HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է x-commons նախագիծը

ճարտարապետ Վահան Միսակյանը տեղեկացնում է իր հեղինակած նոր նախագծի մասին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեկնարկում է նախագիծ անհայտ կամ չսահմանված համընդհանուրի մասին x-commons.com, որը հրավիրում է բոլոր տարածական և կառուցողական մտածողներին մասնակցել նոր տեսակի դիսկուրսի ստեղծմանը` ներկայացնելով մտքեր և մտավոր գործեր հրապարակման համար: x-commons.com-ը հարթակ է` մտածելու ընդհանուր ունեցվածքների, նյութական և աննյութական ռեսուրսների, մասնավորապես` Հայկական աշխարհի ու նրա Հանրապետությունների տարածքային համակցողների մասին:

Վերջերս շատ են կիրառվում արժեհամակարգ, հայրենիք, պետականություն և այլ նման բառաշարքեր` բնութագրելու մեր համընդհանուր կարողությունները` որպես ազգ, բայց իրականում ի՞նչ է նշանակում ունենալ համընդհանուր ու հարաբերվել համընդհանուրին:

Որպես կանոն նման արտահայտությունները տարածվում են անպատշաճ հուզական ու ցածրաճաշակ գեղագիտական արտահայտմամբ: Լքելով որևէ կառուցողական դիսկուրս` հանրությունը կրկին ու կրկին նախընտրում է թաղվել գրականային անիմացության հռետորաբանական ճահճում: Հաճախ այս տեսակ հասկացությունները տեղ են գտնում նաև այսպես կոչված քաղաքական վերլուծաբանության բառացանկում, մեկ այլ գրվածքների ժանր, որը հակված է հուզական այլ ոչ թե տրամաբանական հայցով դիմել հանրությանը: Արդյունքում չի ձևավորվում քննադատական և կառուցողական դիսկուրսիվ դաշտ, որտեղ հնարավոր կլիներ պարզել, թե ինչպես գնալ համընդհանուրի հավաքական գիտակցմանն ու տնօրինմանը, և որպես հետևանք` նաև միասնականության:

Միասնականության մասին խոսելու ցանկացած փորձ նաև փորձ է` սահմանելու ընդհանուր ունեցվածքները` մարդկային, նյութական կամ աննյութական ռեսուրսները: Մենք բոլորս, հատկապես` հայաստանաբնակ հայերս, վերջերս զգացինք, թե ինչ է նշանակում ապրել միասնական ռեժիմով: Կարճատև պատերազմի ընթացքում ընդհանուրը դարձավ մասնավոր, հավաքականը` անձնական: Այսինքն` ձևավորվեց տարածական մտայնություն, որտեղ անհատ զինվորի ճիգը դարձավ հասարակության ճիգ: Բայց այդուհանդերձ հասարակության ներսում չեն կայանում այս մտայնության ամրագրման և զարգացման տրամադրություններ: Փոխարենը հանրությունը մեծամասամբ տրվում է հուզական արտահայտչականության պաշտամունքին, դավադրության տեսությունների և հերթական կարճատես քաղաքա«գիտական» հռետորաբանություններին:

Մեր մեջ դեռ գոյություն չունի այն կարևոր գիտակցումը, որ որոշ էմոցիաներ պետք է մնան չարտահայտված, որ արտահայտման հետևանքը հերթական փակուղին է: Մենք շարունակ ստեղծում ենք հիշողություններ` որպես հավաքականության աննյութական առարկայացումներ ու ժամանակ առ ժամանակ վերադառնում վերհանման ծեսերին, այսպիսով` բավարարելով մեր միասնականացման ազգային բնազդը: Այս պատերազմի արդյունքում ստեղծված մտայնությունը նույնպես սպառնում է դառնալ ընդամենը հիշողություն:

Նախագծի լոգոն

Այս նախագիծը ընդունում է հավաքական հիշողությունը` որպես կարևորագույն հասկացություն` պարզելու համար Հայ ազգի միասնական կայացման ճանապարհը և միասնականության կայացման ռեսուրսները: Հետևաբար` այս նախագիծը սկսում է համընդհանուրի գաղափարական հարցումը հավաքական հիշողության դիտարկումից, ընդունելով այն որպես ազգի ընդհանուր ունեցվածքներից մեկը: Հայ ազգի գոյությունը վերջին հարյուրամյակի ընթացքում ունի ինքնաստեղծ ժամանակային փակուղիների շրջապտույտում լինելու բնույթ: Հայ հավաքականությունը արտահայտվում է հիմնականում հուզական և հազվադեպ կառուցողական մտայնությամբ: Հասկանալու համար մեր հավաքական հիշողության որպես ընդհանուր ռեսուրսի բնույթը ու դրա ստեղծած ազդեցությունները` նախագիծը իր առաջին հրապարակումով դիտարկում է քառորդ դար առաջ տեղի ունեցած երկրաշարժը: Վերջինս ծառայում է որպես միջոց ստեղծել ավելի լայն փոխաբերություն` վերլուծելու համար նաև օրինակ 2008թ մարտիմեկյան հակահայկական իրողությունը և Հայոց Ցեղասպանության տարածական ներկայությունը 21-րդ դարում, երկու կարևոր թեմաները, որոնք ենթարկվելու են քննադատական վերլուծության նախագծի հաջորդ երկու Էսսեներում:

Այս նախագիծը համընդհանուրի գաղափարի զարգացմամբ ունի վերջնանպատակ` առաջ բերելու տարածքայինության և ինքնավարության ավելի լիարժեք ու ավելի արդիական պարադիգմաներ, որոնց կիրառության դեպքում Հայ ազգը կարող է վերագտնել իրեն գալիք հարյուրամյակներում: x-commons նախագիծը հետաքրքրված չէ զուտ դիալեկտիկ, գծային ու կետային մտածողություն զարգացնող վերլուծություններով, օրինակ` միայն քաղաքագիտությամբ կամ միայն սոցիոլոգիական վերլուծությամբ կամ միայն մշակութաբանական կամ ազգագրական վերլուծությամբ: Փոխարենը, այն հետաքրքրված է տրանսդիսցիպլինար (միջմասնագիտական) հետազոտություններ իրականացնելով, հետազոտություններ, որոնք կարող են ունենալ նախագծային արդյունք և որոնք կարող են ներգրավել տարատեսակ վիզուալ կամ տեքստային միջոցներ: Միևնույն ժամանակ այն չի հայցում զուտ գրական կամ արտիստիկ արտահայտման ձևեր, որոնք գործում են որպես «գիտություն կամ արվեստ ինքն իր մեջ» տրամաբանությամբ: x-commons հարթակը գործելու է որպես մտքերի փոխանակման վայր, որի աշխատելու տրամաբանությունը կարելի է պատկերել օրինակ Ժաք Ռանսիեռի «գիտելիքների պոետիկան» հասկացությամբ: Այսինքն, դիսկուրսիվ մեխանիզմ, որի միջոցով ինֆորմացիան կխուսափի ուղակի գրականություն դառնալուց և կդառնա գիտելիք` կառուցողական ու քննադատական միաժամանակ:

Որպես համայնք` x-commons-ը ունի նպատակ համախմբելու այն նախաձեռնող մտածողներին և կատարողներին, որոնք անտեսում են կառավարական/քաղաքական մեքենան` որպես փոփոխության և բարելավման գործոն, և աշխատում են անկախ ընթացիկ պոպուլիստական օրակարգերից. մարդիկ, ովքեր չափում են ժամանակը մշակույթային դարերով, այլ ոչ թե քաղաքական տասնամյակներով, և նախընտրում են աշխատել հանուն հաստատունների, այլ ոչ թե ժամանակավորների:

Ավելի շատ տեղեկության համար կարող եք այցելել նախագծի պաշտոնական կայք կամ ֆեյսբուքյան էջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter