
Ադրբեջանական հենակետերի նշանառության տակ. ոսկեվանցիները պահանջում են գյուղի համար ապաստարան կառուցել
Տավուշի մարզի սահմանային Ոսկեվան գյուղը ադրբեջանական հենակետերից գրեթե ամեն օր գնդակոծվում է: Գույղն ունի 1500 բնակիչ: Ոսկեվանցիներն ապրում են սոցիալական ծանր պայմաններում: 2014թ.-ից գյուղն ունի նորակառույց մանկապարտեզ, անցյալ տարի շահագործվել է նոր ամբուլատորիան:
Գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի ասելով՝ Ոսկեվանը փողոցային լուսավորության, ոռոգման և խմելու ջրի խնդիրներ չունի, բայց այդ ամենը նրանց համար մեծ արժեք չունի, քանի որ գյուղացիներն աղքատ են ապրում՝ իրենց ընտանիքները չեն կարողանում նորմալ կերակրել: Ոսկեվանցիները անասնապահությամբ և հողագործությամբ չեն զբաղվում:
Գյուղն ունի ընդամենը 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 380 հա վարելահող: Գյուղացիների մի մասը մեկնում է արտագնա աշխատանքի: «Տարեկան 120-130 ոսկեվանցիներ են մեկնում արտագնա աշխատանքի»,- ասում է գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը: Վերջինս կարևորում է Ոսկեվանում նաև աշխատատեղեր բացելու խնդիրը: Ղարաբաղի 4-օրյա պատերազմի առաջին երկու օրերին Ոսկեվանի վրա ադրբեջանական «Ուղտի մեջք» և «Նոր տարի» հենակետերից գնդակոծություններ շատ չեն եղել: «Վերջին մեկ ամսում մեզ մոտ առավել հանգիստ էր, քան նախկինում: Լարված պահեր շատ ենք ունեցել, բայց Ղարաբաղում քանի որ լարվածությունը բարձր էր, թշնամու ընդհանուր ուշադրությունն այնտեղ էր: Բայց սահմանը, ընդհանրապես որպես սահման տարբերվում է կրակոցներով: Ինչ ասեմ, գյուղի ներքևի թաղամասը ադրբեջանական դիրքերի կողմից ուղիղ նշանառության տակ է»,- ասաց Ս. Ալեքսանյանը:
Ներքևի թաղամասում ապրում է Ոսկեվանի բնակչության 3-4 տոկոսը: «Եթե համեմատենք Կոթիի և Բաղանիսի հետ, նրանց տարածքի 80 տոկոսն է ադրբեջանցիների նշանառության տակ: Բաղանիսում ավելի վատ է վիճակը: Մեր ներքևի թաղամասը նոր է, այնտեղ մի 30 տուն ունենք, երիտասարդ ընտանիքներ են ապրում, բացակա տուն չունենք, անցյալ դարի 70-80-ական թվականներին է կառուցվել թաղամասը»,- բացատրեց Ս. Ալեքսանյանը: Վերջինս մեզ վստահեցրեց, որ գնդակոծությունների պատճառով Ոսկեվանի բնակչության մոտ խուճապ չկա: Այսուհանդերձ, մեզ հետ զրուցելիս ոսկեվանցիների մեծ մասը՝ հատկապես կանայք, անհանգիստ էին:
«Երեկ երեկոյան ժամը 10:30-ի մոտերքը գյուղի վրա կրակոցներ են եղել՝ մեկ ժամից ավել տևեց: Գնդակոծությունը տան բակին էր ուղղված: ДШК-ով էին կրակում: Ծառերն ու տան լուսամուտների ապակիներն են վնասվել: Կրակոցներից մեր այգու ծառերը լրիվ չորացել են: 2015թ. օգոստոսի 3-ին ժամը 6:20-ին մինամյոտը ընկավ մեր տան աստիճանների մոտ՝ ծառի տակ: Էդ ժամանակ ինձ տնից հանում էին: Մինամյոտի ալիքից ընկա, էլ ոչ մի բան չեմ հիշում: Կրակելու ժամանակ հնարավոր չէ տանից դուրս գալ, ամենաապահով սենյակում նստում ենք: Մենք մեր պատշգամբից թուրք զինվորներին շատ պարզ տեսնում ենք >,- պատմեց Անուշ Ալեքսանյանը և ձեռքով ցույց տվեց ադրբեջանական դիրքերը:
«Կարկուտի նման թափում են գյուլլեքը»,- ասաց Շուշան Խաչիկյանը:
Լյուբա Սահակյանի ասելով՝ ադրբեջանցիների գնդակոծության ժամանակ իր ընտանիքը տանն է մնում: «Թուրքի համար ի՞նչ
զինանդադար: Էնա հա կրակում են: Ով փոքր երեխա ունի, ներքևի թաղից փախչում է վերևի թաղը: Համեմատաբար ապահով սենյակ ունենք, երբ իմ ննջարանից գնում եմ այդ սենյակը, չեմ կարողանում քնել: Ճամփա եմ պահում կրակոցները դադարեն: Ուզում է սպանեն, նորից գնում եմ իմ ննջարանը: Գնդակոծությունները տներին վնասում են, բայց փառք Աստծո, մարդկային կորուստներ չենք ունեցել: Որ Ղարաբաղ էնպես զուլում արին, առաջին երկու օրը մեզ վրա չկրակեցին, բայց հիմա սկսել են: Արդեն երկու օր է՝ սկսել են: Մի երկու օր առաջ էն գեշ զենքով կրակեցին, մեր հարևան Խաչիկյան Տիգրանի տան լուսամուտների ապակիներն է ջարդել: Ներքևի թաղի բոլորի, այդ թվում՝ Ալեքսանյան Արթուրի, Խաչիկյան Լևանի, բոլորի տներին էլ գյուլլեն դիպել է»,- հայտնեց Լյուբան:
Նրա ասելով՝ ոսկեվանցիները փախչելու տեղ չունեն. «Ու՞ր փախչենք, ի՞նչ անենք: Տուն ենք սարքել, էստեղ ենք ծնվել, մեր հողն ա, ի՞նչ անենք: Ճիշտ է, էն մեծ զենքերով չեն կրակում, բայց ավտոմատով մի երեք ժամ կրակում են»,- բացատրեց Լյուբան:
Փողոցում պատահաբար հանդիպած Կարինե Գևորգյանն ինձ ուղեկցեց գյուղի ներքևի թաղամասի 2-րդ փողոցը:
«Ամենավտանգավորը այս փողոցն է: Երեխաները վախենում են: Կրակոցների ժամանակ ներքևի թաղամասի տների բնակիչները համարյա բոլորը տանից փախչում են: Իմ տղան՝ Մհեր Հախվերդյանը, հիմա Կոթիի պոստերում է: Գիշերը մեր գյուղի տղամարդիկ գյուղապետարանում հերթապահում և հետևում են թշնամու գործողություններին, որ բնակիչների քնած ժամանակ գյուղի վրա չհարձակվեն: Կրակոցների ժամանակ մեկ էլ տեսա՝ հարսս ու տղաս երեխի հետ եկել են վերևի թաղամաս՝ մյուս տղայիս տուն: Ինչքա՞ն կարանք տանից փախչենք»,- ասաց Կարինեն:
Սոս Խաչիկյանի ասելով՝ ադրբեջանցիները միշտ «Ուղտի մեջք» դիրքից են կրակում, այս անգամ երկու դիրքերից էլ կրակել են: «Էտենց բան չկա, որ մի գիշեր չկրակեն: Ոչ մի բան չենք անում, էդ ժամանակ տանը նստում ենք: Որ վտանգավոր է, ի՞նչ անենք: Մինչև ե՞րբ կարող ենք տանից փախչել: Չէ, գյուղը ապաստարան չունի: Առանձին մարդիկ իրենց տներում ապաստարան են սարքել: Բայց դե պետք է գյուղի համար ապաստարան սարքեն, էլի: Էստեղ ուղիղ նշանառություն է: Թուքերի հենակետերը գյուղից մեկ կմ հեռավորության է: Լրիվ վզրիվնոյ է գցում, պայթում է: Էստեղ պայթել է, դրա համար ասկոլկեքը լրիվ ցրել է: Էդ ասկոլկեքն են պատուհաններս ջարդել: Հա, տղաներս տանը չեն, փոքր տղաս՝ Վահեն, ծառայում է Քարվաճառում, մյուս տղաս Երևանում սովորում է: Երեկոյան են սկսում կրակելը, ժամը 10-ին, 11-ին, 12-ին սկսում են կրակել»,- պատմեց Սոսը:
Իմանալով, որ գյուղ լրագրող է այցելել, Ռայա Ավագյանը ինձ էր փնտրում. «Հա, էս գիշեր էլ ենք տանից փախել: Կարմիր-կարմիր գյուլեն թափվում է կրիշի վրա: Ես ի՞նչ գիտեմ՝ ոնց է լինելու: Հեսայ, յեշե հլա: Սրանից մի 5-6 օր առաջ է արել: Տենո՞ւմ ես, գյուլլեն տվել է ու եկել է դեն անց կացել: Երեկ երեկոյան ուժեղ կրակեցին, երեխեքը թթչահար եղան, էնա իմ տեգոր երեխեն եկավ մեզ վեր կալավ, ավտոյով տարավ իրենց տուն: Էլ ի՞նչ տի լինի դրանից դենը: Էնա սաղ օրն էսա: Սաղ օրը կրակոցների միջին ենք: Ո՛չ գործ ենք անում, ո՛չ մի բան: Փետը բերել եմ դասել, էդ վառոտին մտիկ արա, որ հանկարծ տեսնենք չենք կարողանում դուրս գանք, գոնե էն գարաժն էլա մտնունք: Հինգ անձ ենք տանը: Էն օրը բախչեն մտա, մի հեյվարա գյուլլա գտա: Էս թաղը չիմ թուրքի սահմանի բերանինն ա»,- ասաց Ռայան և ցույց տվեց
«դիտարկվող թաղամասի» սահմանակետը:
Ռայան թշնամու գնդակներից պաշտպանվելու համար իր տան 1-ին հարկի լուսամուտները փակել էր ավազով լի պարկերով:
Ռաֆիկ Ավագյանը բացատրեց, որ ադրբեջանցիները իրենց դիրքերին հարող ադրբեջանական գյուղերը դատարկել են: «Էնա 1991թ.-ից դեսը էսենց ա: Ամեն ձևի զենքով էլ թուրքերը մեզ վրա կրակում են, մինամյոտով էլ են կրակում: Արդեն գիտենք՝ որ կրակոցը որ զենքից է»,- ասաց Ռաֆիկը:
Ռաֆիկ Ավագյան |
«Ոսկեվանի 407 ծխից 300 տուն է բնակեցված»,- հայտնեց գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը: Նա նաև բացատրեց, որ դեպի Իջևան և Վրաստան գնացող հանրապետական նշանակության ավտոմայրուղին է ինչ-որ առումով դժվարացնում ադրբեջանական հենակետերի դեմ մեր բանակի ակտիվ գործողությունները: «Եթե մեր բանակը հարվածի ադրբեջանական հենակետերին, նրանք կխփեն միջպետական ավտոմայրուղով անցնող մեր տրանսպորտային միջոցներին: Դա ինչ-որ տեղ մեզ զսպում է: Բայց բանակը իր ֆունկցիան կատարում է, ժողովուրդը շատ գոհ է, շատ վստահում է մեր բանակին»,- ասաց Ոսկեվանի գյուղապետը:
Մեկնաբանել