HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ինչպես է «ջնջվել» դատավոր Սուքոյանի նիստի ձայնագրությունը

Քաղաքացիական դատական գործերի համարակալման սկզբնատառերը հանդիսանում են գործը վարույթ ընդունած դատարանի պայմանական հապավում: Օրինակ՝ «ԵԱՆԴ» նշանակում է Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ «Հետքը» «Էդմոնդ Խուդյանը կասեցնում է իր փաստաբանի լիազորությունները. ինչու՞ է այդքան շահագրգիռ դատավոր Սուքոյանը» եւ «Դատական թնջուկ. փաստաբանը օգնության համար դիմում է Սերժ Սարգսյանին» հոդվածներով ներկայացրել է, թե ինչ ապօրինի միջոցներով և ինչ նպատակով է թիվ ԵԱՆԴ 1724/02/10 քաղաքացիական գործը 2011թ. հունիսին հայտնվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (ԵԿԴ): Այնուհետեւ գործն անմիջապես հանձնվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին, որի կողմից էլ, առանց ծանուցումների, անհապաղ վերացվել է նույն գործով կիրառված հայցի ապահովումը:

Պարոն Սուքոյանը գործը վարույթ ընդունելուց միայն հինգ ամիս անց՝ այս տարվա նոյեմբերի 2-ին, վերջապես նշանակել է նախնական դատական նիստ, իսկ 15 օր անց՝ նոյեմբերի 17-ին, որոշել է սկսել դատաքննությունը (հայցադիմումը դատարան է հանձնվել և վարույթ ընդունվել անցյալ տարվա նոյեմբերի 25-ին):

Նոյեմբերի 2-ին նախնական դատական նիստի ժամանակ պատասխանող Է. Համբարձումյանը դատարանին հայտնել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ:

«2010թ. փետրվարի 11-ից մինչ հուլիսի 30-ը (փաստացի` մինչ հունիս 16-ը), հանդիսանալով նույն գործով վիճարկվող փոխառության պայմանագրերով փոխատու, «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ տնօրենը որևէ գումար չի փոխանցել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին և դրա վերաբերյալ որևէ հաշվապահական փաստաթուղթ չի ստորագրել»,- ասել է Է. Համբարձումյանը:

Այսինքն՝ «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի միջև ստորագրված փոխառության պայմանագրերով գործարքներ չեն իրականացվել: Այնինչ այդ պայմանագրերի հիմքով թիվ ԵԿԴ 0061/04/11 սնանկության գործով «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի անունից ավելի քան 521 միլիոն ՀՀ դրամի պահանջ է ներկայացվել սնանկ ճանաչված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին և այդ գումարից 269 միլիոն դրամն արդեն հանձնվել է «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ին:

«Է. Համբարձումյանի կողմից հայտնված տեղեկությունները՝ թիվ ԵԱՆԴ 1724/02/10 քաղաքացիական գործով, թիվ ԵԿԴ 0061/04/11 սնանկության գործով և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին կանխամտածված սնանկության փաստով 03.05.2011թ. որոշմամբ հարուցված թիվ 83159711 քրեական գործով, որպես թույլատրելի ապացույց ներկայացնելու նպատակով՝ 11.11.2011թ.-ին դիմում եմ ներկայացրել թիվ ԵԱՆԴ 1724/02/10 քաղ. գործով դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչի օրինակը տրամադրելու խնդրանքով:

Դատավոր Սուքոյանի օգնականը 15.11.2011թ.-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, տրամադրել է լազերային սկավառակ (ենթադրվում է` դատական նիստի համակարգչային արձանագրման կրիչի օրինակը), որի պարունակությունն իմ գրասենյակում համակարգչի միջոցով ստուգելու արդյունքում պարզել եմ, որ թիվ ԵԱՆԴ 1724/02/10 քաղ. գործով 02.11.2011թ. ժամը 15:00-ի նիստի արձանագրությունը (ձայնագրությունն ու համառոտագրումը) բացակայում է: Անմիջապես զանգահարել եմ դատավոր Սուքոյանի օգնականին` 20-97-07 հեռախոսահամարով, սակայն հեռախոսազանզին չեն պատասխանել:

Դրանից հետո զանգահարել եմ նիստերի քարտուղարին 20-97-70 հեռախոսահամարով, հայտնել եղելությունը և պատասխան ստացել, որ օգնականը տեղում չէ, քիչ ուշ զանգահարեմ: Դրանից հետո մինչ ժամը 18:00 մի քանի անգամ զանգահարել եմ և օգնականի, և նիստերի քարտուղարի հեռախոսահամարներով, սակայն որևէ մեկը հեռախոսին չի պատասխանել:

16.11.2011թ. առավոտյան զանգահարել եմ դատավոր Սուքոյանի օգնականին, հայտնել եղելությունը և պատասխան ստացել, որ «02.11.2011թ. ժամը 15:00-ի դատական նիստը չի ձայնագրվել, համենայն դեպս, այդ նիստի ձայնագրությունը չկա»:

Խնդրել եմ նիստի արձանագրման համառոտագրումը տրամադրել: Կրկին զանգահարել եմ օգնականին և տեղեկացել, որ 02.11.2011թ. ժամը 15:00-ի նիստի որևէ արձանագրություն չկա իրենց մոտ, եղել է ձայնագրութուն և ջնջվել է»,- պատմում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Գործին մասնակցող կողմերից մեկի՝ Է. Համբարձումյանի դատարանին հայտնած տեղեկությունները (ցուցմունքները) հանդիսանում են ապացույց:  Փաստորեն, գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցը 2011թ.-ին դատարանում քննվող գործից անհայտացել է: Վաղը այս նույն դատավորի մոտ նորից նիստ է: Կարելի է կանխատեսել, որ գործի համար էական նշանակություն ունեցող Է. Համբարձումյանը վաղվա նիստին այլևս չի ներկայանա կամ նրա նկատմամբ ճնշում կգործադրվի եւ նա այլեւս նույն «սխալները» չի կրկնի: Թե ինչ պարբերականությամբ են «ջնջվում» դատավոր Սուքոյանի դատական նիստերի արձանագրոթյունները, կփորձենք պարզել առաջիկայում:

Մեկնաբանություններ (1)

Քաջիկ
Իսկ ի՞նչն էր խանգարում, որ դատական նիստերը փաստաբանները ձայնագրեին, որն՝ ի դեպ, օրենքով թույլատրված է, չգիտե՞ն ում հետ գործ ունեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter