Դավիթ Լոքյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է, որ նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային:
Նախարարը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցության մակարդակն ու համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը: Դավիթ Լոքյանն այդ համատեքստում ընդգծել է վերջին շրջանում ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագիրը, որը դպրոցաշինության համալիր ծրագիր սկսելու հիմք դարձավ նախարարության համար: «Կարողությունների, մասնագիտական հմտությունների զարգացման տեսանկյունից ծրագրի իրականացումը անհրաժեշտ է: Մենք ձեր օժանդակությամբ արված այդ ծրագրով ենք ընտրել այն դպրոցների ցանկը, որոնք կամրացվեն կամ նորից կկառուցվեն»,- ասել է տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչան շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նախարարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնել` խոստանալով գործուն ջանքեր ներդնել տարածքներում երեխաների բարեկեցության ապահովման հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածքներում նախադպրոցական ծառայության այլընտրանքային մոդելի մշակմանը, ինչպես նաև նախարարության և հիմնադրամի ընթացիկ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել