«Ծաղկահավաք»` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ապրիլի 27-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կիրականացնի Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկների վերամշակման գործընթացը: Միջոցառումն իրականացվում է 2-րդ անգամ:
Հիշեցնենք, որ մինչեւ 2010 թ. Ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդում հավաքված միլիոնավոր ծաղիկներն ամեն տարի հուշահամալիրից հեռացվում էին որպես աղբ: Անցյալ տարի Հիմնադրամն առաջարկեց անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված բոլոր ծաղիկների հավաքման եւ հետագա կիրառման այլընտրանքային, առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ:
Միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում եւ տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ' հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաներն օգտագործում են թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստված բացիկների ձեւավորման համար: Այդ թուղթն է օգտագործում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար:
Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների եւ ամենատարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբերի միջոցով: Այս տարի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 300 կամավորներ:
Արդեն ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի կմեկնարկի առավոտյան ժամը 9:00-ին եւ կշարունակվի մինչեւ 21:00-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել