HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարոզչությունն ավելի շատ է, քան իրական գործերը

Հարցազրույց Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագիության դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ

- Ի՞նչ տեմպերով է աճում Ադրբեջանի տնտեսությունը, տնտեսության ո՞ր ոլորտներն են համարվում ամենահեռանկարայինը։

- Սկսեմ նրանից, որ գոյություն ունեն Ադրբեջանի տնտեսության զարգացման երկու՝ պաշտոնական եւ իրական պատկերներ։ Օրինակ՝ համաձայն կառավարության վերջերս հրապարակած հաշվետվության՝ Ադրբեջանի տնտեսությունը զարգանում է դինամիկ ձեւով, իսկ աճի եւ տնտեսական զարգացման տեմպերով մեր երկիրն առհասարակ առաջատար է աշխարհում։ Պաշտոնական տվյալներով՝ 2005 թ. տնտեսական աճը կազմել է 26,4%, իսկ 2006-ին՝ 34,5%։ Անշուշտ, ոչ ոք չի ժխտում այս տվյալները, բայց միաժամանակ լռության է մատնվում այն փաստը, որ այդ աճի շարժիչ ուժը նավթարդյունաբերությունն է՝ կառուցված արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ գործունեության վրա։ Ընթերցողին հետաքրքիր կլիներ իմանալ ՀՆԱ-ի մեջ տնտեսության մնացած բոլոր ճյուղերի համեմատությամբ նավթային սեկտորի ունեցած տեսակարար կշռի մասին։ Եթե 2004 թվականին նավթային սեկտորի տեսակարար կշիռը համախառն արտադրանքի մեջ կազմել է 31,3%, 2005-ին՝ 53,1%, իսկ անցյալ տարի՝ 62,7%, ապա ոչ նավթային սեկտորի տեսակարար կշիռը սրընթաց նվազել է։ Անհնար է շրջանցել փաստերը։ Կառավարությունն ինչո՞վ կբացատրի այն փաստը, որ 2004 թ. ոչ նավթային սեկտորի տարեկան միջին տնտեսական աճը կազմել է 113,4%, մինչդեռ 2005 թ. այն նվազել է 110,8%, իսկ 2006-ին ընդամենը 110,9% էր։ Բացի այդ, համաձայն Համաշխարհային բանկի կանխատեսումների, սկսած 2008 թվականից` տեղի կունենա տնտեսական աճի տեմպի նվազում, եւ 2010-ին այն կկազմի միայն 5,7%։ Տնտեսական զարգացման տեմպը պետք է արտահայտվի սոցիալական եւ տնտեսական զարգացման մեջ, իսկ մեր կառավարության գրանցած տնտեսական աճը կոչված է տնտեսության զարգացման որակական ցուցանիշները նենգափոխելու քանակականով։ Մեր կառավարության տրամաբանությունը քննադատության չի դիմանում. թվերը խոսում են տնտեսական հրաշքի մասին։ Իսկ որտե՞ղ է այն։ Իմիջիայլոց, հրաշքի մասին։ Իլհամ Ալիեւը, ինչպես եւ նրա պաշտոնյաները, ամբողջովին անկեղծ են, երբ պնդում են, որ վերջին երկու տարվա ընթացքում տնտեսության աճի մակարդակով Ադրբեջանը գերազանցում է աշխարհի մնացած բոլոր երկրներին։ Բայց, միեւնույն ժամանակ, հարգարժան նախագահը լռում է այն մասին, որ ընդամենը 3 տարի առաջ՝ 2004 թվականին, տնտեսական աճի մակարդակով ամենաբարձր ռեյտինգն ուներ Իրաքը, ընդ որում՝ խիստ բարձր՝ 52,3% ցուցանիշով։ 2005 թվականին նրանից առաջ անցավ Ադրբեջանը, որն առաջինն էր նաեւ 2006-ին։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ երկրներ են հաջորդում Ադրբեջանին՝ Մավրիտանիա, Հասարակածային Գվինեա, Մալդիվյան կղզիներ եւ Անգոլա (Աղբյուրը. 2006, CIA World Factbook)։ Կարծեմ՝ մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ աշխարհի առավել նվազ զարգացած երկրների հետ հարեւանությունը երկրի ապագայի մասին լավատեսություն չի ներշնչում եւ առավել եւս՝ չի կարող հպարտանալու առիթ դառնալ մի երկրով, որն այդ ցուցակում գտնվում է աղքատ Անգոլայի հարեւանությամբ։ Ամոթալի փաստ է, որ իշխանությունները, եւ մասնավորապես՝ նախագահն ինքը, «Ադրբեջանի համաշխարհային առաջատարությունը» դարձրել են սեփական պոպուլիստական քարոզչության գլխավոր դրույթը։ Սա է Ադրբեջանի տնտեսության իրական վիճակը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե երկրի տնտեսության սեկտորներից ո՞րն է ամենահեռանկարայինը, ապա, իհարկե, նավթային սեկտորը։ Իսկ եթե խոսքը ոչ նավթային սեկտորի մասին է, ապա, իմ կարծիքով, հեռանկարային կարելի է համարել շինարարության, ծառայությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորները։

- Արդյոք ուղղակի կապ կա՞ բնակչության բարեկեցության եւ երկրի տնտեսության զարգացման մակարդակի միջեւ, ինչպե՞ս է այն դրսեւորվում։

- Անկասկած, այդպիսի կապ կա։ Որպեսզի իմ պնդումը չլինի մերկապարանոց, դարձյալ դիմենք թվերին եւ փաստերին։ Մեծ տարբերություն կա տնտեսական աճի եւ տնտեսական զարգացման միջեւ։ Այսօր մեր երկրում այդ աճից ամենամեծ օգուտը ստանում են հարուստները, թեեւ հայտնի է, որ միայն շահույթի արդարացի բաշխումը կարող է ազդել մարդկանց բարեկեցության վրա։ Օրինակ՝ եթե տնտեսական աճի օգնությամբ ստացվող ամբողջ շահույթը բաշխվի բնակչության բոլոր խմբերին, ապա պետք է մեծանան սրանից իրենց բաժինը ստացող քաղաքացիների հնարավորությունները։ Մինչդեռ մեր կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բնակչության 30%-ի, այսինքն՝ քաղաքացիների ամբողջ չքավոր խավի եկամուտի մեջ նկատելի փոփոխություններ չեն կատարվել։ Եկամտի նշանակալի աճն ակնհայտ է բնակչության ամենահարուստ խավը կազմող 10%-ի մոտ, բայց դա չի նշանակում, թե ամենաքիչ եկամուտներ ունեցողներն այդ աճից ինչ-որ բան ստացել են։ Նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ հայտարարվող բարիքների բաշխումը հասարակության մեջ սոցիալական տեսակետից այնքան էլ արդար չէ։ Քաղաքացիների հիմնական զանգվածը սեփական փորձից գիտի, թե հանրապետությունում ինչ որակ ունեն խմելու ջուրը, առողջապահական եւ մարդկանց կենսական կարիքներին վերաբերող այլ ծառայություններ։ Կենսական կարիքների թվին է պատկանում նաեւ այնպիսի ոչ տնտեսական, բայց կարեւոր հումանիտար գործոն, ինչպիսին կրթությունն է։ Նշված ցուցանիշները որակական փոփոխություններին հետեւելու ինդիկատորներ են։ Եթե, իրոք, այդպիսի փոփոխություններ կատարվեն, ապա մենք կասենք, որ ՀՆԱ-ի աճի հաշվին արագացավ տնտեսական զարգացումը։ Սակայն այսօր դժվար է նման բան պնդել։ Թե՛ կրթության, թե՛ առողջապահության տեսանկյունից որակական փոփոխություններ չեն նկատվում։ Ահա եւս մեկ ոչ սփոփիչ տվյալ։ Եթե անցյալ տարի Ադրբեջանում տնային հեռախոսով ապահովված էր 1000 մարդուց 119-ը, ապա Հայաստանում՝ 167-ը։ Իհարկե, իրերի այսպիսի վիճակը ի չիք են դարձնում Ադրբեջանի տնտեսական աճի մասին հայտարարվող պաշտոնական տվյալները։

- Ինչպե՞ս կարելի է բնութագրել երկրի տնտեսական անվտանգության մակարդակը, տնտեսության հատկապես ո՞ր ոլորտներն են նպաստում, եւ որո՞նք՝ խոչընդոտում երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը։

- Եւ նորից, պատասխանելու համար ես կդիմեմ միջազգային կազմակերպությունների տվյալներին։ Աշխարհի ամենահեղինակավոր հիմնադրամներից մեկը՝ «Heritage»-ը, մատնացույց է անում Ադրբեջանում ազատ ձեռներեցության կաշկանդումը եւ ներդրման իրավունքների կոպիտ խախտումները։ Այս հիմնադրամի հաշվետվության համաձայն՝ տնտեսական ազատության աճի մակարդակով Ադրբեջանն աշխարհում գրավում է 107-րդ տեղը։ Անհետաքրքիր չի լինի իմանալ, որ այդ նույն ցուցակում Վրաստանը զբաղեցնում է 35-րդ, իսկ իբրեւ թե աղքատ Հայաստանն ամրապնդվել է 32-րդ տեղում։ Ի՞նչ ազատ ձեռներեցության կամ մթնոլորտի մասին կարող է խոսք լինել։ Ինչո՞ւ կառավարությունը չի հերքում հեղինակավոր միջազգային կառույցների տվյալները։ Չէ՞ որ, ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, որոնց միջազգային ֆինանսական հաստատությունները դասում են հարաբերականորեն ազատ տնտեսությամբ երկրների շարքին, Ադրբեջանը պարզորոշ գտնվում է տնտեսապես անազատ երկրների ցանկում։ Վերջերս Համաշխարհային բանկը տնտեսական ազատությունների հարցով ուսումնասիրություն անցկացրեց նորանկախ երկրներում։ Այստեղ նույնպես մեր երկիրը հայտնվեց ոչ նախանձելի դիրքում։ Բայց արժե՞ զարմանալ, եթե բիզնես հիմնելու համար Հայաստանում պահանջվում է 24 օր, իսկ Ադրբեջանում նույն նպատակին հասնելու համար լավագույն դեպքում կպահանջվի երկու ամիս։ Ընդ որում ՝ այդ ընթացքում բախվելով անողոք կոռուպցիոն մեխանիզմին, պաշտոնյաներին կաշառելու համար ծախսելով հազարավոր դոլարներ։ Ադրբեջանում ազատ ձեռներեցության իրական վիճակը միանգամայն ճշգրտորեն արտահայտված է Համաշխարհային բանկի ռեյտինգային ցուցակում, որտեղ Ադրբեջանը զբաղեցնում է «պատվավոր» 96-րդ տեղը, այն դեպքում, երբ Հայաստանը գտնվում է 46-րդ տեղում։

Մեր երկրում ազատ ձեռներեցության շարքերում ընթացող «մաքրումների» վառ ապացույց է արտահանման եւ ներմուծման գործարքների համար գործարարների առջեւ ոչ պաշտոնական արգելքների ստեղծումը: Ի դեմս աննախադեպ բյուրոկրատական քաշքշուկների` իշխանությունները գիտակցաբար մեծ խոչընդոտներ են ստեղծել ազատ ձեռներեցության համար: Արտահանման գործարքների թույլտվություն ստանալու համար գործարարը պետք է ունենա 7 փաստաթուղթ պաշտոնյաների 40 ստորագրություններով: Իսկ ներմուծման գործարքների համար՝ 18 փաստաթուղթ եւ 55 ստորագրություն: Բոլոր այս միջոցներն ուղղված են մենաշնորհային քաղաքականության, մասնավորապես՝ հսկաների մենաշնորհի ամրապնդմանը, ողջ էքսպորտը եւ իմպորտը ներկայումս վերահսկվում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Բացի այդ, երկրի տնտեսական ազատությունների բացակայության վառ արտահայտություններից է նաեւ ադրբեջանական տնտեսության մրցունակության անկումը, ինչն ապացուցվում է 2006-2007 թթ. գլոբալ մրցունակության մասին հաշվետվության տվյալներով: Ի՞նչ փաստեր եւ հիմնավորումներ կարող է ի հակադրություն վկայակոչել մեր կառավարությունը, եթե անցած տարի Ադրբեջանը ԱՊՀ տարածքում մրցունակ ապրանքների իր ցուցակում ներկայացրել է ընդամենը 50 անուն, այն դեպքում, երբ հարեւան, եւ Իլհամ Ալիեւի խոսքերով ասած` աղքատ Հայաստանը ներկայացրել է 150 անուն ապրանք: Իսկ այնպիսի երկրների հետ մրցակցության մասին, ինչպիսին, ասենք, Ղազախստանն է, նույնիսկ խոսելու առիթ չի լինում: Աստանան իր մրցունակ ապրանքների ցուցակում ընդգրկել է 250 անուն: Եվ սա կոչվում է տնտեսական հրա՞շք, աննախադեպ տնտեսական ծաղկո՞ւմ, եթե մեր տնտեսությունը չի կարող մրցակցել նույնիսկ հայկականի հետ: Մեր տնտեսության մրցունակությունն առաջիկայում էլ անկում կապրի, ընդ որում` երկրաչափական պրոգրեսիայի տեմպերով: Եվ այս մասին է խոսում արտահանման եւ, ընդհանուր առմամբ, ողջ տնտեսության ամբողջովին կախվածությունը նավթային սեկտորից: 2006 թվականի տվյալներով` արտահանման 84%-ը կազմել են նավթը եւ նավթամթերքները, 6%-ը՝ նավթաքիմիական եւ մետալուրգիական արտադրանքը: Առաջիկա 3 տարիների ընթացքում Ադրբեջանը կշարունակի ներկայիս տնտեսական քաղաքականությունը, որին «նախանձում է ողջ աշխարհը», ինչն ավելի մեծ հարված կհասցնի մեր ապրանքների մրցունակությանը: Այս պայմաններում Ադրբեջանում տնտեսական որեւէ մի ազատության առկայության մասին խոսելն, իմ կարծիքով, սրբապղծություն է:

- Ներկա պահին Ադրբեջանը տնտեսության ասպարեզում ի՞նչ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ է համագործակցում, ի՞նչ ավանդ ունեն արտասահմանյան ներդրումները տնտեսության զարգացման մեջ։

- Ցավոք, Ադրբեջանի ողջ տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների ներկայության մասին վերջին տվյալները չունեմ: Դրանք բաց տվյալներ չեն: Այդ պատճառով ստիպված եմ լինելու վկայակոչել երկու-երեք տարվա վաղեմության տեղեկություններ: Իսկ դրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանը համագործակցում է աշխարհի բոլոր առաջատար երկրների հետ: Ոչ նավթային բնագավառում համագործակցությունն իրականացվում է նախեւառաջ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ: Իսկ եթե խոսենք նավթային սեկտորի մասին, ապա Ադրբեջանի հետ համագործակցող երկրներից են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան: 

- Երկրում ի՞նչ տեղ է զբաղեցնում գյուղատնտեսությունը, տնտեսական ողջ համակարգի մակարդակով այն համարվո՞ւմ է հեռանկարային ճյուղ։

- Իհարկե, գյուղատնտեսությունը մեր տնտեսության հեռանկարային ճյուղն է: Բայց այսօր մենք ունենք մի շարք ապացույցներ այն բանի, որ Ադրբեջանի ողջ տնտեսությանը համակել է «հոլանդական սինդրոմը»: Այս են վկայում շինանյութերի արտադրության արագ աճը եւ գյուղատնտեսական ապրանքների արտադրության բնական անկումը: Սկսվել է առեւտրային սեկտորի աստիճանական քայքայման գործընթացը: Ճգնաժամի գլխավոր ախտանիշներից մեկը դարձավ ռեսուրսների՝ կապիտալի, աշխատավորական ուժի «տեղափոխությունը» դեպի նավթային սեկտոր, որտեղ տեղի է ունենում տեխնոլոգիաների լիակատար փոփոխություն` աշխատատար բնագավառները իրենց տեղը զիջում են մեծ կապիտալ պահանջող բնագավառներին: Իսկ այդ գործընթացը կարճ ժամանակում կհանգեցնի երկրի նաեւ նավթային բնագավառում գործազրկության բարձր ցուցանիշների: Ահա եւ գյուղատնտեսության մեջ` երկրի ամենաաշխատատար ճյուղում, որով ավանդաբար պայմանավորվում էր բնակչության ընդհանուր զբաղվածությունը, իրավիճակը ավելի է վատացել: Օրինակ` 2006 թ. գյուղատնտեսական ապրանքների արտադրությունն ավելացավ 0,9%-ով: Արդյունքում գյուղատնտեսության զարգացման բնագավառում Ադրբեջանը կայուն տեղ ստացավ նույնիսկ ԱՊՀ երկրների աուտսայդերների խմբում: Մենք ետ ենք մնում ոչ միայն զարգացած Ղազախստանից եւ Ուկրաինայից, այլեւ զգալիորեն զիջում ենք Բելառուսին եւ նույնիսկ Մոլդովային: 

- Լայն սպառման բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների վերջին բարձրացումը կառավարությունը դիտարկում է որպես անհրաժեշտ քայլ, որը կապված է միջազգային կազմակերպությունների պահանջների հետ: Որքանո՞վ էր նպատակահարմար բնակչության մեջ ոչ պոպուլյար այդ քայլը, եւ արդյո՞ք ճիշտ էր ընտրված դա անելու ժամանակը:

- Սկսեմ նրանից, որ էներգակիրների եւ կոմունալ ծառայությունների գների բարձրացումն, ընդհանուր առմամբ, անսպասելի չէր: Ադրբեջանի իշխանություններն արդեն անցած 2006 թ. վերջից սկսեցին խորիմաստ դատողություններ անել էներգակիրների, բենզինի եւ կոմունալ ծառայությունների համաշխարհային գների մասին: Այսօր մենք քաղում ենք այդ դատողությունների պտուղները: Կարող եմ ձեզ շնորհավորել, Ադրբեջանն արդեն հասել է ներքին օգտագործման համար բենզինի ամերիկյան գների մակարդակին: Բայց այստեղ ծագում է մի շատ բնական հարց` մի՞թե ադրբեջանցիների կենսամակարդակը համեմատելի է ամերիկյանի հետ: Ցավոք, ոչ: Կառավարության այդ քայլը հնարավոր չէ տրամաբանորեն բացատրել, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծ մասն ապրում է աղքատության սահմանից այն կողմ, նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում սպառողական միջին զամբյուղին, երկրում կա գործազուրկների բանակ: Մեղմ ասած` զարմացնում է Սակագնային խորհրդի` գների բարձրացման մասին որոշումն ի կատար ածելու կարգը: Մեր ունեցած տվյալներով` որոշումը պատրաստ էր դեռեւս 2007 թ. հունվարի 6-ին, բայց Սակագնային խորհրդի անդամներից եւ ոչ մեկը բառ իսկ չէր ասել այդ մասին: Թեւ նրա կանոնադրության 2.1.9 կետում սեւով սպիտակի վրա գրված է , որ ընդունվելիք որոշումների մասին խորհուրդը պետք է տեղյակ պահի ԶԼՄ-ներին: Կառավարությունը գների բարձրացման տարբեր հիմնավորումներ է բերում: Նշվում է, որ ջերմաէներգետիկ համակարգում եւ կոմունալ տնտեսության մեջ կան սուբսիդիաներ, որոնք պետբյուջեի համար հավելյալ խնդիրներ են առաջացնում: Կառավարությունը համարում է, որ այդ սուբսիդիաները սոցիալական ծրագրերին ուղղելով` կկարողանա փոխհատուցել բնակչությանը հասցված վնասը: Բայց նման բացատրությունն անտրամաբանական է, քանի որ 2007 թ.-ի սուբսիդավորման ծավալն ընդամենը 5 մլն մանաթով էր ավելի փոքր, քան 2006 թվականինը: Այդ նվազումն անշոշափելի է: Ցավոք, կառավարությունը մի կողմից շարունակում է սուբսիդավորման քաղաքականությունը, իսկ մյուս կողմից` սատարում գների բարձրացմանը: Եվ դրա հետ մեկտեղ ասվում է, որ ներքին շուկայում ցածր գները հանգեցնում են նավթի անօրինական արտահանմանը: Արդյունքում դա բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա: Սակայն մաքսային եւ սահմանապահ ծառայությունների նորմալ գործունեության պարագայում անօրինական արտահանում տեղի չի կարող ունենալ: Բացի այդ, իշխանությունները պնդում են, որ Վրաստանում եւ հարեւան այլ երկրներում նավթամթերքների գներն ավելի բարձր են, քան մեզ մոտ: Բայց, չէ՞ որ այդ երկրները չեն զբաղվում նավթարդյունաբերությամբ: Ուրեմն եթե Վրաստանը բարձրացնում է նավթամթերքների գները, մե՞նք էլ պետք է նույնը անենք: Ստացվում է, որ նավթամթերքների գների մեր քաղաքականությունը որոշում է Վրաստա՞նը: Մի խոսքով, բերվող փաստարկներն անհամոզիչ են: Գների բարձրացման պատճառն իրականում այն է, որ որոշ բարձրաստիճան, առայժմ անձեռնմխելի այրեր հետապնդում են զուտ անձնական շահեր: Այն ռեսուրսները, որոնց գները բարձրացրեց Սակագնային խորհուրդը, պետք է լինեն պետության հսկողության տակ, բայց, փաստորեն, դրանք մի խումբ մարդկանց կողմից են վերահսկվում: Այն, որ կառավարությունը գաղտնի էր պահում ընդունված որոշումը եւ միայն երկու օր անց հրապարակեց այն, վկայում է, որ իշխանությունները հաշվի չեն նստում հասարակական կարծիքի հետ: Բոլոր փորձագետների կարծիքով` գների հանկարծակի բարձրացումը տնտեսական շոկ կառաջացնի, հետագայում կխորացնի ինֆլյացիան: Ինֆլյացիայի չափերը կարող են սպառնալի լինել: Օրինակ` այս տարվա վերջին ինֆլյացիան կարող է աճել մինչեւ 25%, եթե հաշվի առնենք, որ տարվա առաջին եռամսյակում այն 16% էր: Բացի այդ, Տնտեսական հետազոտությունների մեր կենտրոնի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համատեղ հաշվետվության մեջ ասվում է, որ Ադրբեջանում տարվա արդեն առաջին եռամսյակում ծառայությունների բնագավառում գները բարձրացել են 27,91%-ով, մթերային ապրանքները թանկացել են 16,98%-ով, ոչ մթերային ապրանքները` 11,83 %- ով:

Ա. Հասանով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter