HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հարցազրույց տնտեսագիտության թեկնածու Ալեքսանդր Վարտանովի հետ

Հարցազրույց տնտեսագիտության թեկնածու Ալեքսանդր Վարտանովի հետ

- Ի՞նչ տեմպերով է զարգանում Հայաստանի տնտեսությունը, տնտեսության ո՞ր ոլորտներն են համարվում ամենահեռանկարայինը։

- Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը ցուցադրում է աճի կայուն բարձր տեմպ։ Իհարկե, այդ տեմպի վրա ազդեցություն են թողնում ազգային տարադրամի կուրսը, ներմուծման կառուցվածքը, առանձին ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունը, բայց կայուն տնտեսական աճը կասկածից վեր է։ Դրա վկայությունն են սպառման մեծացումը, շինարարական բումը, երկարատեւ սպառման ապրանքների ներմուծման նկատելի աճը եւ այլն։

Խորհրդային Հայաստանի տնտեսության ապամոնտաժումը, ավելի շուտ՝ քանդումը, ավարտված է, եւ այսօր մենք երկրի տնտեսության ճյուղային նոր կառուցվածքի ձեւավորման ականատեսն ենք։ Ներքին շուկայի համար լայն սպառման ապրանքների արտադրությունը կայուն տեմպերով աճում է, եւ կարելի է վստահորեն ասել, որ հայ ձեռներեցները ներքին շուկան ապահովում են մթերքներով եւ լայն սպառման ապրանքներով ավելի լավ, քան ուրիշ հետխորհրդային երկրներում է։ Դա նկատելի է ոչ միայն Վրաստանի կամ Մոլդովայի, այլ ինչ-որ չափով նաեւ Ռուսաստանի համեմատությամբ։ Արդյունաբերության այս մասում ազատական տնտեսական քաղաքականությունը վատ արդյունքներ չտվեց, թեեւ, ըստ երեւույթին, այստեղ շուկան մոտ է հագեցմանը, եւ ներքին շուկայի համար լայն սպառման ապրանքների արտադրության զարգացման հեռանկարը սահմանափակ է։

Վերջին տարիներին հումքի արդյունահանման սեկտորում տեղի է ունեցել բավական ակտիվ զարգացում Հայաստանի համար ավանդական արտադրանքի (պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլն) գների խիստ բարենպաստ իրադրության պայմաններում։ Հարկ է նշել, որ մասնավոր սեկտորը դեռեւս ձեռնամուխ չի եղել հումքային պաշարների խորը վերամշակմանը։ Թվում է, որ հանքարդյունաբերության (որն աշխատանքի միջազգային բաժանման մեջ երկրի ներգրավման հավանական հիմքերից մեկն է), ինչպես նաեւ լայն սպառման ապրանքներ արտադրող խոշոր ձեռնարկությունների համար կա երկու ճանապարհ՝ դառնալ խոշոր միջազգային կորպորացիաների մաս կամ մարգինալացվել որպես այդ կորպորացիաների հումքային կցորդ։ Եւ այստեղ կարելի է խոսել ազատական տնտեսական մոդելի շրջանակում զարգացման սահմանափակ հնարավորությունների մասին։ Առանց երկրի արդյունաբերական կարողությունների ձեւավորման մեջ պետության գիտակից մասնակցության, Հայաստանի հեռանկարները սահմանափակված են ներքին շուկայի համար արտադրությամբ եւ հումքային ձեռնարկությունները խոշոր միջազգային կորպորացիաներին վաճառքով։

Այսպիսով` ազատական տնտեսական մոդելի շրջանակում Հայաստանը ցուցադրում է աճի լավ տեմպեր եւ ստանում է հենց այն արդյունքները, որոնք անցումային տնտեսությամբ երկրներին հանձնարարում են այնպիսի միջազգային խորհրդատուներ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ այլն։ Մենք ունե՞նք այլընտրանք։ Դա կախված է այն բանից` արդյո՞ք կկարողանա վերնախավը ձեւակերպել տնտեսական զարգացման ազգային մոդել եւ իրականացնել այն համաշխարհային տնտեսական իրավիճակին եւ ազգի հնարավորություններին համահունչ:

- Արդյոք ուղղակի կապ կա՞ բնակչության բարեկեցության եւ երկրի տնտեսության զարգացման մակարդակի միջեւ, ինչպե՞ս է այն դրսեւորվում։

- Անկախության տարիներին էապես փոխվել է հայ հասարակության սոցիալական կառուցվածքը։ Այստեղ առավել նշանակալի է բնակչության այնպիսի նոր խմբերի առաջացումը, ինչպիսիք են բնատնտեսություն վարող գյուղացիները եւ սոցիալական թոշակառուները (այսինքն՝ մարդիկ, որոնք ապրում են արտասահմանից ստացվող փոխանցումների հաշվին եւ իրենց կենսապահովման եղանակով տարբերվում են ծերության եւ հաշմանդամության թոշակառուներից)։ Այդ խմբերի անդամների ճշգրիտ քանակը դժվար է գնահատել, թեեւ երկրի ցանկացած բնակիչ կհամաձայնի, որ դրանք մեծ խմբեր են թե՛ իրենց չափով, թե՛ հասարակության մեջ ունեցած նշանակությամբ։

Անկասկած, աշխատավորների, այսինքն՝ վարձով աշխատող մարդկանց, ձեռներեցների, արդյունաբերական եւ գյուղատնտեսական աշխատողների բարեկեցությունն ուղղակիորեն կախված է տնտեսական աճի տեմպից։ Դա նկատելի է ինչպես տնտեսության պետական եւ ոչ պետական սեկտորներում միջին աշխատավարձի աճից, այնպես էլ սպառման մակարդակից։ Բնատնտեսություն վարող գյուղացիների ինտեգրումն, ըստ երեւույթին, ժամանակի հարց է։ Այդ ընթացքն այսօր սահմանափակված է ներքին շուկայի ծավալով, եւ եթե չապահովվի հայկական սննդարդյունաբերության արտահանումը, ապա այդ գյուղացիները կշարունակեն մղվել դեպի արտագաղթ։

Ազատական տնտեսության մոդելի շրջանակում Հայաստանի տնտեսական զարգացման սահմանափակ հնարավորությունները չեն կարող պայմաններ ստեղծել արտադրական գործընթացի մեջ սոցիալական թոշակառուների ներգրավման համար։ Ուստի, սոցիալական այս խավի ապագայի հնարավոր սցենար կարող է լինել կամ կենսապահովման ներկա եղանակի պահպանումը (գոյությունը փոխանցումների հաշվին), կամ արտագաղթը։

Այսպիսով՝ մեր երկրի սոցիալական խմբերի մի մասի բարեկեցությունն ուղղակիորեն կախված է տնտեսական զարգացման մակարդակից, իսկ մյուս մասինը՝ արտագնա աշխատանքի երկրների տնտեսական վիճակից։

- Ինչպե՞ս կարելի է բնութագրել երկրի տնտեսական անվտանգության մակարդակը, տնտեսության հատկապես ո՞ր ոլորտներն են նպաստում, եւ որո՞նք՝ խոչընդոտում երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը։

- Իմ պատկերացմամբ՝ երկրի տնտեսական անվտանգությունը բառիս նեղ իմաստով նշանակում է տնտեսության կայունությունը արտակարգ իրադրություններում (տրանսպորտային շրջափակում, տարերային աղետներ, ռազմական գործողություններ)։ Հաշվի առնելով 1990-ականների սկզբին երկրի տնտեսության գործառման փորձը՝ կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանում ստեղծված են նեղ իմաստով տնտեսական անվտանգության ապահովման բոլոր պայմանները։ Այդ պայմաններն են գյուղատնտեսական, մասնավորապես՝ հացահատիկային արտադրանքի նկատելի ավելացումը եւ արտաքին ազդեցությունների նկատմամբ կայուն էներգետիկ համալիրի առկայությունը։

Լայն իմաստով տնտեսական անվտանգությունը, իմ կարծիքով, որոշվում է միջազգային տնտեսության մեջ ինտեգրվածության աստիճանով եւ տնտեսվարման ներքին ու արտաքին պայմանների փոփոխությանն արձագանքելու ճկունությամբ։ Այս առումով կցանկանայի նշել հետեւյալը։

Նույնիսկ ԱՊՀ բազմաթիվ երկրների համեմատությամբ՝ Հայաստանի տնտեսությունն աչքի է ընկնում միջազգային ինտեգրվածության համեմատաբար ցածր մակարդակով։ Դա հետեւանք է ազատական տնտեսական մոդելի սահմանափակ հնարավորությունների, որը չի նախատեսում մասշտաբային տնտեսական ծրագրեր, այդ թվում՝ պետության մասնակցությամբ։ Այս իմաստով ռուսական էներգետիկ ընկերությունների գործունեությունը ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ներկայացնում է տնտեսական զարգացման եւ տնտեսության առանցքային սեգմենտների վերահսկման ճանապարհով Ռուսաստանի տնտեսական անվտանգության ապահովման նոր տիպ։ Հարկ է նշել հայ հասարակության եւ մասնավորապես տնտեսության համեմատաբար ցածր ճկունությունը տնտեսվարման ներքին եւ արտաքին պայմանների փոփոխության նկատմամբ։ Մասնավորապես՝ 2006 թվականին ազգային տարադրամի կուրսի նշանակալի բարձրացումը, որը նկատելիորեն թուլացրեց, իսկ մի շարք դեպքերում ոչնչացրեց երկրի արտահանման կարողությունները, պայմաններ չստեղծեց արտահանողների շահերի պաշտպանության համար։ Հավանաբար, սա վկայում է երկրի տնտեսական անվտանգության սպառնալիքի առկայության մասին, որի պատճառը նման փոփոխություններին շուկայի սուբյեկտների ոչ պատշաճ արձագանքն է։

- Ներկա պահին Հայաստանը տնտեսության ասպարեզում ի՞նչ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ է համագործակցում, ի՞նչ ավանդ ունեն արտասահմանյան ներդրումները տնտեսության զարգացման մեջ։

- Իմ կարծիքով՝ Հայաստանն աչքի է ընկնում միջազգային տնտեսական կազմակերպությունների գործունեության մեջ ներգրավվածության բարձր մակարդակով։ Անցումային տնտեսություն ունեցող ուրիշ երկրների համեմատությամբ` Հայաստանն ավելի մեծ չափով է աշխատում միջազգային կազմակերպությունների հետ։ Միջազգային ծրագրերում ներգրավվածության մակարդակով Հայաստանը զբաղեցնում է առաջատար դիրք (տե՛ս, օրինակ, Կենտրոնական հետախուզական վարչության 2002-2005 թթ. տեղեկագիրը)։

Այնպիսի միջազգային կորպորացիաներ, ինչպիսին է, ասենք, Կոկա-Կոլան, ներկայացված են շուկայի մասշտաբներին եւ բնակչության ակտիվությանը համապատասխան չափով։ Հայաստանի տարածքում ռազմավարական ներդրումներ է կատարում մեր ավանդական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ինչպես նաեւ Ֆրանսիան, Իրանը եւ այլ երկրներ։ Այստեղ անհրաժեշտ է ընդգծել մի հանգամանք։ Տնտեսական զարգացման ազգային ծրագրի գոյությունը թույլ է տալիս միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա ներդրողների միջոցներն օգտագործել սեփական տնտեսության զարգացման նպատակով։ Բնականաբար, հաշվի առնելով ներդրողի շահերը։ Այս իմաստով Հայաստանի բնակչությանը ժամանակակից աշխատատեղերով, իսկ ընդհանուր առմամբ ողջ հայ ժողովրդին հայրենիքում ապրելու հնարավորությամբ ապահովելու խնդիրը կարող է լինել գիտակից ազգային վերնախավի ռազմավարական նպատակը։ Ինձ թվում է, որ այս ուղղությամբ միջազգային ներդրողների հետ աշխատելու հնարավորությունները բնավ սպառված չեն։

- Երկրում ի՞նչ տեղ է զբաղեցնում գյուղատնտեսությունը, տնտեսական ողջ համակարգի մակարդակով այն համարվո՞ւմ է հեռանկարային ճյուղ։

- Պաշարների սահմանափակության եւ աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկությունների պատճառով գյուղատնտեսությունը չի կարող լինել երկրի տնտեսության զարգացման խիստ նշանակալի գործոն։ Անխուսափելի արդյունաբերականացումը հանգեցնում է ագրարային սեկտորում զբաղվածների թվի կրճատման։ Ես չեմ կարծում, որ երեք միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի ապագան կարող է կապվել գյուղատնտեսության հետ։ Միայն համաշխարհային տնտեսության ներկա վիճակին պատշաճող բարձր տեխնոլոգիական արտադրությունները կստեղծեն պայմաններ աշխատանքի միջազգային բաժանման մեջ Հայաստանի լիարժեք ներգրավման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter