HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտի հետ ու առանց Հրանտի

Հրանտի հերոսական մահը հիացրեց, հպարտություն, նաեւ նախանձ առաջացրեց Հայաստանում։

Սակայն զգացմունքներից ամենամեծը զարմանքն էր՝ այդ ի՜նչ հակազդեցություն էր, ի՜նչ հուղարկավորություն... Եվ, քանի որ Ստամբուլում կատարվածը դուրս էր հայաստանցիների պատկերացումներից Թուրքիայի եւ այդ երկրի բնակիչների մասին, ապա փորձեցին, այնուամենայնիվ, բացատրել գիտցածով։ «Ամեն մեկն իր գիտցածը կպաշտպանէ»,- ասում էր Հրանտը, ես էլ հակաճառում էի. «Ավելի շատ` չգիտցածը»։

Ճիշտ կլիներ հետաքրքրվել, թե ո՞վ էր այն մարդը, որի ընկնելուն պես 200 000 հոգի ոտքի ելան եւ բացականչեցին «Բոլորս Հրանտ ենք», «Բոլորս հայ ենք», սակայն, պատճառը թողած, փորձեցին հետեւանքը մեկնաբանել.

1. Ուղղակի կերպով հասկացողներն ասացին. «Տեսնու՞մ եք ինչքան հայ կա Ստամբուլում»:

2. Առաջադեմները «կռահեցին», որ դրանք թուրքեր են, բայց` կեղծարար. «Տեսնու՞մ եք, թե ինչ խաղ են խաղում թուրքերը»:

3. Հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնածները վերադարձան հետեւյալ պատասխանով. «Դրանք փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին, թեեւ նրանց մեջ նաեւ թուրքեր կային»։

4. Քիչ չէին նաեւ հետեւյալ կարծիքն արտահայտողները. «Ես չէի՞ ասում, որ թուրքը հայից լավն ա»։

Ի միջի այլոց, ամբողջ աշխարհում հայաստանցիներից բացի նման զարմանք ապրեցին միայն... սպանության կազմակերպիչները։ Թեեւ նրանք անմիջական սպանողին հորդորում էին, որ Հրանտ Դինքը հայերի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է, եւ Դինքին սպանելով` նա կհերոսանա, նման հակազդեցություն Հրանտին լռեցնողները չէին սպասում։ Եթե պատկերացնեին մի պահ այդ վիթխարի լուռ բազմությունը, որը լցրեց Հալասկյարգազի պողոտան, այն ցավը, որն ապրեցին մարդիկ ընդամենը մի լրագրողի համար, նրանք գոնե ուրիշ կերպ կվերացնեին Հրանտին։

«Մի՞թե անկեղծ էին»,- կասկածում են հայաստանցիները, եւ ես արդեն հանգիստ եմ ընդունում մարդկանց չիմացությունը: Իրավ, եթե Հրանտին ճանաչեին, նման հարց չէին տա, այլ կխեղդվեին արցունքի մեջ, կնետվեին Ստամբուլ, այնտեղ, այն դռան մոտ, որին չհասավ աշխարհին իր խիզախությամբ ապշեցնող հայ լրագրողը։ Նրա համարձակությունը կանգ չէր առնում թաբուների առջեւ, եւ հարցը չի վերաբերում միայն ցեղասպանությանը, այլ առհասարակ մարդու իրավունքներին, իսկ իրավունքներից մեկը ճշմարտությունն իմանալն է, եւ օգտվելով ճշմարտությունն ասելու իրավունքից` նա 1996-ին հիմնեց «Ակօս» շաբաթաթերթը եւ 10 տարի շարունակ պաշտպանեց հայերին իրենց դեմ ուղղված զրպարտություններից, իսկ մյուս կողմից` լույս սփռեց մինչ այդ մութ մնացած էջերի վրա, կարճ ասած` լուսավորեց։ Թուրքերենում մտավորականին այդպես էլ ասում են՝ լուսամիտ։ Իսկ ի՞նչ գիտեն հայաստանցիները Թուրքիայի մասին, թրքահայերի մասին, որոնց սփյուռքահայ են ասում, ինչի հետ ես չեմ կարող համաձայնվել, քանզի թրքահայի համեմատ նույնիսկ մենք` հայաստանցիներս, գոնե կիսով չափ սփյուռք ենք։ «Իսկակա՞ն էր հուղարկավորությունը»,- շարունակում են ինձ հարցնել: Եւ ես արդեն դիմում եմ ողջ Հայաստանին. «Այո՛, իսկական էր, ինչպես իսկական էր Հրանտը, թեեւ նմանը հայոց պատմության մեջ չենք ունեցել, իսկական էր Մալաթիան, որտեղ նա ծնվել էր, այլ ոչ Երեւանի մի թաղամասի անուն, իսկական հայկական ազգանուն ուներ Հրանտը, այնքան հայկական, որ նույնիսկ այսօրվա հայերը չգիտեն («դինկ» նշանակում է ձավար աղալու կամ ծեծելու քար), իսկական էր հողը, որ նրան ծնեց, եւ որը նա սիրում էր ոչ թե իր տված բարիքների համար, այլ այն բանի, որ այստեղ իր պապերի ոսկորներն էին հանգչում»։

Հրանտը չէր հոգնում հիշեցնել, որ հայն այս հողերի վրա 4000 տարի է ապրում է, եւ երեւի այդքան էլ պետք էր, որպեսզի Հրանտի նման հայ ծնվեր։ Նրա անձի մեջ խտացած էր հազարամյակներ կուտակված ու մեկ մարդու մեջ արտահայտված հայի իմաստությունն ու խիղճը, լավատեսությունն ու խաղաղասիրությունը, նաեւ` համարձակությունը, որը ոչ մի ուժով զսպել հնարավոր չէր, քանզի դրա հիմքում սերն էր։ Նրա հայրենասիրությունը տանում էր դեպի իսկական ժողովրդավարություն. նա գիտակցում էր, որ սիրել իր ազգը` ամենեւին չի նշանակում ատել ուրիշին եւ նրա մեջ թշնամի տեսնել։ Հապա 1915 թի՞վը։ Դա ավելի շատ նրանց խնդիրն է, քան մերը։ Փոխանակ դրսից ու ներսից ճնշում գործադրելու, ավելի ճիշտ կլինի լուսաբանել եւ ավելացնել գիտցողների թիվը։ Շատ ավելի դժվար է, այնպես չէ՞, եւ շատ ավելի վտանգավոր, որովհետեւ դու քանդում ես մտայնությունները` հարցումներ, կասկածներ մտցնելով վաղուց ձեւավորված պատրաստի կաղապարների մեջ։ Կաղապարված են երկու կողմն էլ։ Հայաստանցին ամեն առիթով վերցնում է նույն պաստառը եւ ավելացնում 1 թիվը` «1.500 000+1», եւ այսպիսով տեղից չի շարժվում։ Ես կասեի, որ Հրանտի դեպքում ճիշտ կլիներ հավասարության նշան դնել. «1.500 000 = 1», որովհետեւ Հրանտը «միամիտ ուտոպիստ» չէր, ինչպես որակում է տեղական մամուլը, նա շատ լավ գիտեր, թե որտեղ է ապրում, ինչ է անում եւ ինչ գին է վճարելու դրա դիմաց, ուստի շտապում էր... Եթե սովորական մարդը, ընդունելով, որ մահկանացու է, այնուամենայնիվ, մահին հատկացնում է վաղը չէ մյուս օրվա տեղը եւ ապրում է վաղվա օրվա մտայնությամբ, ապա Հրանտը գիտեր, որ նրա վաղվա օրը վտանգված է, նա ունի միայն այսօրը, ուստիեւ ջանում էր այսօր անել այնքան, որքան մարդ տասնյակ կյանքեր ապրելով չէր անի։ Նրա գաղափարների ձեւավորմանը նպաստում էր թե՛ հայ, եւ թե՛ թուրքիացի լինելը, եւ այդ հանգամանքն ուներ իր առավելությունները։ Նա տեսնում էր ոչ միայն սեւ եւ սպիտակ գույները հայկական հարցում, այլ նաեւ, օրինակ, մոխրագույնը, ինչն անընդունելի էր թե՛ հայ, եւ թե՛ թուրք ծայրահեղ ազգայնականների համար. «...Թուրք եւ հայ հավաքականի ապագա վերակերտումը նմաններին չթողնելու աստիճան կենսական է»։ Սա պատասխան էր Սունգուր Սավրանի՝ Հրանտ Դինքին ուղղված բաց նամակին, որտեղ Սավրանը մասնավորապես ասաց. «Եթե քեզ կպնեն, ես կայրվեմ»։ Իսկույն ականջիս հասնում է` «դու հավատո՞ւմ ես թուրքին», «թուրքը մնում է թուրք», «թուրքը սպանեց հային»։

Ոչ, չգիտցողը` գիտցողին։ Գիտցողը չի սպանում։ Չգիտցողն է սպանում։ Չգիտցողի գիտցածը ատելությունն է, անհանդուրժողականությունը, Մահը։ Եւ չգիտցողը մտածեց, որ Հրանտին սպանեց։

1. «Եթե Հրանտին չսպանեին, նրա մասին ոչ ոք չէր իմանա»:

2.«Նա իր մահով ավելի շատ արեց, քան կյանքով»։

Սա էլ Հայաստանի չգիտցողների կարծիքն է։ Թույլ տվեք ճշտել. «Եթե չլիներ նման հուղարկավորություն, Հայաստանը երբեք չէր խոսի Հրանտի մասին։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ կարծիքին, ապա Հրանտի հուղարկավորությունը ապացուցեց, թե որքան պետք էր Հրանտի կյանքը»։ Թուրքերի վիշտը ցույց տվեց, թե ինչ արեց Հրանտը՝ ապրելով։ Նա այս աշխարհ եկավ որպես աներեւակայելի մի օրինակ, թե ինչ կարելի է անելապրելով ։ Նրա սերը դեպի մարդը փոխադարձ սեր էր հարուցել, սակայն ամեն սիրո հակառակ կողմն ատելությունն է, որը եւ դրսեւորեց իր ագրեսիվությունը։

Հրանտի անշունչ մարմինը երկար մնաց ամենաբանուկ պողոտայի գետնի վրա։ Նրա հետ մեկտեղ սպանվեց, կարծես, փողոցը, տունը, քաղաքը, ողջ աշխարհն անբնակելի դարձավ, երբ մարդիկ հայտնվեցին անՀրանտ մութ տարածքում։ Բոլորը հավաքվեցին «Ակօս»-ի դռան առջեւ եւ բացականչեցին. «Բոլորս Հրանտ ենք», ինչը նշանակում էր` «Բոլորս սպանված ենք»։ Եւ եթե ոճրագործները մեղքի ոչ մի զգացում չունեցան, փոխարենը մեղքի զգացում ու խղճի խայթ զգացին երթի մասնակիցները։ Հրանտն իր ուսերին շալակած տանում էր Թուրքիայի ժողովրդավարացման բեռը, իսկ նրանք լուռ դիտում էին, թե ինչպես է Հրանտը դատի առաջ կանգնում եւ պատասխան տալիս բառախաղի համար։ Ի՜նչ անիրավություն... բայց ո՞վ կհամարձակվեր ձայն բարձրացնել եւ սատար կանգնել։ Միայն կարողացան Հրանտին ետ պահել Թուրքիան լքելուց.

«Մի՛ մոռնաք, որ ԱՆՄԵՂ ԷՔ... Եթէ մեկնելու ըլլաք, այս երկիրը պիտի նուազի...

Եթէ երթալու ըլլաք, մարդկութիւնը պիտի լքէ այս երկիրը...

Ամենածանր պատիժին հետ գլուխ-գլխի պիտի թողուք մեզ...

Ներողութիւն կը խնդրեմ... երբ հեռատեսիլ կը դիտեի, սրտիկէս կտոր մը եւս փրթաւ գնաց կարծէք... Սակայն, յարգելի Տինք, դուք եւ ձեր նման լուսամիտները արդէն շատ չեն այս հողերուն վրայ...։ Ձեր մեկնումը զիս մեծապէս կը խոցէ (որովհետեւ բացարձակապէս յանցաւոր չէք մեր սրտերուն մէջ)։ Թուրք մը ըլլալով` ձեզմէ ներողութիւն կը խնդրեմ... Ձեր սիրտը մեր կողմէ վիրաւորուած ըլլալուն համար..» («Ակօս»-ի նամականիից, 21 հոկտեմբեր, 2005):

Եւ Հրանտը մնաց։ Հավերժ մնաց այս հողում։ Վշտի ու ցավի ծով հորդեց նրան հրաժեշտ տալու ճանապարհին։

Հրանտի ժամանակակիցներն էին։ 
Նա լավագույնն էր նրանց մեջ։ 
Ուստի նրանց ժամանակը գլխատվեց։

* * *

- Հրանտ, գիտե՞ս, թե ինչու է արեւը շողում։ 
Հրանտը հարցասիրությամբ նայում է ինձ եւ փորձում է գտնել բացատրությունը։ 
-  Որովհետեւ արեւը տալիս ու տալիս է իր էներգիան։

Հրանտը հիացմունքից բացականչում է եւ իսկույն թարգմանում է խմբագրությունում գտնվող երիտասարդներին, որոնք դժվարությամբ են հասկանում հայերեն։ Նոր տարվա տոնի առիթով ենք հավաքվել Հրանտ Դինքի առանձնասենյակում, եւ նա հյուրասիրում է մեզ. սեղանին դնում է Մալաթիայի չոր պտուղները՝ առատ ու բազմազան... Հրանտին մնացել է 2 շաբաթվա կյանք, բայց ո՞վ գիտեր կամ կհավատար, որ այդ օրը Հրանտի առանձնասենյակում Հրանտի ներկայությամբ գտնվելը շուտով կվերածվի անիրական մի երազի։

Ծովինար Սիմոնյան-Լօքմագյոզյան, Երեւան-Ստամբուլ 
Լուս. Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter