HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վարչապետը դեռ չի ընդունել Արզումանյանի կնոջը

«Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ քննչական որեւէ գործողություն չի կատարվել նրա ձերբակալման պահից մինչեւ այսօր: Նա, փաստորեն, չի հանդիպում ոչ քննիչի, ոչ դատախազի, ոչ որեւէ մեկի հետ, ով պարտավոր էր նրան որեւէ մեղադրանք ներկայացնել կամ հիմնավորել այն»,- Արզումանյանի գործի առիթով հունիսի 13-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Արզումանյանի պաշտպան Վահե Գրիգորյանը պատասխան է ստացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից այն մասին, որ ՀՀ նախկին արտգործնախարարի կալանավորման գործի վերաբերյալ դիմումը ստացվել է, եւ վեց ամսվա ընթացքում դատարան պետք է ուղարկվեն բոլոր փաստաթղթերը:

«Երկու ամսվա կալանքի ժամկետը կլրանա մոտ մեկ ամսից, եւ դրանից հետո պետք է եզրակացության գանք. սա մի փոքրիկ պատի՞ժ էր Արզումանյանի նկատմամբ, թե երկարատեւ պրոցեսի պիտի պատրաստվենք, որը հանգելու է դատական ավարտի,- նշում է Վ. Հարությունյանը եւ հավելում,- անկախ նրանից` Արզումանյանին բաց կթողնեն, թե ոչ, նրա գործը Եվրադատարանում շարունակվելու է, որովհետեւ բողոքարկվելու է նրա նկատմամբ կիրառված քրեական հետապնդման եւ խափանման միջոցի փաստը: Նա մեկ ամբողջ ամիս գտնվում է կալանքի տակ»:

Վ. Հարությունյանի կարծիքով` իշխանություններն Արզումանյանին ձերբակալելու երկու դրդապատճառ են ունեցել: Մեկը` Արզումանյանի ստեղծած «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը, մյուսը` այն, որ Արզումանյանը վերջին շրջանում իր հարցազրույցներում ու հանդիպումներում հաճախ խոսում էր ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ, փոխզիջումային տարբերակի մասին, ինչի հետեւանքով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրանց թիմակիցները ժամանակին հարկադրաբար հրաժարական տվեցին:

Հունիսի 5-ին կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն Ալ. Արզումանյանի կազմակերպված ցույցից հետո վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը ցույցի մասնակիցներին տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը կընդունի Արզումանյանի տիկնոջը` Մելիսա Բրաունին, սակայն առ այսօր որեւէ հրավեր չի եղել:

«Մենք սպասում ենք այդ հանդիպմանը, որովհետեւ դրա հետ հույսեր ենք կապում` իմանալով, որ մեր երկրում ավելի շատ այդ կարգի հանդիպումներն ու զրույցներն են հարցեր լուծում»,- ասում է Վ. Հարությունյանը:

«Մենք նամակներ ենք պատրաստել, որոնք ուղարկում ենք դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, խնդրում ենք հանդիպել, զրուցել այս դեպքի մասին, Ալիկին ճանաչել որպես քաղբանտարկյալ ու օգնել մեզ»,- նշում է Մելիսա Բրաունը:

Արզումանյանի պաշտպանության եւ նրան որպես քաղբանտարկյալ ճանաչելու մասին հայտարարությունը ստորագրել են գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, իսկ ահա իշխանամետներն առանձին հանդիպումներում ակցիայի նախաձեռնողներին պատասխանել են, որ նրանց հետ համաձայն են, բայց միանալ չեն կարող:

Քննիչները Մոսկվայում հարցաքննել են Արզումանյանին գումար ուղարկած նրա ուսանողական ընկերոջը` Սաշիկ Աղազարյանին: Նա գործարար է Մոսկվայում եւ Արզումանյանին ձերբակալելուց հետո հանդես էր եկել հայտարարությամբ եւ ասել, որ փողն ինքն է ուղարկել Ա. Արզումանյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter