
Պարոն դեսպան, ի վերջո, մոտեցեք ծանրաձողին կամ լքեք բեմը
Ֆեյսբուքյան տիրույթում հատուկ էջ է բացվել, որի հետևորդները պահանջում են հետ կանչել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին: «Այս էջի նպատակն է հասնել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հետկանչին, քառօրյա պատերազմի ընթացքում դրսեւորած հանցավոր անգործության համար»,-նշված է էջում:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին, որը ներկայացնում է Միխեիլ Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, ապրիլի 8-ին հակահայ հայտարարությամբ էր հանդես եկել: «Մենք աջակցում ենք լարվածության թուլացմանն ու հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքի (այս դեպքում' Ադրբեջանի) ապահովմամբ… »,-ասել էր պատգամավորը: Այս հայտարարությանն արձագանքել են հայաստանյան կողմից, սակայն դրան հակակշիռ պաշտոնական դիրքորոշում այդպես էլ չի հայտնվել: Նմանատիպ այլ հայտարարություններ էլ են հնչել Վրաստանում, սակայն դիվանագիտական կորպուսն այնտեղ քար լռություն է պահպանում:
Եվ, ընդհանրապես, սփյուռքն այս օրերին փորձում է կազմակերպվել, ամենամոտ սփյուռքը՝ հարևան Վրաստանում, անտեր է մնացել:
Յուրի Վարդանյանի՝ 2014թ. հունիսի 24-ին դեսպան նշանակվելուց հետո գործունեությունը սահմանափակվում է ուղերձներ հղելով: Վրաստանում ՀՀ դեսպանության կայքից պարզ է դառնում, որ դեսպանն այս տարի մեկ օր է աշխատել, և նրա առաջին և վերջին աշխատանքային օրը եղել է հունվարի 27-ը, երբ Թբիլիսիում նշվել է ՀՀ ԶՈւ կազմավորման 24-րդ տարեդարձը: Ընդհանրապես, դեսպան Վարդանյանի ներկայությունը Վրաստանում սահմանափակվում է տոնական միջոցառումների մասնակցությամբ: Բայց, պարզվում է, համայնքի համար կարևոր միջոցառումներին նրան նույնիսկ դռնից ներս չեն թողնում:
Անցնող տարվա հոկտեմբերի 31-ին Թբիլիսիի սուրբ Գևորգ եկեղեցու օծմանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի, որին մասնակցել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և այլ բազում բարձրաստիճան պաշտոնյաներ, արարողության ժամանակ անվտանգության աշխատակիցները դեսպանին ներս չեն թողել եկեղեցի: Ներկաները պատմեցին, որ դեսպանը դռան մոտ սպասում էր՝ մինչև օծման արարողությունն ավարտվեց:
Դեսպանին ճանապարհի կեսից հետ են ուղարկել նաև Մառնեուլի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունից: Գյուղում պատրաստվել են, որպեսզի մեծ շուքով դիմավորեն բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ դեսպանին, սակայն դեսպանն այդպես էլ գյուղ չի հասել: Պարզվում է՝ դեսպան Վարդանյանը չի ցանկացել իրավիճակը սրել և, անսալով նահանգապետի՝ հայ-ադրբեջանական համայնքների միջև լարվածություն չմտցնելու կոչին, հետ է վերադարձել Թբիլիսի:
Հայ-ադրբեջանական հակամարտության վերջին սրման օրերին լարվածություն է նկատվել նաև Ջավախքում: Տեղացիները «Հետքին» պատմեցին, որ թուրք-վրացական սահմանին տեղացի հայերի և Կարծախի սահմանակետն անցած թուրքերի միջև բախումներ են եղել: Սակայն դեսպան Յուրի Վարդանյանը դրանից էլ տեղյակ չէ:
Վերջապես, մի հարց է հուզում հանրությանը, պարոն դեսպան, տեղյակ եք, որ ապրիլի երկուսից սկսած Արցախում իրավիճակը խիստ լարված էր, և Հայաստանը մինչ օրս 75 զոհ է ունեցել: Պարոն դեսպան, տեղյակ եք, որ ՀՀ դեսպանն եք Վրաստանում, և այս օրերին ոչ միայն ձեր պաշտոնական կայքը, այլև սոցիալական ցանցերը պետք է օգտագործեիք Արցախի հարցի և հակամարտության վերաբերյալ առնվազն պատշաճ ինֆորմացիա փոխանցելով, էլ չասենք՝ տարբեր հանդիպումներում ՀՀ շահերը պաշտպանող դիրքորոշումներով, Դուք Թբիլիսի երկարատև արձակուրդի չեք ուղարկվել:
Պարոն դեսպան, ի վերջո, մոտեցեք ծանրաձողին կամ քաջություն ունեցեք ինքնակամ թողնել բեմը, որտեղ Ձեզ նույնիսկ չեն ծափահարում: Սա կրկես չէ, այլ պատերազմ է:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել