«Հորովել»-ը 300.000 դրամ փոխանցեց «SOS Գյումրի» նախաձեռնությանը
Տաթեւիկ Ղազարյան
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը միացավ գյումրեցի անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու նախաձեռնությանը: Ապրիլի 16-ին կազմակերպված բարեգործական համերգի ողջ հասույթը՝ 300.000 դրամ, տրամադրվեց «SOS Գյումրիին»:
Մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ղարաբաղաադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների հիշատակը:
«Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Արմեն Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սահմանում տիրող պատերազմական վիճակից եւ սոցիալական պայմաններից ելնելով՝ վանաձորցիների ակտիվությունը համերգին այդքան էլ բարձր չի եղել: Այնուամենայնիվ, համերգը կայացել է. «Կարեւոր չէ, թե ինչքան ես դու նախատեսում վճարել: Կարեւորն այս պարագայում մասնակցությունն է: Թող տա Աստված, որ նման բարեգործությունների կարիք չունենանք: Մեզ համար տարբերություն չկա՝ Գյումրու, թե Վանաձորի համար, անօթեւանն անօթեւան է: Այսօր մենք Գյումրու համար ենք կանգնած, վաղը կարող է գյումրեցիները կանգնեն վանաձորցիների կողքին: Հայը՝ հայի համար»:
Բարեգործական համերգին հրավիրված էին նաեւ Վանաձորի տնակային ավաններում ապրող, սոցիալապես անապահով, անօթեւան ընտանիքներ:
«Այստեղ կարեւորն այն է, որ մենք Վանաձորում ունենալով նմանատիպ խնդիր՝ մենք փորձում ենք հնարավորինս սատար կանգնել Գյումրու անօթեւաններին: Մեր համույթը միշտ պատրաստ է ցանկացած ժամանակ միանալ ցանկացած բարեգործական նախաձեռնության եւ իր լուման ներդնել այդ գործում,- ասաց անսամբլի գլխավոր բալետմաստեր Արայիկ Գեւորգյանը:
«Մենք չենք տարանջատում վանաձորցի, կապանցի, գյումրեցի, մենք բոլորս մի երկրի քաղաքացի ենք եւ պատասխանատու եք մեր կողքին ապրող մարդկաց համար: Շատ կարեւոր է, որ բոլորը հասկանան, որ մի նախաձեռնություն, որին միացել է «Ռեալ Մադրիդը», Տիգրան Համասյան մեծությունը ու միացել է նաեւ Վանաձորը, դա շատ մեծ քայլ է մեր անսամբլի ու մեր քաղաքի համար,- նշեց անսամբլի պարուհի Անահիտ Կարապետյանը:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը բարձր է գնահատում Վանաձորի կողմից նման քայլը, եւ հույս հայտնում, որ «SOS Գյումրի» նախաձեռնության շնորհիվ կլուծվի ավելի շատ անօթեւան ընտանիքի բնակարանի հարցը:

Ամենակարեւորն այն է, որ ինչպես Հայաստանի շատ քաղաքներ, Վանաձորը եւս հասկացավ, որ սա միայն գյումրեցու խնդիրը չէ, սա հայ մարդու խնդիրն է: Կարող էր երեւանցին հասկանալ, օգնել, որովհետեւ ինքը չունի այդ խնդիրը, բայց սեփական քաղաքում ունենալով նույն խնդիրը՝ դու օգնության ձեռք մեկնես քո եղբայր քաղաքին, սա շատ ավելի մեծ գործ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել