HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Միշտ մտածում ես` ինչ ես թողել թիկունքում». վիրավորված հետախույզի մտորումները

Լուսանկարում՝ հետախույզ Ա․Աբրահամյանը հոսպիտալում

Հետախույզ, ավագ լեյտենանտ Ա․Աբրահամյանը վիրավորվել է ապրիլի 4-ին  հյուսիսային սահմանում: Այս պահին բուժվում է զինվորական հոսպիտալում, որտեղ նրան խնամում է կինը: Հետախույզը երկու անչափահաս աղջիկներին վիրավորվելուց հետո դեռ չի հանդիպել: Սպան չի ցանկանում, որ երեխաներն իրեն այդ վիճակում տեսնեն: «Հետքի» հետ զրույցում նա պատմում է  վերջին  մարտի մասին։  

-        Ապրիլի 4-ի առավոտյան` հրադադարի հաստատումից ժամեր առաջ, Թալիշի ամենաթեժ կետում էի, որտեղ ադրբեջանցիները կենտրոնացրել էին իրենց բոլոր ուժերը: Բարձրացել էինք մեր զինվորներին օգնելու: Սկսեցին ռմբակոծել, չհասցրեցի թաքնվել, ինձնից մոտ 3-4 մետր հեռավորության վրա արկ ընկավ, վիրավորվեցի: Ինձ իջեցրին հոսպիտալ, բայց ինձ թվում է, որ նրանց առաջխաղացման կանխմանը ես որևէ օգուտ տվել եմ: Մի քանի ժամ անց հրադադարի լուրն եկավ:

-         Ինչի՞ց եք ամենաշատն ազդվել վերջին մարտերի ժամանակ:

-         Ես չեմ պատկերացնում, որ մարդ կարող է այդքան դաժանորեն վարվել դիակի հետ: Չի կարելի, թշնամիդ է, սպանել ես, հասկացանք, բայց դրանից հետո գլուխ կտրելը, աչք հանելը մարդու գիտակցությունից դուրս բան է: Ես չեմ հասկանում` պետք է մարդկայինից դուրս ինչ լինի մեջդ, որ դիակի հետ նման կերպ վարվես: Ես էլ եմ զինվորական, ես էլ եմ ծառայության մեջ, ինձ համար էլ ադրբեջանցին է թշնամի, որ տեսնեմ, հաստատ սպանելու եմ, բայց որ սպանելուց հետո դիապղծությամբ են զբաղվում, չեմ պատկերացնում: Երևի մարդ չեն էլի, նոր սերնդի, մուտացիայի ենթարկված արարածներ են, որ նման բան են կարողանում անել: Ասելով չի, չեք պատկերացնում ուղղակի, թե ինչեր են անում: Մուսուլմանի ամենագազան տեսակն են, որ ոչ հավատ ունեն, ոչ էլ վախ որևէ բանի նկատմամբ: Մենք չենք կարող ուղղակի նման բան անել: Իմ զինակից ընկերներից մեկը սպանել էր ադրբեջանցի զինվորին, նյարդայնացած շարունակում էր կրակել դիակի վրա: Ասել եմ` կրակի ինչքան ուզում ես, բայց հանկարծ մատով չկպնես:

-         Ի՞նչ է կատարվում զինվորականի գլխում` ծանր ու լարված պահերին:

-         Ես կարծում եմ, որ նման իրավիճակներում ցանկացած մեկն էլ վախ ունենում է: Չկա մարդ, որ չվախենա: Եթե մեկն ասի, որ չի վախենում, չեմ հավատա: Վախը բոլորիս մոտ կա, բայց կարևոր է, թե հոգեբանորեն քեզ ոնց ես տրամադրում` այն հաղթահարելու: Միշտ մտածում ես` ինչ ես թողել թիկունքում: Մտածում ես երեխաներիդ, ընտանիքիդ մասին. հանկարծ եթե էլ չլինես, ով է երեխաներիդ պահելու. չէ՞ որ հայրենիքդ ընտանիքիցդ է սկսվում: Դա մտածելու հետ մեկտեղ, նաև մտածում ես, որ եթե հանկարծ չկռվես ու չկանխես, սրանք այստեղ են էսքան վայրենի, բա որ հանկարծ հասնեն քո տուն, հասնեն քո երեխային ինչ կանեն: Այդ ժամանակ ինքնաբերաբար առաջ ես գնում: Մանավանդ, երբ տեսնում ես, որ զինակից ընկերդ կողքիդ զոհվում է, արդեն ոչնչի մասին չես մտածում, ասում ես` ինչ կլինի, թող լինի:

Զգույշ լինելը շատ կարևոր է զինվորական գործում. եթե ուզում ես երկար պայքարել թշնամու դեմ, պիտի զգույշ լինես: Որքան էլ հոգեվիճակդ խանգարվի, պիտի պահես քեզ, դու ինքդ քեզ կարողանաս կարգավորել: Հենց մարդն ինքնակառավարումից դուրս եկավ, մեծ սխալներ կարող է թույլ տալ: Մանավանդ եթե հրամանատար ես, պիտի կարողանաս կառավարել նաև զորքիդ: Երբ զորքը տեսնում է, որ հրամանատարը հաստատուն, կայուն առաջ է գնում ու ինքնատիրապետումից դուրս չի եկել, ինքն էլ է վստահ լինում: Ցանկացած հրամանատարի և ենթակաների միջև համագործակցությունը պետք է պահպանվի: Ինձ իմ զինվորներն են դաշտից դուրս հանել ու փրկել: Նրանք իրենց կյանքի հաշվին փրկել են իմ կյանքը: Մնում է ապաքինվեմ, վերադառնամ զորքիս մոտ` ավելի փորձառու վիճակում: Այսքան բան տեսնելուց հետո հիմա շատ ավելի փորձառու ու զգույշ եմ լինելու:

Մեր զինվորները հոգեբանորեն շատ պատրաստակամ են ու կայուն, ինչն էլ ադրբեջանցու համար սարսափ է առաջացնում: Շատ են իմ զինվորները, ամեն մեկին պետք է ճանաչես ու հասկանաս: Հրամանատարի ամենամեծ գործն իր ենթակային ճանաչելն է. իմանալը նրա լավ և վատ կողմերը, նրա հնարավոր սահմանները, թե որքան լավ ու որքան վատ բաներ կարող է անել զինվորը: Ծանր պահերին, երբ մարդու հոգեվիճակը խանգարվում է, երկու կողմ կա գնալու` դրական կամ բացասական: Հրամանատարը պիտի գտնի իր զինվորի այն կետը, որով կկարողանա նրան վերահսկողության տակ պահել, զսպել նրան:

Զինվորներս, որ առաջին գծում են, ամեն օր տեղեկանում են առողջական վիճակիս մասին, ես էլ տեղեկանում եմ իրենց վիճակի մասին. անընդհատ կապի մեջ ենք: Մեր 18 տարեկան զինվորներն ապացուցեցին, որ իրենք տղամարդ տղա են, չեն վախենում ու չեն փախչում: Ես տեսել եմ, թե ինչ կերպ են կռվում, ուղղակի հպարտանում եմ այդ ջահել տղաներով, թե ոնց են կռվում: 

Լուսանկարը` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter