HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրչընկերները՝ Հրաչյա Սարուխանի մասին

Գայանե Սարգսյան

Այսօր՝ ապրիլի 10-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում լոռեցիներն ու երկրի տարբեր անկյուններից եկած հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին բանաստեղծ Հրաչյա Սարուխանին:

Գրչընկերոջ մասին հուշերով են կիսվում նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ նրա հետ քայլել են նույն ճանապարհով:

Նա շատ դեպքերում լռում էր, բայց այդ լռությունը հաճախ ավելի խոսուն էր, քան շատերիս խոսքը

Խորեն Գասպարյան, բանաստեղծ-թարգմանիչ- Սարուխանին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից: Մինչ անձնապես ճանաչելն էլ նրա բանաստեղծությունները, ինչպես ինքը կասեր, այն հրաշք օրերին բոլորիս շուրթերին էին, արտասանում էինք: Գիրք էր լույս տեսնում Հ. Սարուխանից կամ  մամուլում որևէ բանաստեղծություն էր տպագրվում, անմիջապես անգիր էինք անում…

 Հ. Սարուխանը հետաքրքիր անձնավորություն էր. բոհեմիկ կենսակերպ ուներ, միաժամանակ խիստ կարգուկանոն սիրող, քչով բավարարվող մարդ էր, բառ ու բանի վարպետ էր, բառաստեղծ: Այնպիսի բառեր էր ստեղծում, հիանում էինք: Նուրբ հումոր ուներ, զուսպ էր, անգամ կասեի ինքնամփոփ ու շատ համեստ: Ու տարբեր տեղերում, երբ շատերը տեղին-անտեղի աղմկում էին, նա շատ դեպքերում լռում էր, բայց այդ լռությունը հաճախ ավելի խոսուն էր, քան շատերիս խոսքը:

Սարուխանը շարունակում էր դասականության ավանդները, նա այդ ավանդները զարգացնում էր, նորացնում էր, նորովի էր մատուցում: Նա ձևական, արտաքնապես մոդեռնիստ չէր, նա դասական  բառ ու բանի, հանգ ու վանկի բանաստեղծ էր, բայց այնքան նորացնում էր դա, որ դրանով իսկ մոդեռն էր դառնում: Շատ ուրույն լեզվաոճ ուներ, որը երբեք չէիր շփոթի ուրիշի հետ: Նա իր առաջին իսկ գործերից ինքնատիպ էր և իր թե՛ հանգավոր, թե՛ անհանգ գործերում սարուխանական:   

Շատ քչախոս էր, բայց երբ բացվում էր, այնպես էր խոսում, հիանում էիր: Տարիներ առաջ մի միջոցառման ժամանակ խոսում էր գրականության ու պոեզիայի մասին ու այնքա՜ն լավ էր խոսում, որ ես ցավ ապրեցի, որ դա չտեսագրվեց: Ասացի՝ Հրաչ, ափսոս չէ՞ր այդ խոսքդ, սա պետք է տեսագրվեր, թե՝ կարող է տեսագրեին, չկարողանայի խոսել:

1988 թ. էր, արցախյան շարժման, միտինգների բուռն շրջանն էր: Հավաքվել էինք տղաներով քաղաքային մարզադաշտի մոտ: Մեկ էլ մի ուղղաթիռ երևաց մարզադաշտի վերևում: Դեռ չիջած, Սարուխանն ասաց՝ արյունի հոտ եմ առնում: Ավելի ուշ իմացանք, որ այդ ուղղաթիռով բերել էին Վանաձորի առաջին զոհին՝ Սոս Նաղլրանյանին: Թե ո՞նց էր զգացել, ես չգիտեմ, բայց էդպիսի կանխազգացումներ հաճախ էր ունենում կյանքում:

                                  Հրաչը մեր ամենաամենաբանաստեղծն էր…

Լենա Անթառանյան, բանաստեղծուհի- 1972թ.-ին առաջին անգամ եկա ՀՀ գրողների Միության Լոռու մարզային բաժանմունք: Մեր բոլոր մեծերը նստած էին: Ջահել աղջիկ էի, եկել կանգնել էի դահլիճի դռան մոտ ու մեկը չէր ասում՝ արի նստի: Կանգնած, մտքիս մեջ ասում եմ՝ երանի մեկն ասի նստի: Չեն ասում: Մեկ էլ Հրաչն եկավ ու դիմելով նստածներին թե՝ էս երեխին ասեք գոնե առաջ գա…

Սարուխանն իսկապես մեծ բանաստեղծ է, Մարդ բանաստեղծ է, որն իր ճանապարհին կարողացավ մեզ մեծ դաս տալ…

Գրողների բաժանմունքում, երբ ես քարտուղարն էի, ինքը նախագահը, 10 տարի միասին անցանք այդ ճանապարհը: Տարբեր միջոցառումներ էի կազմակերպում, միջոցառման օրը գալիս էր, կատակում՝ նախագահե՞մ, ասում էի՝ բա ոնց: Ինքը լիքն էր, բայց այնքան զուսպ էր, այնքան չափավոր, այնքան նրբանկատ: Իր ներկայութունն արդեն իսկ հարստացնում էր դահլիճը, բեմը:

Վերջերս Սամվել Խալաթյան ասաց՝ այ Լենա ջան, ովքե՞ր մնացին մեծերից: Դե բոլորը գնացին, չէ՞, վերջին տարիներին. Վալտեր Թորոսյանը, Ռազմիկ Պողոսյանը… Ասացի՝ Սամվել ջան Հրաչը, դու, ես: Նայեց, նայեց, թե՝ է՜, տխուր ա բայց դա: Ես չգիտեի, բայց ինքն արդեն գիտեր, որ Հրաչը հիվանդ է…

Վատառողջ էր, գրողներով ուզում էինք գնանք տեսության: Զանգեցի, ասաց՝ ցավտ տանեմ, թող չնեղանան, բայց թող չգան, էլի…

Մեծ ցավ եմ ապրում, բայց երջանիկներից մեկն եմ, որ վերջին օրերին իր հետ էր: Մեծ կորուստ է մեզ համար, շատ թանկ կորուստ: Հրաչը մեր ամենաամենաբանաստեղծն էր…

Սարուխանը տեղով դիպված էր, մի հրաշալի դիպված, որին կյանքում մենք հանդիպեցինք ու բախտ ունեցանք իր ժամանակակիցը լինելու

Արմեն Շեկոյան, գրող, բանաստեղծ- Հ. Սարուխանին ճանաչում եմ մի 40 տարի: Երևի գրողներից ամենահին ծանոթը ես լինեմ, հիշում եմ իրեն դեռ այն ժամանակներից, երբ  Թերլեմեզյանի նկարչական ուսումնարանում էր սովորում: Հետո երկուսս էլ թեքվեցինք դեպի պոեզիան: Հ. Սարուխանը շատ ավելի մեծ հրաժեշտի կարժանանար մեր ժողովրդի կողմից, եթե այս խառը օրերը չլինեին, որովհետև ինքն իրոք սիրված բանաստեղծ է, իսկ սիրված բանաստեղծ այսօր քչերին կարելի է ասել: Դա բացառիկ կոչում է: Նա և՛ թեմատիկ առումով էր ինձ հարազատ, և՛ լեզվական առումով ընտիր, և՛ բանաստեղծական տեխնիկայի առումով անթերի, այդ ամենին գումարած նաև նրա մարդկային բարոյական կերպարը: Նա սիրված ու գնահատված է  եղել թե՛ գրողների, թե՛ ընթերցողների կողմից:

Ես ու Սարուխանը Մոսկվայում ու Երևանում շատ ենք հանդիպել, շատ ենք թափառել իրար հետ: Նա խորունկ մարդ էր, ում հետ երկա՜ր կարող էիր խոսել:

Որևէ դիպված կհիշե՞ք նրա հետ կապված հարցիս Ա. Շեկոյանը պատասխանում է. Սարուխանը տեղով դիպված էր, մի հրաշալի դիպված, որին կյանքում մենք հանդիպեցինք ու բախտ ունեցանք իր ժամանակակիցը լինելու:

          Վանաձորում բոլորը գիտեին, որ ամենալավն իրենց մեջ Սարուխանն էր

Նելլի Շահնազարյան, արձակագիր- Հայ գրականությունն իսկապես Մեծ կորցրեց, առանց չափազանցնելու: Սարուխանն այն տեսակը չէր,  որ ինքն իրեն մատուցեր, դռներ թակեր, մրցանակներ պահանջեր-դասավորեր: Որովհետև հիմա շատ են դասավորում: Լուռ ու մունջ իր եզերքում նստած, համեստ, անչար, շատ կարգին մարդ էր ու իր գործն էր անում: Արարում էր իսկապես արարչի նման, այնքան սիրուն բառաստեղծումներ ունի, այնքան հետաքրքիր ներսուզումներ: Ոչ մի բանի նկատմամբ անտարբեր չէր կարողանում անցնել: Ամեն մի ցավ ու ուրախություն՝ հատկապես ժողովրդի ճակատագրի հետ կապված, իր միջով էր անցնում, սինթեզվում էր իր մեջ ու դառնում բանաստեղծություն ու թերևս դրանից է, որ նրա դրանք հրաշալի են:  

Նրա հայրենասիրական բանաստեղությունները նույնքան արժեքավոր էին ու ապրված, որքան լիրիկական, քնարական բանաստեղծությունները: Նրա հոգին շռայլ էր ու մեծ. ինչպես սիրում էր մորը, կնոջը, քրոջը, այնպես էլ սիրում էր իր հայրենիքը:  

 Մենք երբեմն մեր կողքին քայլող դասականին չենք նկատում: Ցավոք սրտի, միշտ մահից հետո ենք սկսում սինթեզել, նայել, կանգ առնել յուրաքանչյուր տողի, բառի վրա ու հանկարծ նոր բացահայտումներ անում: Ես ուրախ եմ, որ այդ բացահայտումն ինձ համար արել եմ հենց սկզբից. միշտ իմացել եմ նրա արժեքը…

 Մի շրջան կար, Հրաչյա Սարուխանով թնդում էր ամբողջ հանրապետությունն ու նրա բանաստեղծություններից շատերը բոլորի շուրթերին էին: Այնպիսի սեր կար Սարուխանի նկատմամբ, այնպիսի մեծարանք… Սարուխանի երևալը որևէ տեղ արդեն իսկ իրադարձություն էր:

 Նա պոետական աշխարհի կառավար թռչունն էր՝ երամի առաջնորդը: Երիատասարդ ստեղծագործողներն ուղղակի  հմայված գնում էին Սարուխանի հետևից ու ցնծություն էր նրանց համար, որ Սարուխանը հավաներ իրենց մի տողը:  

Մի զարմանալի բան կար Վանաձորում, որ չկար մայրաքաղաքում կամ մի ուրիշ տեղ: Վանաձորում բոլորը գիտեին, որ ամենալավն իրենց մեջ Սարուխանն էր: Եվ դա ոչ միայն իր ներկայութամբ գիտեին, այլև իրենից հետո: Սա մաքրազերծված ընկերության այնպիսի անփոխարինելի աշխարհ էր, որն այսօր չկա, ոչ մի տեղ չես գտնի, ոչ մի ասպարեզում:

Սարուխանի բանաստեղծություններն այնքան պատկերավոր են, որ ոչ միայն լսում ես, այլև՝ տեսնում: Այնքա՜ն տեսանելի են, շոշափելիության չափ տեսանելի…

Ես ակամայից նրան համեմատում եմ ճարտարապետ Թամանյանի հետ

Սամվել Խալաթյան-արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան- 70-ական թվականներից հետո,  երբ սկսվեց այսպես ասած կոմունիստական կուսակցության գաղափարախոսության ձնհալը, առաջացավ հրաշալի բանաստեղծների մի ամբողջ քաղաք: Ոմանք ժամանակի քննությանը չդիմացան: Սարուխանն այն բանաստեղծներից էր, ով սկսեց իր ձևով շարունակել մեծերի ավանդույթները՝  Չարենցի, Տերյանի Թումանյանի: Հարազատ մնալով մեծերի ավանդույթներին,  Հրաչն ստեղծեց մի նոր, հետաքրքիր պոեզիա, 20-րդ դարավերջի պոեզիա: Ես ակամայից նրան համեմատում եմ ճարտարապետ Թամանյանի հետ, ով հիմքում ունենալով ազգայինը, ստեղծեց նորը, մնայունը, որը կարող է քննություն բռնել ոչ միայն տասնամյակներում, այլև դարերի մեջ: Այդպիսին էր Հրաչյայի պոեզիան:

1955 թ.-ին, երբ մեր ընտանիքը աքսորավայրից վերադարձավ Կիրովական, ես 5 տարեկան երեխա էի: Բակում ոչ ոք իմ հետ չէր խոսում: Երևի ծնողներն էին ասել՝  աքսորված են եղել, իր հետ ընկերություն չանեք: Միակ մարդը, ով առաջինն սկսեց իմ հետ ընկերություն անել, դա ծովայինի վերնաշապիկով մի տղա էր: Նա հետո նաև իր ընկերերին էր համոզում, որ իմ հետ ընկերություն անեն: Դա Հրաչյա Սարուխանն էր…

Մեկնաբանություններ (1)

patron
ШТАПЕЦИР! ТХРЕЦИ! ОХОРМИ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter