HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Միհրան Պողոսյանի «հայրենասիրական» հրաժարականը

Դատական ակտերի հարկադիր կատարման պետ Միհրան Պողոսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին: Հրաժարականի դիմումում նա գրել է. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։

Միհրան Պողոսյանի անունն, իսկապես, սերտորեն կապված է միջազգային խոշոր սկանդալի տեղիք տված «պանամյան օֆշորների» պատմության հետ, որտեղ, բացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների անուններից, շոշափվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։ Թվում է, թե այս հանգամանքը ոչ միայն ամոթալի պետք է համարվեր, այլև քրեական հետապնդման պատճառ դառնար, ընդ որում՝ անկախ նրանից՝ Պողոսյանը հրաժարական կտա՞ր, թե՞ ոչ։ Սակայն, Պողոսյանն իր հրաժարականը ձևակերպել է այնպես, կարծես մեծագույն ծառայություն է մատուցում Հայաստանին՝ իրեն մատուցելով որպես Հայաստանի հեղինակությունը փրկելու, Հայաստանին Ադրբեջանի հետ նույն հարթության մեջ չդնելու նպատակով արվող ինքնազոհողություն։ Պողոսյանն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նույնիսկ եթե այդ հրապարակումները, բացահայտված օֆշորային սկանդալներն իր մասով իրականությանը բացարձակապես չհամապատասխանեին, միևնույն է՝ միայն դրանցում իր անվան շահարկումը բավական կլիներ, հանուն Հայաստանը խայտառակությունից փրկելու, նման «զոհողության գնալու համար»։ Սա, իհարկե, լուրջ չէ։ Ամենայն հավանականությամբ, Պողոսյանը ոչ թե կամովին է դիմել հրաժարական ներկայացնելու քայլին, այլ նրա առջև ուղղակի դրվել է այդ պահանջը։ Եվ քանի որ, ինչպես հայտնի է, այս երկրում Միհրան Պողոսյանի վրա միայն մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը կարող է ազդել, ամենայն հավանականությամբ, հենց վերջինս էլ ստիպել է Պողոսյանին դիմել այդ քայլին։ Հարցն այն է՝ ինչո՞ւ։

Ինքնին ողջունելի է, որ նմանատիպ իրավիճակներին երկրի իշխանությունը նման կերպ է արձագանքում։ Ի վերջո, դեռևս թարմ է նախկին վարչապետ Տիգրան Սագսյանի «կիպրոսյան օֆշորի» պատմությունը, որին ոչ միայն որևէ պաշտոնանկություն չհաջորդեց, այլև մի քանի ամիս անց քաղաքական գործընթացների ազդեցութամբ հրաժարականից հետո նա դեսպան նշանակվեց ԱՄՆ-ում, իսկ այնուհետև ստանձնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը։ Այս իմաստով Պողոսյանի հրաժարականը թե՛ արտաքին և թե՛ ներքին լսարանի համար որոշակի դրական ուղերձներ է պարունակում։ Դրանք ուղերձներ են, որոնք հատկապես ղարաբաղյան քառօրյա պատերազմի, դրան հանգեցրած ներքին պատճառահետևանքնային կապերի վերլուծությունից արվող եզրահանգումների պատճառով արտաքուստ լիարժեք համապատասխանում են կառավարման համակարգի առողջացման, այն հայացքով դեպի հասարակությունը շրջելու, օլիգարխիայի, կրիմինալի, փողի սպասարկուի կարգավիճակից հանելու հայաստանյան հասարակության սպասելիքներին, իշխանության առջև դրվող և աստիճանաբար կշտացող պահանջներին։ Նաև այս առումով Պողոսյանի հրաժարականը մի քանի ուշագրավ շերտեր է պարունակում։

Առաջինն այն է, թե որքանո՞վ է Հայաստանի ամենախոշոր օլիգարխներից մեկի՝ Միհրան Պողոսյանի  հրաժարականն իսկապես բխում հանրային այդ պահանջներից։ Նախ պետք է հասկանալ՝ սա այդ պահանջներին ու սպասելիքներին իշխանության կողմից ընդառաջ գնալու, ներքին «ավգյան ախոռները մաքրելու» առարկայական դրսևորո՞ւմ է, թե՞ պարզապես քառօրյա պատերազմից հետո «փակ կաթսայում» կուտակվող հանրային դժգոհության գոլորշին բաց թողնելու։ Եթե գործ ունենք առաջինի հետ, ապա սրան պետք է ոչ միայն նոր հրաժարականներ, այլև հարուցված քրեական գործեր հաջորդեն։ Բայց գոնե այս պահին թվում, է, թե գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Բանն այն է, որ հրաժարականը ոչ թե բացատրվում է Պողոսյանի՝ իր պաշտոնին և ստացած աշխատավարձին անհամարժեք ունեցվածք ունենալու պատճառների բացահայտման հանգամանքով, այլ՝ խիստ պաթետիկ՝ միայն Ադրբեջանի նախագահի հետ նույն հարթության մեջ գտնվելու «խայտառակությունից» Հայաստանին փրկելու։ Նման հիմնավորումից հետևում է, որ եթե «պանամյան օֆշորի» միջազգային սկանդալը չպայթեր, այս հրաժարականը չէր լինելու։ Իսկ քանի որ պատճառը դա է, և այդ պատմության մեջ  հայաստանյան այլ «խոշոր շնաձկների» անուն, կարծես թե, չի հնչում, ապա սրան այլ հրաժարականներ, այլ գործընթացներ չեն հաջորդելու։ Եթե գործ ունենք հենց այս իրողության հետ, ապա Պողոսյանի հրաժարականը շատ ավելի հիշեցնում է իշխանության կողմից նրան ժամանակավորապես քավության նոխազ դարձնելը։ 

Երկրորդ՝ իրականում Պողոսյանի հրաժարականը դեռ ոչինչ չի նշանակում։ Հայաստանում իրականացվող կադրային քաղաքականության դառը պրակտիկան հուշում է, որ սրան կարող է հաջորդել Պողոսյանի կարիերային առաջխաղացումը։ Եթե հնարավոր էր պաշտոնանկությունից հետո Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշոնում վերանշանակվելը, եթե հնարավոր էր խայտառակ սկանդալի հետևանքով Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո Գագիկ Բեգլարյանի նշանակումը կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնում, ապա ինչո՞ւ պետք է բացառություն արվի Միհրան Պողոսյանի պարագայում։ Ընդհակառակը․ եթե նկատի առնենք, թե ինչպիսի «անձնազոհության» է գնում նա Հայաստանի հեղինակությունը փրկելու համար, ապա նա մյուսներից անկասկած  «ավելի արժանի է» նման խրախուսանքի։ Եվ չի բացառվում, որ հրաժարականի նման պաթետիկ պատճառաբանությունը ևս հենց այնպես չէ: Կանցնի մի որոշ ժամանակ, այս սկանդալն այլևս հետաքրքիր չի լինի, և «հայրենիքին մատուցած նման «ծառայության» համար իշխանությունը գուցե պարգևատրի իր ամենահավատարիմ «զինվորներից» մեկին։

Մեկնաբանություններ (1)

ՀՀ քաղաքացի
Առնետների փախուստ է սկսվելու հիմա.... Հայաստանը Միհրան Պողոսյանը չէ: Հայաստանի հանցագործներից մեկնէ նա և հրաժարականը նրանց համար փրկության լույս է: Այդքան ազնիվ է ու հայրենասեր է թող պայքարի, թե իր տեղի, թե արդարության, թե իր գերատեսչության, / որի անունը վաղուց վարկաբեկված և բոլորը գիտեն թե ինչպես են այնտեղ դրամաշորթությամբ զբաղվում/, և թե հայրենիքի համար: Հրաժարականը պատասխանատվությունից չպիտի ազատի նրան: Նրա ելքը արտասահման պիտի արգելվի, Դրանց բոլորին պետք ` ուղարկել առաջին գիծ գոնե 1 շաբաթ.... Նրանաք պիտի մահվան հետ դեմ -դիմաց կանգնեն, հետո կտեսնենք թե ինչերից կխոսեն....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter