
Սիրելի ամուսնուն սպասելիս. մայրն ու երեխաները տեղահանվել են, հայրն առաջնագծում է
Անի Հովհաննիսյան
28-ամյա Հասմիկ Ղարիբյանը 4 երեխաների մայր է: Ապրիլի 2-ի երեկոյան տորթ է թխել, որ հաջորդ օրը տանի մանկապարտեզ` տղայի 4-ամյակի առթիվ, իսկ երեկոյան ամուսնու և երեխաների հետ պլանավորել էին գնալ Ստեփանակերտ` ատրակցիոններ նստելու: Հենց այդ գիշեր էլ հնչել են արկերի պայթյունները, որից հետո Հասմիկն ու երեխաները գտնվում են տեղահանվածների համար հատկացված կեցավայրում, իսկ ամուսինը` հյուսիսային սահմանում:
«Ես եթե մի լավ օր եմ տեսել, ամուսնուս հետ եմ տեսել: Մինչև ամուսնանալս` միայն տանջվել եմ: Անապահով ընտանիք ենք եղել, հիմա էլ իմ ընտանիքն է անապահով, բայց ամուսինս շատ ուրիշ տեսակի մարդ է, մենք ամեն ինչ միասին ենք որոշում, ամեն հարցում ինքն ինձ աջակցում է: »,- ասում է Հասմիկը` հիշելով, որ դեռ 5 տարեկան էր, երբ մայրն Աղդամից կանաչի էր բերում, իսկ ինքը վաճառում էր փողոցներում:
Հասմիկի ամուսինը երբեմն-երբեմն զանգում է, հայտնում, որ ամեն ինչ կարգին է. «Ինքն ինձ շատ բան չի ասում, գիտի, որ անհանգստանում եմ: Ասում է, թե այնտեղ գործերով է, մեքենաներն է սարքում: Բայց դե, եթե խաբում է ու հիմա պատերազմում է, էլի իր երեխաների համար է անում, ոչինչ չեմ կարող ասել»,- ասում է Հասմիկը:
Մոտ 6 տարի Հասմիկենք բնակվել են մեկ սենյականոց տնակում, որի տանիքը կիսախարխուլ էր, պատերը` կիսաքանդ: Ամուսնու` աշխատանքի անցնելուց հետո բնակարան են վարձել Մարտակերտում: Ամուսնու աշխատավարձը և երեխաների նպաստը միասին կազմում են 151 հազար դրամ, որով հոգում են տան վարձը, կոմունալ վճարները և երեխաների սնունդը: Հասմիկն ու ամուսինը պլանավորել են 5-րդ երեխան էլ ունենալ` կառավարությունից տուն ստանալու նպատակով:
Հասմիկի հայրական տունը 1992-ի պատերազմի ժամանակ այրվել է` Մարտակերտի շրջանի Ջրաբերդ գյուղի այլ տների հետ մեկտեղ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել