HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզանից միայն ինքնասիրությունն է մնացել»

Արցախյան պատերազմից Ռաշիդ Սարուխանյանին մնացել են քայքայված առողջությունը, վիրավորված ինքնասիրությունն ու անջնջելի հիշողությունները:

Արցախյան ազատամարտի մասնակիցն այսօր Նոյեմբերյանի դաշտերում օրավարձով մշակում է հարուստների հողերն ու վաստակած 1000-1500 դրամով պահում բազմանդամ ընտանիքը:

«Ախր ես չոր հաց ուտելով տարիներով սահմաններում քարշ եմ եկել, բայց էսօր եկել եմ, ով կռվի ժամանակ կնկա փեշի տակ էր մտել, նրա առաջ բանվորություն եմ անում»,- ասում է 46-ամյա նախկին սպան:

Սկզբում որսորդական հրացանով է կռվել, հետո, ամուսնական ոսկյա զարդերը վաճառելով, հրացան է ձեռք բերել ու անդամագրվել Հայոց Ազգային Բանակի ( ՀԱԲ) շարքերը: Մի քանի ամիս սահմանները պաշտպանելով` ընդգրկվել է հատուկ գնդում: Դա 1990-ի աշունն էր: Նոյեմբերյանի շրջանից 60 կամավոր էր մտել հատուկ գունդ:

«Ուրիշ կերպ էին պատկերացնում հատուկ գունդը: Մտածում էին, թե զենքը կողքները կկախեն, մի երկու կոպեկ պետությունից կփախցնեն, կապրեն»,- ասում է Ռաշիդը: Հատուկ գնդում մնացած զինակիցների հետ նա հսկել է Բերդավանից մինչեւ Բարեկամավան ընկած 57 կմ սահմանագծով տարածքը: Մասնակցել է Լաչինի միջանցքում եւ Քելբաջարում մղվող մարտերին, դրանց ազատագրմանը:

«Բախտավոր աստղի տակ ենք եղել»,- այսպես է արտահայտվում Քելբաջարի մարտերը հիշելիս, երբ 24 զինվորով հասել են ադրբեջանական տարածք, 24-ով էլ` հետ վերադարձել. ոչ մի գերի, ոչ մի զոհ: Այրումցի Ռաշիդի բախտը չի բերել Ներքին Աքսիբարի ազատագրման ժամանակ: 1991-ին արդեն Ոսկեպարի զորքերի հրամանատարն էր, երբ մարտական 11 ընկերներով երեք օր մնացին շրջափակման մեջ: Մեկ տարի հետո վեց օր անցկացրին թշնամու տարածքում: Չորս զինակիցներով հետախուզության էին գնացել Կոթի գյուղի մոտակայքի սարը, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների ձեռքում:

«12 կմ երկարությամբ խորացել էինք դեպի թշնամու տարածք: Ճար չկար դուրս գալու, արդեն օղակել էին,- հիշում է Ռաշիդը,- մեր ուժերով կարողացանք դուրս գալ: Երեւի ինչ-որ մի տեղ նստեցին, հանգստացան, մենք էլ պահը գտանք, դուրս եկանք»: Պատմում է, թե ձեռքի տակ եղած սննդի պաշարը բավականացրել էր մի քանի օր, որից հետո նույնիսկ սկսել էին տերեւ ուտել:

Երրորդ շրջափակման ժամանակ Ռաշիդն ու ընկերները մատնվեցին սովի: Թշնամու օղակման մեջ էր Ոսկեպար գյուղը: Գյուղացիները փախել էին: Մնացած սակավաթիվ մարդիկ կենտրոնացել էին գյուղի կենտրոնում: Ոսկեպարը Ռաշիդն իր զինակիցներով շրջափակել էր՝ թույլ չտալով թշնամուն խորանալ դեպի գյուղ:

Հրադադարի հաստատումից հետո Ռաշիդ Սարուխանյանը ծառայության է անցել Նոյեմբերյանի զորամասերից մեկում: Ոսկեպարի պաշտպանությունից հետո նրան նշանակել են Նոյեմբերյանի հատվածի հետախուզության պետ: Դրանից մեկ տարի անց դարձավ շրջիկ ջոկատի պետ, այնուհետեւ մասնակցեց Նոյեմբերյանի զորամասի ստեղծմանը եւ նշանակվեց վաշտի հրամանատար:

1997 թ. ընդհարվեց զորամասի հրամանատարի հետ: «Այնպես արեց, որ ոչ միայն դիմում գրեմ, դուրս գամ, այլ ուզում էր վրաս քրեական գործ հարուցել»: Տեղի ունեցած միջադեպի պատճառով նա թողնում է ծառայությունն ու փակված համարում բանակի հետ ունեցած հաշիվները: Նրան մնում են միայն զինվորական գրքույկն ու սպայի կոչումը: Չհասցրեց թոշակի անցնել: «Նույնիսկ երկրապահի տված վկայականները հավաքեցին: Զտեցին, մենակ ինձ չէ, ինձ նման մի քանի կռվող տղերքի»,- դառնացած ասում է Ռաշիդը: Անցյալ տարի ինը տարի ուշացումով Ռաշիդ Սարուխանյանին են փոխանցել սպարապետ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ հաստատված շքանշանը:

«Որքանո՞վ է դա ճիշտ»,- հարցնում է նա ու պետությանը մեղադրում իր նմաններին պատերազմից հետո անտարբերության մատնելու համար: Նոյեմբերյանի հատուկ գնդում կռված 60 տղաներից միայն մեկն է այսօր մնացել ռազմական համակարգում: Ռաշիդ Սարուխանյանը նրանց հեռանալը պայմանավորում է ինքնասիրությունը վիրավորելով, բանակում իր նմաններին տեղ չտալով:

Զինակից ընկերներից շատերն ինքնասիրությունը պահպանելու համար լքեցին բանակը, մյուս մասին էլ հեռացրեցին: Կարող էր, չէ՞, պետությունը պահել ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներին, ովքեր չունեին զինվորական կրթություն, բայց մասնակցություն են ունեցել պատերազմական գործողություններին:

Ռաշիդն ասում է, թե մի քանի անգամ իրեն կանչել են ծառայությունը Նոյեմբերյանում շարունակելու նպատակով, սակայն առողջությունն արդեն թույլ չի տալիս: Ստամոքսում եւ տասներկումատնյա աղիքի հատվածում խոց ունի: Աղիները պետք է վիրահատել, բայց գումար չունի: Դեռ պատերազմի տարիներին թոքերը հիվանդացան: Բուժվելուց հետո չցանկացավ անցնել թոշակի:

«Էն ժամանակ մեր նպատակն ուրիշ էր. բանակ պիտի ստեղծեինք ու ստեղծեցինք, բայց հետո քանի գնաց, ոնց որ արհամարհվեցինք, ընկանք ետին պլան»,- պատճառաբանում է Ռաշիդը:

Նախկին սպան առաջարկում է ռազմական ինստիտուտին կից ստեղծել վերապատրաստման դասընթացների բաժին, որտեղ «իր նմանները, ովքեր չունեն զինվորական կրթություն, բայց մեծ ավանդ ունեն հայոց բանակի ստեղծման գործում, կվերապատրաստվեն ու դուրս չեն գա այդ օղակից: Թե չէ ստացվում է, որ այսօր զինված ուժերում ծառայում են նրանք, ովքեր նույնիսկ սահմանի երես չեն տեսել»:

Ռաշիդը վատ է զգում նրանց փոխարեն, ովքեր պատերազմի տարիներին ստիպողաբար ծառայել են մի քանի ամիս, բայց այժմ շքանշանը կրծքներին` հասարակությունում դիրք են գրավում ու արհամարհում իրենց:

«Ցավ ես ապրում, որ լրիվ արհամարհված ես»,- ասում է Ռաշիդ Սարուխանյանը, ով պատերազմից հետո կարծում էր, թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է պատճառը, որ իրենց մոռացել են: «Մի՞թե 12 տարվա մեջ չկարողացան մի անգամ հիշել»:

Ռաշիդ Սարուխանյանի ընտանիքն ապրում է իր եւ կնոջ աշխատանքով: Նոյեմբերյանի դաշտերում ուրիշի բերքը հավաքելուց, խոտը հնձելուց բացի նրանք այլ եկամուտ չունեն: Ընտանեկան բյուջեն այն աստիճան աղքատիկ է, որ չեն կարողանում որդուն օգնել շարունակելու կրթությունը: Չնայած դժվարություններին՝ չի ուզում շատ բողոքել. դեռ կարողանում է գլուխը պահել: «Իսկ ի՞նչ ասեն հաշմանդամ դարձած մարտական ընկերներս, որ տանը նստած թոշակով են ապրում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter