HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանիքը երազում է, որ Արտյոմը քայլի և երեխա ունենա

Արփինե Մինասյան

28-ամյա Սոնա Սարիբեկյանը եւ 31-ամյա Արտեմ Խաչատրյանը 5 տարվա ամուսիններ են: Նրանք ամուսնացել են Արտեմի՝ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերելուց եւ սայլակին հայտնվելուց հետո։ Իրենց երջանիկ են համարում, ամուսնացողներին կամ նշանվողներին մաղթում են, որ իրենց պես սիրող զույգեր լինեն:

Սոնայի եւ Արտեմի (տանը նրան Արտյոմ են ասում-հեղ.) դպրոցական վեճերը սիրո են վերածվում: 2001թ. Սոնան ընտանիքի հետ Սեւանից մեկնում է ՌԴ-ի Օրսկ քաղաք: Ընդունվում է Օրենբուրգի պետական համալսարանի մասնաճյուղ Օրսկի հումանիտար-տեխնոլոգիական ինստիտուտ` ստանալով հոգեբան-մանկավարժի մասնագիտություն: Արտեմը դպրոցն ավարտում է, աշխատում եւ 2006թ. զորակոչվում բանակ՝ ծառայության անցնելով Տավուշի մարզի Նոյեմբերյանի «Կողբի» զորամասում։ 7 տարվա ընթացքում նրանք փորձում են տեղեկություն իմանալ միմյանցից:

«Որ ասում են ժամանակը սպանում է ամեն ինչ, իրոք, էդպես է, մոռացնում է ամեն ինչ… 2008 թվականն էր, երեք ամիս էր մնացել, որ զորացրվեի: Մի օր տարան ավազ բարձելու, չգիտեմ ոնց՝ գլուխս պտտվեց եւ գլխի վրա ընկա Դեբեդ գետը: Ջրի տակ բետոն էր, գլխով հարվածեցի դրան, ծանր մարմնական վնասվածք ստացա` վզի կոտրվածք»,-բանակում իր հետ կատարվածն է վերհիշում Արտեմ Խաչատրյանը:

Նա շատ ծանր վիրահատության է ենթարկվում: Բժիշկները կոտրվածքն ուղղում են: Սոնայի խոսքով՝ Արտեմին գետից հանելիս պետք է անշարժ վիճակում պահեին, տախտակի կամ հարթ ինչ-որ բանի վրա դնեին, գլուխը կախ չգցեին. նրա մոտ ողնուղեղային սալջարդ է եղել:

Իրենց բաժանումից յոթ տարի անց Սոնան մի օր Արտյոմի տուն է զանգահարում: Վերջինս Սոնային հայտնում է իր հետ տեղի ունեցածը:

«Իմացա, որ Արտյոմը սայլակի վրա է, հաշմանդամություն ունի: Շատ վատ տարա էդ լուրը, մոտ կես ժամ լալիս էի: Ասում էի` ինչո՞ւ պիտի մեր հետ սենց բան լինի, ընդամենը 2 օր էր ինձ պետք, որ որոշեի, որ պարտադիր պիտի գամ Հայաստան, Արտյոմին տեսնեմ»,-պատմում է Սոնան: Նրա խոսքով՝ պատեհ առիթ էր այն, որ քույրը որոշ փաստաթղթերի համար Հայաստան պիտի վերադառնար: Նա համոզում է մորը եւ 2009-ի ամռանը քրոջ հետ Հայաստան է գալիս: Սոնան մորաքրոջ աղջիկների ուղեկցությամբ տեսակցության է գնում Արտյոմին, երկար զրուցում են:

Արտեմի պատմելով՝ Սոնայի հետ մասնակցում է ընկերոջ ծննդյան արարողությանը, որպեսզի հիշողության համար մեկ լուսանկար ունենա:

«Նման դեպքեր եւրեւի 100-ից մեկն է լինում, որ հաշմանդամությունը հաշվի չառնելով՝ ամուսնանում են: Կասկածում էի, որ Սոնան ինձ հետ կամուսնանա, մյուս կողմից էլ՝ հույս կար: Կշեռքին դրած իրար հետ մրցում էին: Երբ Սոնան իմ մոտ վերադարձավ, հասկացա՝ հույսը ավելի ծանր գտնվեց, քան կասկածանքը: Տղամարդն է ընտանիքի կերակրողը, հույսը, մտածում էի, որ ես չեմ աշխատում եւ գուցե չկարողանամ էլ»,- ասում է 7 տարի սայլակին գամված Արտեմը:

Սոնան վերադառնում է Օրսկ, մորը պատմում է Արտեմի հետ կատարվածը՝ ասելով, որ ինքն անպայման ամուսնանալու է նրա հետ: Այս ընթացքում 6 ամիս աշխատում է Օրսկում իր մասնագիտությամբ: Պատմում է, որ երբ հերթական անգամ իր ձեռքը խնդրելու են եկել, զայրացել է եւ որոշել Հայաստան՝ Արտեմի մոտ վերադառնալ: 2011թ. հունվարի 6-ին` Սուրբ Զատկի տոնին, նա արդեն Հայաստանում էր:

«Արտյոմն ասեց՝ եթե որոշել ես, մտածում ես էդպես ճիշտ ա, իմ տան դռները քո առաջ բաց են: Եթե անգամ քո ծնողները գան, ու դու գնաս, ես էլի քեզ կհասկանամ, քո կողմից կլինեմ: Ասաց, որ իմ որոշումն ընդունում է, որ հիմա այն վիճակում է, որ չի կարող ինձ որեւէ բան տալ: Մենք չէինք որոշել, որ ես պիտի փախչեի գայի, Արտյոմն ինձ միշտ ասում էր` կկազդուրվեմ, կգամ քո հետեւից»,-պատմում է Ս. Սարիբեկյանը՝ ավելացնելով, որ մայրը հետո Հայաստան է եկել, իրեն ասել, որ մինչեւ Արտեմի կազդուրվելը բարեկամների տանն ապրի: Սոնան չի համաձայել:

Դժվարություններն ու խոչընդոտները հիմա երկուսով ավելի հեշտ են հաղթահարում, քան 2009-ին, երբ Արտեմը միայնակ էր:

«Որեւէ մեկի երեսը չէի ուզում տեսնել: Ֆիզիկապես եւ հոգեպես շատ վատ վիճակում էի: Սոնայի գալուց հետո եմ աստիճանաբար ուշքի եկել: Հիմա միասին փողոց ենք դուրս գալիս, ինչ-որ տեղ գնում: Էն ժամանակվա ամոթ հասկացությունը հիմա չկա»,- ասում է Ա. Խաչատրյանը:

Վիրահատությունից հետո բժիշկը քայլելու հույս է տվել Արտեմին, ասել է, որ ձեռքերը կբացվեն եւ շարժունակությունը կվերականգնվի: Մի քանի տարի անց դա էլ չի եղել: Ամուսինները այժմ դիմել են մի բժշկի, ով Արտեմի ռենտգեն նկարը տեսնելու ցանկություն է հայտնել, դրանից հետո կպատասխանի՝ վիրահատե՞լ, թե՞ ոչ: Արտեմը մտավախություն ունի. առաջին վիրահատությունից հետո թեւերի շարժունակությունը վերականգնվել է, գուցե այս վիրահատությունից հետո դա էլ կորցնի: Երաշխիքի դեպքում վիրահատությունը կատարվելու է Իսրայելում, որի համար մեծ ծախսեր են անհրաժեշտ:

«Այս տարիների ընթացքում մի վայրկյան անգամ չեմ կասկածել իմ ընտրությանը, չեմ զղջացել: Ճակատագրով ինձ էսպես էր սահմանված: Մեր բաժանումից 7 տարի անցել էր, մարդիկ կան, որ այդ յոթ տարվա ընթացքում մոռանում են ամեն ինչ: Սիրել, բաժանվել, նորից միանալ: Սիրելն ուրիշ բան ա: Մենք որ միասին ապրում ենք, դա սիրո ապացույցն է, որ տարիների ընթացքում էդ ամեն ինչը չի մահացել, վերացել, ուղղակի մի պահ քնել ա, հետո նորից արթնացել: Ես ինձ երջանիկ եմ համարում»,-ասում է Սոնան:

Նրանց միակ երազանքն է, որ Արտյոմի քայլի եւ փոքրիկ ունենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter