«Այս երկիրն իր ժխտական ու դրական երեսներով միշտ կմնա իմ հայրենիքը»
Գայանե Սարգսյան
2011 թ.-ին Սիրիայի Հալեպ քաղաքից Հայաստանի մայրաքաղաք, ապա Լոռու մարզ տեղափոխված սիրիահայ Սահակ Ակիլյանին հանդիպեցինք Լոռու մարզպետարանում: Վերջինս եկել էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ՝ խնդրելու աջակցել 96-ամյա մոր աչքերի վիրահատության հարցում:
Կարճ ժամանակ Երևանում մնալուց հետո Ս. Ակիլյանը բնակություն է հաստատել Լոռու մարզի Սպիտակ համայնքում՝ նպատակ ունենալով զբաղվել պանրագործությամբ:
«Էստեղ հատուկ սիրիահայերի պանիրը սարքում էի, դա մի քիչ տարբեր է աս տեղի պանիրներից: Կաթ էի առնում տարբեր մարդկանցից ու պանիր սարքում»,- ասում է զրուցակիցս ու ափսոսանքով նշում, որ շուրջ 3.5 տարվա գործունեության արդյունքում ոչ միայն շահույթ չի ստացել, այլև մեծ վնասներ է կրել, ինչի պատճառով ստիպված է եղել դադարեցնել պանրի արտադրությունը:
«Խաբեության ենթարկվեցի մի քանիսից: Մենք վարժ չէինք խաբեության: Մարդիկ անընդհատ էստեղ խաբում էին ինձ, դրա արդյունքում ձախողվեցի գործի մեջ, ինսուլտ խփեց, և չկարողացա շարունակել»,- պատմում է Սահակը:
Համեմատական կատարելով Սիրիայի ու Հայաստանի բնակչության միջև, վերջինս ասում է՝ Հայաստանում խաբեության զոհ դառնալը սիրիահայերի գլխավոր դժգոհության պատճառն է:
«Էնտեղ մի լավ բան որ պետք է անեիր, Սիրիայում արաբներն ասում էին՝ սա հայկական խոսք է, հայը որ խոսք էր տալիս, անպայման հարգում էր, անում էր և մենք չէինք խաբում երբեք: Սուտը մեզի համար չգիտեմ, անընդունելի բան է, աներևակայելի բան է: Ես չեմ կարող մարդու խաբել և վերջը նրա երեսին նայել ամբողջ կյանքումս: Էստեղ դա սովորական բան է ու սա մեր՝ սիրիահայերիս գլխավոր դժգոհությունն է, որ նկատել ենք,- նշում է Սահակը, բայց և հաջորդ պահին փորձում արդարացնել նաև խաբողներին,- բացասական երևույթներ շատ կան, բայց ես միշտ համոզվում եմ, որ դրանք իրենց դրդապատճառներն ունեն: Չմոռանանք թե ինչ վիճակներով ենք անցել, պատմությունը շատ լավ գիտեմ: Պետք է սերունդներ փոխվեն, որ երիտասարդները կարողանան այս երկիրը լավագույն երկիրը դարձնել»:
Սահակն ասում է, որ գիտակցական ողջ կյանքի ընթացքում երազել է Հայաստան գալու մասին: Առաջին այցը, սակայն, հնարավոր է եղել 2004 թ.-ին:
«Երբ առաջին անգամ 2004 թ.-ի ապրիլի 24-ին Հայաստան այցելեցի, էդ օրվանից սիրահարվեցի ես էս երկրին և ասացի՝ ես անպայման պիտի գամ էս երկիր: Ամբողջ աշխարհը ման եմ եկել, և սա միակ տեղն է, որ ես ինձ հարազատ եմ զգացել, իմ հարազատների մեջ եմ զգացել: Նույնիսկ Սիրիայում, ուր ես ծնվել մեծացել եմ, էսպես ազատ չէի զգում ինձ: Ընդհակառակը, էնտեղ ամբողջ կյանքում ինձ զգացել էի օտար հակառակ նրան, որ ապրում էի մի միջավայրի մեջ, որտեղ հարգում էին ինձ: Զգում էի, որ ես հայ եմ, ես ունեմ իմ հայրենիքը, ու դա Հայաստանն է»,- նշում է Սահակն ու վստահեցնում՝ թեկուզ հայրենիքից հեռու մշտապես հետևել են Հայաստանում կատարվող իրադարձություններին ու պարբերաբար փորձել աջակցել:
Գործընկերների հետ կազմակերպած աջակցության ծրագրերից գործարարն առանձնացնում է 88-ի երկրաշարժից հետո արվածը, երբ սիրիահայ համայնքը միավորվելով Հայաստան ուղարկեց ոչ միայն սնունդ, հագուստ, այլև գումար: Հանգանակության ընթացքում սիրիահայ 8-ամյա աղջնակի ներդրման մասին զրուցակիցս հիշում է նաև այսօր՝ երկրաշարժից 28 տարի անց:
«Երկրաշարժից անմիջապես հետո հավաքվեցինք, հանգանակություններ արեցինք և էդտեղ մի դեպք շատ տպավորվել է: Իրիկունը հավաքվել էինք կիսավարտ մի կառույցում, հավաքեցինք ամբողջ հանգանակությունները: Մեկ էլ մի երեխա եկավ մոր ձեռքից բռնած: 8 տարեկան աղջնակ էր: Բերավ իր գանձանակը՝ մետաղադրամներով լի: Ուրիշները բերել էին լիքը բաներ, փող էլ, բայց այդ գանձանակը ինձ ամենամեծ նվերն էր»:
Գրաֆիկ դիզայների մասնագիտություն ձեռք բերած Սահակը 1972թ.-ին՝ 23 տարեկանում Սիրիայում հիմնել է «Սահակ Ակիլիան» ընկերությունը, որն սկզբնական շրջանում զբաղվել է ապակե ու մետաղական իրերի վրա տարատեսակ պատկերների տպագրությամբ: Ավելի ուշ ընկերությունն ընդլայնվել ու սկսել է արտադրել արդյունաբերական սարքեր:
«Երբ նոր էի սկսել շշերի ու մետաղի վրա տպագրությունը, ամբողջ Սիրիա-Լիբանան առաջին անողն էի էդ գործը: Վերջն արդեն նաև արդյունաբերական մեքենաներ էի սարքում մեծ ֆաբրիկների և այդտեղ գործը շատ զարգացավ: Իմ մոտ 22 բանվոր էր աշխատում»,- պատմում է գործարար սիրիահայը:
Սիրիայում տունն ու ձեռնարկությունը թողած զրուցակիցս Հայաստանում իր գործով զբաղվել չի ցանկացել՝ «էս երկիր դրա պահանջքը չունի, նույնիսկ եթե ունի էլ, մեծ չէ շուկան»:
Դատարկաձեռն Հայաստան հասած Ս. Ակիլյանը Հայաստանում իր կեցությունն ապահովում է նվազագույն կենսաթոշակով ու ընտանեկան նպաստով: Գումարը փոքր է, սակայն նա գոհ է: Ասում է՝ գիտի, սիրիահայերի թիվը Հայաստանում հիմա շատ մեծ է, իսկ բոլորին ու ամեն ինչով օգնել երկիրը չի կարող:
«Իմ եկած ատենս մատերի վրա կհաշվեինք՝ 1.700 էինք, հիմա 18.000-ի հասավ սիրիահայերի քանակը Հայաստանում: Այն ժամանակ ինչ-որ հաստատություններ ուզում էին մեզ օգնել, մենք չէինք դիմում, ամոթ էր, հիմա ստիպվեցինք այլևս: Բայց հիմա էլ նրանք զզվեցին այլևս. 18.000-ին գոհացնելը դժվար է այս պայմաններում»:
68-ամյա Ս. Ակիլյանն առօրեական դժվարություններից չի ընկճվում: Մեծ եղեռնի տարիներին Մուշից գաղթած նախապապերի անցած ճանապարհը հիշելով, ասում է.
«Մեր վիճակը ես միշտ համեմատում եմ իմ պապերի վիճակի հետ, որովհետև ես շատ լավ գիտեմ այդ Եռեղնի պատմությունը, ես ամբողջ այդ շրջանները ման եմ եկել, ես ծնկների մոտ եմ մեծացել իմ պապերի ու տատերի, որոնք ապրել են էդ վիճակն ու անցել Եղեռնի միջով: Պատմությանը շատ լավատեղյակ եմ և եթե այսօր համեմատենք մեր վիճակը նրանց վիճակի հետ, կասենք՝ փասք աստծո…»:
Սահակը հիմա մտածում է միայն 96-ամյա մոր ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը լուծելու ու աչքի վիրահատության մասին: «Պետք է դիմենք, որ նա էլ գոնե նվազագույն թշակ ստանա: Ասացին, որ պետք է տանեմ Երևան՝ օվիր, բայց ո՞նց կարող է նա այդ տարիքում վատառողջ վիճակով Երևան հասնի: Աչքի վիրահատություն էլ պետք է, արժեքը 230.000 դրամ է, ասացին՝ կտան կես գումարը, մնացածն օժանդակող պետք է լինի»,- ասում է նա:
Վերջին տարիներին Հայաստան եկած սիրիահայերի մի մասը մեկնեց ԱՄՆ, Կանադա ու այլ երկրներ: Սահակը թեև նրանց չի դատապարտում, սակայն մեկնել էլ չի պատրաստվում:
«Հաճախ ասում են՝ թքած այս երկրի վրա: Ես զզվում եմ այս խոսքից: Երկիրը ի՞նչ հանցանք ունի, մենք՝ մարդիկս ենք հանցավոր: Շատերը թողեցին գնացին, բայց ինձ համար այս երկիրը իր ժխտական ու դրական երեսներով միշտ կմնա իմ հայրենիքը և ես շատ լավատես եմ այս երկրի ապագայի նկատմամբ, ես հույսս դրել եմ երիտասարդների վրա»:
Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Ս. Ակիլյանի տեսողությունը կտրուկ վատացել է. նա գրեթե չի տեսնում: 96-ամյա մոր միակ խնամակալը լինելով, տեսողության կտրուկ վատացման պատճառով նա ոչ միայն չի կարողանում խնամել մորը, այլև հոգալ ընտանիքի տարրական կարիքները: «20 օրը մեկ պետք է դեղ սրսկվեի, մի սրսկումն արժե 25.000 դրամ: Հունիսից այս կողմ չէի սրսկված, արդյունքում հիմա համարյա կուրացել եմ»,- նշեց Ս. Ակիլյանը՝ խնդրելով աջակցել գոնե դեղամիջոցի ձեռք բերման հարցում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել