HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անվար Սադաթ-X» սցենարը, կամ ինչի՞ մասին է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը

Սմբատ Հովհաննիսյան

Հանրահայտ ճշմարտություն է, որ փոքր ժողովուրդների (պետությունների) գործունեության տարածքը հիմնականում պարփակված է քաղաքական-դիվանագիտական պայքարի շրջանակներով. «Մեծ խաղերը» վերապահված են Մեծ տերություններին: Մյուս կողմից, սակայն, նույն այդ «Մեծ խաղերն» անհնար է հասկանալ առանց «Փոքր ժողովուրդների (պետությունների)» հետ կատարվածի կամ գործարկված սցենար(ներ)ի՝ իբրև սառցաբեկորի վերևի հատվածի: Որպես օրենք՝ նպատակը որևէ մի կողմի, անգամ կողմերի ռազմական դիրքորոշման և քաղաքական նպատակների միջև ճեղքվածք առաջացնելն է՝ զրկելով դրանց հնարավոր համընկնումների հավանականությունից: Նման սցենարային տարբերակներից ուշագրավ է «Անվար Սադաթ» անունը ստացած սցենարը, որը տարբեր համարակալումներով խաղարկվում է աշխարհաքաղաքական տարբեր խնդիրներ մեկնաբանելու համար: Մեզ այստեղ չի հետաքրքրում՝ առաջադրված հարցադրումները կամ սցենարները կյանքի կոչվե՞լ են, թե՞ ոչ: Կարևոր է այն, որ առկա են եղել նման սցենարներ ու հարցադրումներ: Իսկ այս համատեքստում մեզ հետաքրքրում է «Անվար Սադաթ-X» սցենարի և Լևոն Տեր-Պետրոսյանի «առնչակցությունը», որի հետ կապված՝ փորձել ենք առանձնացնել երեք «զուգադիպություններ»: Դրանք ստորև կներկայացնենք ժամանակագրական հերթագայությամբ:

«Զուգադիպություն-1»

Ապրիլի 11-ին ilur.am-ին տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլյան «Քառօրյա մարտերը» համեմատեց 1973թ. Արաբա-իսրայելական «Յոմ Կիպուրի» պատերազմական սցենարի հետ (հոկտեմբերի 6-24): Պատմությունից քիչ թե շատ տեղյակ ցանկացած ոք կարող էր նման զուգահեռ անցկացնել, հատկապես, եթե նկատի ունենանք այն, որ «Յոմ Կիպուրի» պատերազմը ևս աչքի է ընկնում իր «կարճատևությամբ»: Բայց այստեղ հետաքրքիր է ոչ թե այդ ուղղակի զուգահեռը, այլ անուղղակի զուգորդումը (association)՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով երևույթը «դասական դավադրության» համատեքստում քննարկելուց: Եվ այսպիսով՝ արաբա-իսրայելական հարաբերությունների «տաքացմամբ» ԱՄՆ-ը նպատակ ուներ վերհանել «ճգնաժամի հնարավոր օգտագործման ուղիները դիվանագիտական շարժման համար» (Քիսինջեր): Իսկ մեծ հաշվով՝ «մերձավորարևելյան կոնֆլիկտը «ներքաշել» ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հօգուտ ամերիկյան շահերի ճգնաժամային փուլի մեջ» (Պրիմակով): Եվ «Ահեղ դատաստանի պատերազմի» արդյունքը եղավ այն, որ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման Քիսինջերի «փաթեթային լուծումից» ԱՄՆ-ը հրաժարվեց և անցավ «փուլային» կամ «քայլ առ քայլ» տարբերակին… Մի բան, որն հիշեցնում է դեռ 1997-98թթ. ԼՂՀ-ի հարցի լուծման «փաթեթայի՞ն», թե՞ «փուլային» տարբերակների քննարկումը: Ի դեպ, հենց այս քննարկումների արդյունքում էր, որ ստիպված հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (թեմա, որին նա բավականին մանրամասնորեն անդրադառնում է իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» (1997) հոդվածում): Հենց այս թեման է, որ կրկին վերարթնացել է վերջերս: Իսկ որ կրկին «փաթեթային լուծման» տարբերակն է մտել շրջանառության մեջ, այդ մասին ենթադրել է տալիս ռազմական գործողությունների բացակայությունը Քարվաճառի ուղղությամբ (թերևս, նպատակը եղել են 5 (կամ X) շրջանները): Արաբա-իսրայելական և ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական գործողությունների մի զարմանալի նմանության վրա ևս կուզենայինք ուշադրություն հրավիրել՝ առանց մեկնաբանության. արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը ուշացրեց Իսրայելին տված «օդային կամուրջ» բացելու խոստումը (սպառազինություն և պահեստամասեր փոխադրելու համար): Ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական գործողությունների ժամանակ պարզվեց, որ Ռուսաստանից 200 մլն դոլարով գնված զենքերը դեռ տեղ չեն հասել (զենքերի խմբաքանակի մի մասը տեղ հասավ ընդամենը մի քանի օր առաջ, երբ արդեն հաստատված էր հարաբերական զինադադարը):

Այս համապատկերում ուշադրություն դարձնենք ևս երկու հանգամանքի (դրանք շատ են, բայց առանձնացնենք երկուսը՝ իբրև սկիզբ և ամփոփում). Թուրքիայի հետախուզության պետը ապրիլի 1-ին գաղտնի եղել է Մոսկվայում (Էդիկ Հովսեփյան/ Armweeklynews.am  [14.04.2016]): Իսկ արդեն ապրիլի 15-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինն իր ամենամյա «ուղիղ գծի» ժամանակ ուշագրավ մի հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ասվում է. «Ով ինչ ուզում է, թող ասի, միևնույն է՝ Ռուսաստանը շահագրգիռ է այս հարցի (ԼՂՀ, ծ.թ.՝ Ս.Հ.) լուծմամբ, քանի որ մենք ցանկանում ենք լիարժեք կերպով աշխատել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ»: Մնում է հուսալ, որ Հայաստանի (նաև ԼՂՀ-ի) ռազմական դիրքորոշման և քաղաքական նպատակների միջև ի հայտ եկած ճեղքերն անհաղթահարելի չեն: Հատկապես, երբ ակնհայտ է, որ ապրիլյան մարտերի նպատակն էր փոփոխություններ մտցնել թե՛ բանակցության, թե՛ բանակցության առարկաների տրամաբանության մեջ: Այստեղ խորապես հասկանում ես, որ քաղաքականությունը կամ դիվանագիտությունը մեր անզորության փաստագրումը չէ (մենք սա ավելի լավ ենք պատկերացնում), այլ «անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ»: Կասկածներս այս հարցում մնում են առկախ, քանի որ ծավալված քննարկումների մեջ գերակայող է հայկական զորքերի զինվածության և ոգու խնդիրը և գրեթե ոչինչ, թե ինչու մեր ռազմավարական դաշնակից(ներ)ը մեզ աջակցելու փոխարեն աջակցեցին Ադրբեջանին:

 «Զուգադիպություն-2»

 Երևույթն է՛լ ավելի ուշագրավ է դառնում, երբ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ դեռ 2007թ. մամուլում, հատկապես ռուսական (կոնկրետ՝ "Красная звезда", “Regionplus” և այլն), քննարկման թեմա էր դարձել Հայաստանում հնարավոր «գունավոր հեղափոխության» սցենարը: «Գունավոր հեղափոխություն», որն անվանում էին ոչ այլ կերպ, քան «Անվար Սադաթ-2»: Բայց այս զուգադիպությունն էլ ավելի ուշագրավ հեռանկարում է բացվում, երբ տեսնում ենք, որ «նարնջագույն» հեղափոխություն իրականացնողների շարքում հատկապես շոշափվում էին երկու անուն՝ Լևոն Տեր-Պետրոսյան և Սերժ Սարգսյան:  Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանի թեման քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության հարցի կարգավորման «փաթեթային» տարբերակի համատեքստում (վեց շրջանների հանձնում և այլն): Է՛լ ավելի ուշագրավ էր Տեր-Պետրոսյանի հավաքների ժամանակ Իսրայելի դրոշների ներկայությունը: Էլ չենք ասում, որ ռուսական կողմն իբրև այս սցենարի իրականացման հեղինակի նշում էր Միացյալ Նահանգները: Բայց հանկարծ «Անվար Սադաթ-2» սցենարով իրադարձություն է տեղի ունենում 2008թ. օգոստոսի 7-12-ին (ռուս-վրացական «հնգօրյա» պատերազմը)... Շատ-շատ կողմերով նման ադրբեջանա-ղարաբաղյան դեպքերին (ադրբեջանցիները ևս ԼՂՀ-ի վրա հարձակումն իրականացրել են երկու ուղղություններից և նպատակ են ունեցել գրոհն անակնկալ կերպով ուղղել Ստեփանակերտի վրա (ռազմական գործողությունների մանրամասն վերլուծությունը վերջերս ներկայացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը)՝ միայն մեկ տարբերությամբ՝ ադրբեջանական ծրագիրը ձախողվեց (Ստեփանակերտի մասին հիշատակեցին միայն ձախողումից հետո՝ իբրև սպառնալիք, թե կգնդակոծեն Ստեփանակերտը)):

Կարելի է հարց տալ, թե ի՞նչ կապ ունի «Անվար Սադաթ-2» սցենարը, չէ՞ որ բավարար չէ նմանության կամ համընկնումի հիման վրա նման զուգահեռումը: Արտաքուստ ոչ մի, բայց նկատի ունենալով այն, որ քաղաքական կյանքում որոշ սցենարներ անընդհատ կրկնվում են, արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս: Իսկ որոշ սցենարներ կրկնվում են, քանի որ դրանք կա՛մ բռնում են ժամանակի քննությունը, կա՛մ էլ կիրառողները դեռ չեն կարողացել մշակել ավելի լավ սցենար: Խնդիրն այստեղ «կա՛մ- կա՛մ»-երի միջև վերջնական ընտրություն չէ. խնդիրն այն է, որ «գունավոր հեղափոխությունների» զինանոցի լավագույն տարբերակներից մեկն է «Անվար Սադաթ-2»-ը, հատկապես, երբ կոնֆլիկտի հիմքում էթնիկ-տարածքային խնդիր կա): 

«Զուգադիպություն-3»

1992թ. մայիսին Լևոն Տեր-Պետրոսյանը Եգիպտոս կատարած իր այցելության ժամանակ ծաղիկներ դրեց նախկին նախագահ Անվար Սադաթի գերեզմանին: Հայաստանում այս հանգամանքին ուշադրություն դարձրեց միայն Տիգրան Հայրապետյանը (հայտնի հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան)՝ քննարկման նյութ դարձնելով իր «Ծաղիկներ Սադաթի գերեզմանին կամ Քեմփ-Դեվիդի հայկական տարբերակը» հոդվածում - Ազգ, 20.06.1992): Կարծեք թե ամեն ինչ ասված է: Եվ մնում է հարցնել, թե արդյոք 14 տարի անց էլ Տիգրան Հայրապետյանին անհանգստացնող կանխատեսումն է ճշմարտությունը. «Իրավիճակը, որ այսօր կա Հայաստանում եւ նրա շուրջը, իշխանությունների որոշակի դիրքորոշումը ԼՂՀ խնդրի ապագայի վերաբերյալ եւ քայլերը, որ նախատեսում է Արեւմուտքը ԼՂՀ խնդրի հանգուցալուծման ուղղությամբ՝ հիմք են տալիս կարծելու, որ նախապատրաստվում է մի գործարք, որն իր հիմնական հատկանիշներով կրկնելու է քեմփդեվիդյան տարբերակը»:

Մնում է պարզել, թե արդյո՞ք անսալով միջազգային հանրության կամքին՝ մենք չենք ներքաշվելու մի նոր արյունահեղության կամ արկածախնդրության մեջ… 

Իբրև ամփոփում...

Ապրիլան քառօրա մարտերը ցույց տվեցին, որ վերջին (առնվազն) 25 տարիների ընթացքում (պարբերաբար) հայ քաղաքական շրջանակներն ի վիճակի չեղան և չկարողացան Հայաստանը դուրս բերել ռուս-թուրքական մրցակցության շրջանակներից:  Ստատուս-քվոյի պահպանման մտասևեռման արդյունքը եղավ այն, ինչ ունենք այսօր՝ նույնքան անփոփոխ հասարակական-քաղաքական հանցավոր անհոգություն: Հանցավոր անհոգություն, քանի որ կառավարող շրջանակների համար նման «անփոփոխ» իրավիճակն օգտագործվեց հօգուտ սեփական իշխանության (ուղղակի թե անուղղակի) վերարտադրման: Մյուս կողմից, սակայն, աշխարհաքաղաքական նոր զարգացումները տարածաշրջանում փաստում են, որ իրավիճակը մնում է դինամիկ, անկայուն և զուրկ հաստատուն երաշխիքներից:

Փաստն այն է, որ ո՛չ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ո՛չ ԵՏՄ գործընկերները, ո՛չ էլ «միջազգային հանրույթը», բացի «անհասցե կոչերից» կամ ոչինչ չասող զինադադարից, ոչ մի անգամ իրական ճնշում չգործադրեցին հրադադարը խախտած Ադրբեջանի կառավարության վրա (սպառազինության մատակարարումից կամ տնտեսական օգնություն տրամադրելուց հրաժարվելու ձևով): Նման «անհետևողականության» պատճառով են բանակցություններն իրականացվում «տեղապտուտային» կամ «դիրքային-իրավիճակային» ընթացքով:

Իսկ բազմաթիվ վերափոխությունների համատեքստում Հայաստանում քաղաքական ծառայողների բազմաքանակությունը դեռ չի փոխարինվել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և ստեղծագործականությամբ օժտված գործիչներով, որոնց ոտքի տակ հողը Հայրենիք է, Հայրենիքը՝ Գործ: Միայն այդժամ Հայաստանը կկարողանա նոր աշխարհակարգում հանդես գալ նախաձեռնությամբ: 

Մեկնաբանություններ (5)

Արամ
Когда у Левона Тер-Петросяна спросили, почему он остановил войну в то самое время, когда азербайджанцы настолько утратили дух, что сдавались практически без боя, он ответил, что его об этом попросил Борис Ельцин. А Ельцина, в свою очередь, попросил его коллега по политбюро Гейдар Алиев -24.12.2012
Արամ
Ազատագրված տարածքի հանձնումը չի կարող հակամարտության լուծում լինել, այն ընդամենը կարող է թուլացնել հայկական կողմի ռազմական անվտանգությունը, իջեցնել այդ անվտանգության մակարդակը և ապագայում Ադրբեջանին հնարավորություն տալ ավելի հարմար դիրքերից սկսել նոր պատերազմ։ Իմ կարծիքով, տարածքների հանձնումը խաղաղության ճանապարհ չէ։
Լևոն Ղազարյան
Եդ 1941-ին են պլեն վեկալե:
Գևորգ
Մի քիչ պատմություն իմացեք նոր սենց հոտվածներ գրեք 1․Յոմ Կիպուրը 1973թ իսկ Վեցօրյա պատերազմը 1967թ 2․ Մեդվեդևն ել ծաղիկներ դրեց նախկին նախագահ Ալևի գերեզմանին:
Vahan
Yom Kippur is totally different than Six day War. Yom Kippur-October 1973 Six day War- June 1967

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter