HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

4-օրյա պատերազմից տուժած բնակավայրերը վերականգնվում են. Մարտակերտ

Չորսօրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում արկակոծված 57 առանձնատների ու որոշ ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքները սկսվել են։ Ըստ Մարտակերտի շրջվարչակազմի տվյալների` առավել ուժեղ տուժել է 7 տուն, իսկ մնացածը՝ մասնակի։

Մարտակերտից Գրիգորյանների տունը 7 ռմբակոծվածներից մեկն է։ Ռումբը խոցել է տանիքը և ընկել սենյակի մեջ՝ ամբողջությամբ ոչնչացնելով ողջ կահույքը։ Մանյա Գրիգորյանը, ցույց տալով արկի հետքերը տան պատերին ու կահույքին, պատմում է, որ քնած ամուսինն ու երեք որդիները հասցրել են լքել տունը ռմբակոծությունից 10 րոպե առաջ։ Այդ օրն ինքը հիվանդանոցում հերթապահության էր։

«Երբ լսեցինք առաջին պայթյունների ձայները, իսկույն զանգել եմ ամուսնուս և ասել` այնպես անի, որ երեխաները չզարթնեն ու չվախենան։ Մտքովս չէր էլ անցնում, որ կրակոցները կշարունակվեն, ու ամեն ինչ էս աստիճան կլրջանա։ Գնալով պայթյունները ահանգնանում էին։ Ամուսինս առավոտյան զանգեց ու հարցրեց՝ երեխաներին դպրոց ուղարկի, թե չէ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մ․ Գրիգորյանը։

Մանիայի ամուսինը՝ Վարազդատը, պատմում է, որ գիշերվա կեսին, մեկը սկսեց ցնցել տան մուտքի դուռը։

«Զարմացա, թե ով պետք է գիշերվա կես դուռը ցնցի առանց կանչելու։ Եթե հարևաններն են, կարող էին ինձ անունով կանչել, ոչ թե «դուռը ջարդել»։ Գիշերվա երեքի կողմերն էր, դուրս եկա բակ, տեսա քաղաքի ներքևի հատվածը կրակի մեջ է, հեռվում լսվում էին նաև պայթյունների ձայներ։ Սպասեցի մինչև առավոտյան վեցը, անասուններին տարա հանձնեցի նախրապանին ու հետ եկա տուն։ Քիչ անց արդեն սկսեցին մեր թաղամասը ռմբակոծել։ Արկերի պայթյունից բարձրացած փոշու ամպերի մեջ սկսզբից չենք հասկացել, որ արկերից մեկն էլ մեր տունն է խոցել»,- պատմում է Վարազդատը։

Երկու անչափահաս որդիրներին Մանյան տարել է մոր մոտ՝ հարևան գյուղ, իսկ 17-ամյա ուսանող որդին՝ Բորիսը, հոր հետ օգնել է վարպետներին` տան տանիքը վերանորոգելու գործում։ Երկու ամսից Բորիսը զորակոչվելու է բանակ։

«Թուրքից չեմ վախենում և պատրաստ եմ մնացածների հետ իմ պարտքը կատարել»,- ասում է տղան։

Գրիգորյաններին ժամանակավոր ապաստան է տվել հարևանը՝ ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկներից մեկի կինը։

ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ բացի տուժած տների վերանորոգումից, կառավարությունը ամբողջությամբ փոխհատուցել է նաև մարդկանց տնտեսական կորուստները։

«Մատակերտից հետո  վերականգնողական աշխատանքները կսկսվեն նաև Մատաղիսում։ Թալիշի հարցը դեռ քննարկման փուլում է»,-ասաց Ա․Բեգլարյանը։

Մատաղիսցի մանկավարժ Նուրվարդ Մովսիսյանի 7 հոգուց բաղկացած ընտանիքը ժամանակավորապես ապրում է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում, որտեղ ապաստան են գտել Մատաղիսից, Թալիշից ու Մարտակերտից տարհանված տասնյակ ընտանիքներ։

Փախստակաների մեծ մասը, անգամ հյուրանոցում ապրելով, սովորության համաձայն շտապում են հյուրերին սուրճ կամ թեյ հյուրասիրել։ Այնինչ, տարհանված ընտանիքների մեծ մասը հրթիռակոծությունից փրկվել է մաշիկներով եւ հագին եղած շորերով։

Նուրվարդ  Մովսիսյանը, ցույց տալով սեղանին դրված շրջանակի մեջ երկու նկարերն, ասաց․
«Երկու օր հետո զինվորական որդիս է ուղարկել ամուսնուս ու թոռնիկներիցս մեկի լուսանկարը։ Երեխաներին հագուստ ու խաղալիքներ այստեղ են տվել»,-պատմում է նա։

Մինչ Մարտակերտում արկակոծված տներն են վերանորոգում, տիկին Նուրվարդի 12-ամյա թոռնուհին իր բախտակից երեխաների հետ Մատաղիսում ու Թալիշում իրենց լքած տներն են նկարել և փակցրել հյուրանոցի պատերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter