգստանում է: Մի քանի մետր հեռու` շքեղ մեքենայի մոտ կանգնած տղամարդը նայում է շինարարական աշխատանքներին, երևի հրամաններ է տալիս բանվորներին: Մի փոքր հեռու` կանգառում, մի կին հոտ է քաշում իր ձեռքի ծաղիկներից:

Շարժվում ենք: Ուզում եմ հասցնել տեսնել բոլոր ազատ մարդկանց դեմքերը: Մեքենաների ղեկին հաճախ կանանց եմ նկատում: Կարմիր լույսի տակ կանգնեցինք, մեր մեքենան ազդանշանային համակարգը միացրեց: Մեքենայի իջեցրած պատուհանից երևում է մուգ արևային ակնոցներով ինչ-որ բանի վրա ջղայնացած կնոջ դեմք: Կարծես զգալով, որ իր ուղղությամբ եմ նայում, շրջվում է: Ժպտում եմ ու ճաղերի ետևից ձեռքով անում: Միանգամից դեմքը պարզվում է, գլխով բարևում է: Կանաչ լույս, նորից շարժվում ենք: Դպրոց է, խումբ-խումբ աղջիկներ են կանգնած զրուցում…

Հասանք Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան: Ոստիկանների հսկողության տակ հետ ու առաջ եմ քայլում փոքրիկ խցում, որի դիմացն ամբողջությամբ ճաղապատ է: Մոտ 15 րոպե անց 6 ոստիկան ուղեկցում են ինձ դատարանի դահլիճ, հանում են ձեռնաշղթաները: Դահլիճում նստածներից  շատերին առաջին անգամ եմ տեսնում: Ավելի ուշ իմացա, որ իմ գործով հետաքրքրվող իրավաբաններ կային, նաև դատական սխալների մասին դիպլոմային աշխատանք գրող մի ուսանողուհի:

Ներկայացրեցի հայցիս հիմքը, առարկան ու պահանջը: Պատասխանողների ներկայացուցիչներից պարոն Սիրունյանը հարցեր տվեց:

Որ նոր Սողոմոններ չհայտնվեն բանտերում

Դեռ չգիտեի, որ հենց այդ գիշեր պատերազմն է վերսկսվել: Բայց խոսեցի նաև իմ ընկեր, Ղարաբաղյան պատերազմով անցած հետախույզ Սողոմոն Քոչարյանի մասին, քանի որ վիրավորել էին նաև նրա հիշատակը: Ոստիկանապետի խորհրդականի խոսքերը ևս մեկ անգամ չտիրաժավորելու համար չեմ մեջբերում նոյեմբերի 11-ին, հենց Եռաբլուրում Սողոմոնի թաղման օրը գրած նրա տողերը: Մենակ ասեմ, որ դատարանում նշեցի այն, որ 20 տարի բանտում տառապած, ամբողջ ընտանիքը կորցրած, ծանր հիվանդությունից մահացած Սողոմոնի ավանդը Ղարաբաղյան պատերազմում 20 տարվա ընդմիջումից հետո ընդունեց նաև Հայաստանի ներկայիս իշխանությունը: Նրան եկել էին պատվելու բազմաթիվ ազատամարտիկներ, իսկ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) մեր եռագույնն էր բերել Սողոմոնին հրաժեշտ տալիս:

Հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էին Գորիսի բանտի աշխատակիցները պատմում այն մասին, որ Սողոմոնը մենակ անցնում էր թշնամու թիկունք և մեր գերիներին շալակած բերում: Լինելով հետախուզական ջոկատի հրամանատար` նա մի քանի անգամ կարևոր տեղեկություններ է իմացել և հեռացնելով բնակչությանը «գռադի» հարվածներից, կյանքեր փրկել:

Չէի ցանկանա, որ 20 տարի անց արդեն այսօրվա մեր հերոս տղաները, ովքեր ողջ են մնացել, հանկարծ արժանանան Սողոմոնի դաժան ճակատագրին կամ այն ազատամարտիկների, ովքեր այսօր քաղաքական նկատառումներից ելնելով, գտնվում են բանտերում:      

… նիստն ավարտվեց, ոստիկաններն ասացին, որ պետք է Մասիվի դատարան էլ գնանք, կալանավոր կա: Ուրախացա, որ կարող եմ երկար տեսնել կյանքը ազատության մեջ: Ուրախացա նաև այն պատճառով, որ հարազատ տեղերով ենք անցնելու: Մասիվում եմ ծնվել, դպրոց գնացել:

Անցնում ենք Ջրաշխարհի կողքով, ահա Գայի արձանը: Այստեղ հարազատ է ամեն քար ու թուփ: Ավանի, Ջրվեժի կողքով ենք անցնում և ահա 4-րդ մասիվի փոքրիկ կամուրջը. հիշողություններ են արթնանում երկրորդ փախուստի ժամանակներից… Ընդամենը մի 200 մետր հեռու մեր տունն է: Երիտասարդ ոստիկանը նկատեց, որ անհանգիստ հետ ու առաջ եմ անում, ուզում եմ ավելի պարզ տեսնել շրջակայքը, հետ քաշվեց, որ ճաղերի արանքով ավելի լավ տեսնեմ ազատությունը…

Ազատության մի քանի ժամվա ճանապարհորդության հուշերի մեջ էի դեռ, երբ  իմացա, որ թշնամին հարձակվել է: Բանտում նստած հակասական լուրեր էին մեզ հասնում: Հեռուստացույցին վաղուց չեմ հավատում: Ահա երկու տեղեկություն բանտի տարբեր աշխատակիցներից լսած:

Մեկը ոգևորված պատմում էր:

- Աղբորս տղեն սահմանում ա, նոր զանգեց` պատմեց, որ Սեյրան Օհանյանը, Լիսկան առաջին գիծ` խրամատում են: Հալալ ա իրանց: Մեր օլիգարխներն էլ ֆուռերով ուտելիք են ուղարկում:

Մեկ ուրիշ աշխատող, ով անցել է Ղարաբաղյան պատերազմի միջով, այլ կերպ ներկայացրեց իրավիճակը:

- Լավ չի վիճակը: Ոչ մի ժամանակակից սպառազինում չունենք, սահմանի վերահսկումը կանսեռվաների բանկաների շխշխկալու հույսին ա: Բայց մեր դուխը առաջվա պես ուժեղ ա, ու մեր ժողովուրդը մի մարդու պես ոտի կկանգնի:

Նորից ինձ փակում են խցում: Իսկ մտքերիս մեջ Սողոմոնն է… քանի Սողոմոններ դեռ կան բանտերում, քանիսը կարող են լինել 20 տարի անց… 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter