HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Սամցխե-Ջավախքին և Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններին

ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է Մարդու իրավունքների վերաբերյալ 2015թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է նաև Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններին: Պետդեպարտամենտն արձանագրել է, որ վրացերենի թույլ իմացությունը հիմնական խոչընդոտն է Վրաստանի ազգային փոքրամասնությունների ինտեգրման գործում, չնայած քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային արգելքները նույնպես մնում են:

Հայերը, ադրբեջանցիները, աբխազները, Հարավային Օսիայի բնակիչները և ռուսները սովորաբար հաղորդակցվում են իրենց մայրենի լեզվով կամ ռուսերենով այն շրջաններում, որտեղ նրանց բնակչությունը գերազանցող խումբ է: Օրենքը թույլ է տալիս քաղաքացիական ծառայողի պաշտոն զբաղեցնել այն դեպքում, եթե նրանք ունեն պաշտոնական լեզվի բավարար իմացություն: «Որոշ փոքրամասնություններ պնդում են, որ այս օրենքը բացառում է նրանց մասնակցությունը կառավարությունում»,- նշվում է զեկույցում:

Անդրադառնալով քաղաքական կյանքում փոքրամասնությունների ներգրավմանը, զեկույցը նշել է, որ երեք հայ, երեք ադրբեջանցի և մեկ օս պատգամավոր կա Վրաստանի խորհրդարանում, սակայն ոչ մի էթնիկ ներկայացուցիչ չկա կառավարությունում, Վճռաբեկ կամ Սահմանադրական դատարաններում:

Պետդեպարտամենտն արձանագրել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակել է համալսարան ընդունվելուց մեկ տարի առաջ վրացերեն լեզվի ուսուցման «1+4» ծրագիրը ազգային փոքրամասնությունների համար: Ուսուցման համակարգում քվոտա է նախատեսվել բուհ ընդունվող ազգային փոքրամասնությունների շրջանավարտների համար՝ 12 % մասնակցությամբ: Հայերը և ադրբեջանցիները ստացել են այդ քվոտայից 5%-ական տոկոս, իսկ օսերն ու աբխազները՝ 1-ական:

Բացի դրանից, զեկույցը հղում է կատարել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի տարեկան զեկույցին, որտեղ նշվում է, որ ազգային փոքրամասնությունները Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերից իրենց մայրենի լեզվով լուրեր ստանալու սահմանափակ հնարավորություն ունեն: Վրաստանի կառավարությունը ֆինանսավորում է հայկական և ադրբեջանական մեկական թերթ, սակայն ՀԿ-ները դրանց որակը և բովանդակությունը ցածր են գնահատում:

«Վրաստանի հանրային հեռարձակողը ընդամենը 10-12 րոպեանոց լրատվական հաղորդումներ ունի հինգ փոքրամասնությունների լեզուներով և քննադատության է ենթարկվել փոքրամասնությունների բնակեցված շրջաններից քիչ լուսաբանումներ կատարելու համար»,-նշված է զեկույցում:

Ավելին, Հանրային ռադիոն տեղական լուրերի ամենօրյա աուդիո թողարկում ունի աբխազերենով, օսերենով, հայերենով, ռուսերենով և ադրբեջաներենով, սակայն ռադիո հասանելիությունը չի տարածվում Քվեմո-Քարթլիի և Սամցխե Ջավախքիի շրջանների շատ հատվածներում:

Սամցխե-Ջավախքի պաշտոնյանները իրենց մտահոգությունն են հայտնել կարևոր հաղորդումների՝ փոքրամասնությունների լեզվով բացակայության առնչությամբ, որը, ըստ նրանց, օտարացնում է ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter