
Իրադրությունն Արցախում
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
Հակառակորդը առաջնագծի ողջ երկայնքով ավելի քան 70 անգամ խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը` հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում` շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:
«Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ի պատասխան` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ քայլերի և ճնշել հակառակորդի ակտիվությունը: Ղարաբաղյան ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել սահմանային բնագծի հուսալի պաշտպանությունը»,- գրված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հայտնում է նաև, որ գիշերվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող ինժեներական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ:
Մեկնաբանել