Ավելացած արյունը կտրամադրվի երեխաների բուժմանը
Ղարաբաղաադրբեջանական քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից քաղաքացիները ինքնակազմակերպվելով` ժամանում էին Ռ.Հ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` վիրավոր զինծառայողների համար արյուն հանձնելու:
Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հավաստմամբ՝ հիվանդանոցներում պահեստավորված է եղել արյան անհրաժեշտ քանակությունը, սակայն հետագա անհրաժեշտության համար արյան կենտրոնը հավաքագրել է լրացուցիչ պաշարներ: Արյան հավաքագրումը եղել է ընդամենը երկու օր՝ ապրիլի 2-ին և 3-ին: Հաջորդող օրերին կամավորներին միայն ցուցակագրել են, քանի որ հանձնված արյունը երկար ժամանակ պահելը նպատահարմար չէ, այն կարող է խոտանվել:
Արյան կենտրոնը աշխատել է զինվորական հոսպիտալի հետ, և նրանց պահանջած արյան քանակը ապահովել են: Դոնորների հիմնական հատվածը ուսանողներն ու երիտասարդներն են եղել: «Արյուն հատկացնելու նման ակցիա մեկ էլ եղել էր Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Մեր ազգաբնակչությունը միշտ էլ պատրաստ է անհրաժշտության դեպքում արյուն փոխանցելուն: Եթե ավտովթարներ, հիվանդներ, խնդիրներ են լինում, քաղաքացիները կամովի գալիս և հանձնում են»,- նշում է Դաղբաշյանը;
Տնօրենին այս օրերին առավել տպավորել են երկու դոնորների պատմություններ: Նրանցից մեկը 80-ամյա մի տղամարդ է եղել, ով թեև սրտին տեղադրված ապարատ է ունեցել, սակայն եկել է արյուն հանձնելու: Բժիշկները նրան արգելել են արյուն հանձնել նման առողջական խնդիր ունենալու պարագայում, սակայն նա համառել և դիմել է Դաղբաշյանին։ Հաջորդ «համառ» կամավորը քաշի հետ կապված խնդիր ունեցող մի աղջիկ է եղել, ով այնքան է պնդել արյուն հանձնել, որ բժշիկները ստիպված են եղել զանգահարել բարեկամներին և խնդրել՝ աղջկան համոզել, ետ կանչել:
Կամավորների հանձնած ավելացած արյունը պահեստավորվել է: Անհրաժեշտության դեպքում այն հանձնվելու է երեխաների բուժմանը: «Կան արյուններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է խոտանվեն, նրանց պահպանման ժամկետը կարճ է: Բոլոր մանկական հիվանդանոցներին տեղեկացրել ենք, որ անվճար կարգով, երեխաների բուժման համար, կարող ենք տրամադրել: Կամավորից վերցված յուրաքանչյուր գրամ արյուն պետք է հանձնվի կամավոր հիվանդի՝ կլինի դա երեխա, մեծահասակ, թե այլ տարիքային խմբի անդամ»,- հավելում է կենտրոնի տնօրենը:
Դիանա Ղազարյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել