HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

5 բանկ զիջում է զոհվածների և վիրավորների ընտանիքների վարկային պարտավորությունները

Ինչպե՞ս է կատարվելու գործընթացը

Հայաստանում գործող առևտրային բանկերից չորսն արդեն հայտարարել են, որ պատրաստ են զիջել ղարաբաղա-ադրբեջնական շփման գծում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները։ Այսօր նրանց միացավ ևս մեկը։ Այդ բանկերն են՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը, «Կոնվերս Բանկ»-ը, ինչպես նաև՝ «Ինեկոբանկ»-ը։

«Արցախի առաջնագծում այս ապրիլյան դեպքերի ընթացքում և դրանցից հետո «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում ստացվել են դիմումներ մարտական գործողություններին մասնակցելու մեկնող, ինչպես նաև այդ գործողություններից տուժած անձանցից կամ նրանց ընտանիքների անդամներից՝ վարկային պարտավորությունների պայմանների վերանայման, այդ թվում՝ պարտավորությունների զիջման առաջարկով: Առ այսօր ստացված բոլոր դիմումները բավարարվել են բանկի կողմից՝ հօգուտ դիմումատուների։ Բացի այդ, բանկում ստեղծվել է աշխատանքային խումբ նշված դեպքերից տուժած, բայց բանկ չդիմած հաճախորդներին հայտնաբերելու և հնարավոր խնդիրները բացահայտելու նպատակով։

Մինչև ապրիլյան դեպքերը «Ինեկոբանկը» զիջել է բազմաթիվ հաճախորդների պարտավորություններ, այդ թվում՝ բանակում զոհված կամ վիրավորված անձանց պարտավորություններ: Միայն 2015թ. ընթացքում հասարակական լայն հնչեղություն ստացած երկու արտակարգ դեպքերից (ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռ, Գյումրիում՝ դաժան սպանություն) տուժած անձանց պարտավորությունները «Ինեկոբանկի» հանդեպ ամբողջությամբ զիջվել են:

«Ինեկոբանկը», հանդիսանալով հաճախորդների մեծ քանակ ունեցող հանրային կազմակերպություն, հաճախ է առնչվում պարտավորությունների կատարման անհնարինության խնդիրներին: Դրանք կարող են լինել ինչպես զուտ ֆինանսական կամ կարգապահության խնդիրներ, այնպես էլ վարկառուի հիվանդության, մահվան, արտակարգ դեպքերի և նմանատիպ այլ իրավիճակներ, որոնց դեպքում բանկն առաջնորդվում է իր կողմից մշակված սոցիալական քաղաքականությամբ, որի հիմնական սկզբունքներն են սոցիալական պատասխանատվությունը, հաճախորդամետությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը»,- այս մասին, ի պատասխան «Հետք»-ի հարցմանը, տեղեկացրին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։

Առաջիկայում կներկայացնենք նաև մյուս բանկերի դիրքորոշումները նշված հարցի վերաբերյալ։

Դեռևս պարզ չէ՝ որ բանկը որքան է զիջելու

Հանրության շրջանում բանկերի այս հայտարարությունները ևս քննարկումների առիթ դարձան։ Տրամաբանական է, որ դրանք բազմաթիվ հարցեր են առաջացնում՝ ինչպե՞ս է կատարվելու գործընթացը, ո՞ր բանկը որքան է զիջելու, կա՞ն հստակ տեղեկություններ, թե քանի՞ վարկառու է ներառված այդ ցանկում և այլն։ Ոմանք ողջունում են բանկերի այս քայլը, ոմանք՝ մեղադրում ցավոտ թեման որպես PR քայլ օգտագործելու մեջ։

Հարկավոր է հասկանալ, որ բանկերի կապիտալը, վարկառուների թիվը, մարզերում ունեցած մասնաճյուղերի քանակը և վարկային պորտֆելները խիստ տարբեր են։ Բնակաբանար, խիստ տարբեր են լինելու նաև զիջվող վարկերի ծավալները։ Մի բանկի դեպքում այն կարող է ոչ մեծ գումար կազմել, մյուսի դեպքում՝ մեծ լինել ու լրացուցիչ խնդիրների առաջ կանգնեցնել բանկին։

Միևնույն ժամանակ, մամուլի վերջին հրապարակումները փաստում են, որ զոհված և վիրավորված զինծառայողների մեծ մասն անապահով ընտանիքներից են։

Վարկային պարտավորությունները զիջելու գործընթացը ևս տարբեր է բանկերում։ Օրինակ՝ «Ինեկոբանկ»-ի դեպքում, ինչպես տեսանք, դա արվում է և դիմումների հիման վրա, և նշված դեպքերից տուժած, բայց բանկ չդիմած հաճախորդներին հայտնաբերելու ու հնարավոր խնդիրները բացահայտելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի միջոցով։

Որպեսզի հարցերը քիչ լինեն, արվող աշխատանքն էլ՝ ավելի պարզ հասարակության համար, բանկերին առաջարկում ենք նաև հայտարարել, թե ինչպես է տեղի ունենալու վարկային պարտավորությունները զիջելու գործընթացը։ Հետագայում էլ հրապարակել, թե որքան գումար է զիջվել, և քանի ընտանիք է ներառվել այդ գործընթացում։ Այդ ժամանակ էլ արդեն պարզ կդառնա, թե որ բանկը որքան ներդրում է ունեցել այս գործում։ 

Իսկ թե ՀՀ կառավարությունն այս հարցի առնչությամբ որևէ քայլ կանի՞, թե՞ ոչ, առայժմ պարզ չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter