Ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի ԵԽԽՎ նախագահը հրաժարվել է անցկացնել ավանդական մամուլի ասուլիսը
2016թ. հունվարին ընտրված ԵԽԽՎ նախագահ, իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտը հրաժարվել է այսօր մեկնարկող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից առաջ մամուլի ասուլիս անցկացնել: Նկատենք, որ մամուլի ասուլիսներն ավանդաբար անցկացվում են նիստից առաջ, որի ընթացքում ԵԽԽՎ նախագահը լրագրողներին ներկայացնում է նիստի օրակարգի առանցքային թեմաները: Այս նիստի օրակարգ երեք դիմում է ներկայացվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու մասին՝ Ֆրանսիայից, Հայաստանից եւ Ադրբեջանից. «ԼՂ հակամարտության, բռնությունների վերջին եւ ողբերգական սրումը», «Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները ԼՂ-ի դեմ վերջին ագրեսիայի ժամանակ», «Բռնությունների ողբերգական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավված տարածքներում»:
Ինչպես տեղեկացրին ԵԽԽՎ լրատվական ծառայությունից, սա ոչ սովորական իրավիճակ է, եւ առաջին անգամ է ԵԽԽՎ նախագահը հրաժարվում մամուլի ասուլիս տալ:
Նախկինում ԵԽԽՎ բյուրոյում Ղարաբաղի հարցով հատուկ կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում էլ չկարողացավ հավասարակշիռ դիրքորոշում պահպանել: Այսպես՝ կրակի դադարեցման մասին ապրիլի 3-ի նրա հայտարարության մեջ՝ ուղղված հակամարտող կողմերին, կոչ է հնչեցվում «դուրս բերել հայկական զորքերը ադրբեջանական գրավվյալ տարածքներից՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին համապատասխան»: Նման «կողմնապահ» մոտեցումից վրդովվել է հայկական պատվիրակությունը, որը նստաշրջանից առաջ ԵԽԽՎ նախագահի աշխատանքը բոյկոտելու մտադրություն է հայտնել:
Արդյոք հայ լրագրողների հարցերից խուսափելը բավարար առի՞թ էր մամուլի ասուլիսը չեղյալ հայտարարելու համար՝ կպարզվի նստաշրջանի ընթացքից: Նշենք, որ վաղը՝ ապրիլի 19-ին, ԵԽԽՎ նստաշրջանին հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին:
Օկսանա Մուսայելյան
Ստրասբուրգ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել