Մանկավարժ ազատամարտիկը եւ նրա մարտական ընտանիքը (յոբելեանի առթիւ)
Հողի կենսատու մի երակ անյիշելի ժամանակներից կենաց ջուր է բաշխում լեռնալանջերին փռուած անտառին։ Այն «յայտնաբերել են» 1828-ին Պարսկաստանի Ղարադաղից տեղափոխուած գաղթականները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանից գերեվարուած հայերի սերունդներն էին, եւ վերադարձել էին հայրենի եզերք։ Ականակիտ ջրերի համար աղբիւրն անուանել են «Սպիտակ աղբիւր»։ Ապաւինած աղբիւրի անմահութեանը՝ նրանք անտառի արեւմտեան մասում գիւղ են հիմնել, աղբիւրի պատուին կոչել այն Ակնաղբիւր եւ ութ ընտանիքներով դարձել գիւղի առաջին բնակիչները...
Հադրութի շրջանի հէնց այդ գիւղում, որ Ղարաբաղի[1] բռնակցումից ի վեր՝ մինչեւ 1990 թուականը, կրում էր թուրքապատճէն «Աղբուլաղ» անունը, 1971 թուականի մարտի 20-ին ծնուել է Արթուր Բաբայեանը, ով տարիներ անց խրոխտ այլ քաջորդիների հետ կենաց ու մահու պայքարով վերադարձնելու էր գիւղն ու նրա անունը եւ նոր կեանք էր պարգեւելու նրան...
Գիւղի ութամեայ դպրոցից յետոյ, ինչպէս ուսման յարգը իմացող շատերը, Արթուրը ուսումը շարունակել է հարեւան Ուխտաձոր գիւղի դպրոցում, որ հետագայում կոչուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի անուամբ։ Ապա՝ 1988-ին ընդունուել է Երեւանի Վ. Բրիւսովի անուան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի «Ռուսաց լեզու եւ գրականութիւն» բաժինը։ Անհոգ ուսանողութիւն չէր սպասւում ոչ այդ, ոչ յաջորդ սերունդներին։ Երեք ամիս անց աշխարհը ցնցած աւերիչ երկրաշարժի օրերին՝ դեկտեմբերի 7-ից 16-ը, կազմակերպելով արցախցի կամաւոր ուսանողների մի ջոկատ, անմիջապէս մեկնել է աղէտի գօտի, աշխարհի վրայ եւ հէնց հայի սրտում բացուած վէրքի ցաւը հնարաւոր ամէն ինչով մեղմելու։
Շուտով Արցախեան շարժումը նրան ուսանող ընկերների հետ Արցախ տեղափոխեց, եւ Արթուրը բարձրագոյն կրթութիւնը շարունակելով Ստեփանակերտի պետական ինստիտուտի Պատմաբանասիրական բաժնում՝ զուգահեռաբար որպէս ուսուցիչ «Պատմութիւն» էր դասաւանդում Բլութան գիւղի ութամեայ դպրոցում՝ ոտքով կտրելով օրական 7 կմ ճանապարհ։ Իսկ իրավիճակն իր հերթին պահանջում էր դասերից յետոյ կանգնել դիրքում։
1989 թուականից արդէն Ուխտաձորի ենթաշրջանում էր ապագայ գեներալ Մանուէլ Գրիգորեանն իր կամաւորական ջոկատով, որին անդամագրուեց նաեւ Արթուրը։
1991 թուականի ուսումնական տարուայ սկզբին Բլութան գիւղը յայտնւում է օղակի մէջ, կողոպտւում ու այրւում։ Ցաւալի իրադարձութիւնները, սակայն, չեն ընկճում ոչ ոքի։ Արթուրը աշխատանքի է անցնում հարազատ գիւղի դպրոցում, բայց շատ շուտով՝ հոկտեմբերի 11-ից գրիչին փոխարինելու է գալիս զէնքը, որպէս սերնդէսերունդ եկող օրինաչափութիւն։ Բոլոր համագիւղացիների հետ նա էլ հերթապահութիւն է իրականացնում գիւղի վերեւում գտնուող «Մասիս» դիրքում, որտեղ 1918 թուականին մարտնչել են նաեւ Դրոն եւ Նժդեհը։ Դրոն գրել է «Իւրաքանչիւր Զանգեզուրցի թող յիշէ, որ կռուելով պատմական Ղարաբաղի լեռներում, դորանով կռւում է ամբողջ Հայաստանի, մասնաւորապէս Զանգեզուրի ազատութեան ու խաղաղութեան համար»։ Ափսոս, որ խորհրդային զինուժի ճնշման տակ՝ 1920-ի մայիսին նրանք ստիպուած եղան չարեաց փոքրագոյնն ընտրելով՝ հայ բոլշեւիկներին յանձնել Ղարաբաղն ու դուրս բերել իրենց զօրքերն այնտեղից։
...Թիկունքում Արթուրի մայրը՝ Գրետա Սարդարեանը, միւս կանանց պէս իր սուրբ մասնակցութիւնն էր բերում Հադրութի գիւղերի ազատագրման պայքարին. գիշերները, որպէսզի ծուխ չերեւար, հաց էր թխում դիրքապահների համար, իսկ ցերեկները «Աշխարհագրութիւն» դասաւանդում դպրոցում։ Օրէցօր իրավիճակը սրւում էր. հարեւան ադրբէջանաբնակ գիւղերը տարբեր տեսակի զէնքերից բարեբախտաբար միայն նիւթական վնասներ էին հասցնում բնակիչներին։
![]() |
![]() |
| (մէջտեղի շարքում՝ ձախից առաջինը) | «Մարտիկ» թերթ, 17.07.1993 |
1991 թուականի հոկտեմբերի 15-ին ադրբէջանական կանոնաւոր զինուած բանակը յարձակուեց միաժամանակ Արթուր Բաբայեանենց տան անմիջապէս ներքեւում գտնուող եւ վերեւի «Մասիս» կոչուող դիրքերի վրայ։ Պատերազմը չտեսածի համար պատերազմի մասին ֆիլմ պատմելու պէս է նկարագրում իրենց այգուն հասած թշնամու դէմ իրենց կռիւը՝ հնարաւոր ու անհնար ամէն ինչով, հէնց իրենց դարպասի մօտ կասեցրած ու ոչնչացրած տանկը... Միասնական ուժերով հերոսաբար յաջողուեց ետ մղել Խորհրդային Միութեան Ներքին գործերի նախարարութեան աջակցութեամբ ադրբէջանական միլիցիայի յատուկ նշանակութեան ջոկատի (օմօն) ստորաբաժանումների կազմակերպած «Օղակ» գործողութիւններից մէկը։
Այսպէս է սկսւում Արթուր Բաբայեանի մարտական ուղին, ում գործուն մասնակցութեամբ իրար յետեւից ադրբէջանցիներից մաքրուելու էին բազմաթիւ գիւղեր, այդ թւում՝ Կաւաքավանքը, որի համար մղուած մարտերի ժամանակ հերոսաբար զոհուեց Արթուրի հօրեղբօր 16-ամեայ որդին՝ տանկիստ Արայիկ Բաբայեանը։
1992-ին, երբ կազմաւորուեց Հայկական կանոնաւոր բանակը, Արթուրը նոյնպէս զինուորագրուեց։ Գտչավանք կենտրոնով պատմական Դիզակի համար մղուող մարտերի ժամանակ՝ 1992-ին վիրաւորուել է նաեւ Արցախեան պատերազմի մասնակից Եուրիկ Բաբայեանը՝ Արթուրի հայրը։
![]() |
|
Բժիշկ Կոլեա Խաչատրեանի հետ |
Երկար ժամանակ Արթուրը պայքարում էր մահուան դէմ՝ այս անգամ՝ սեփական կեանքի համար։ Խորէն Յովսէփեանի անմիջական ցուցումով՝ Արթուրին ուղղաթիռով տեղափոխում են Ստեփանակերտ՝ Ռուբէն Սարդարեանի ուղեկցութեամբ։ Առաջին վիրահատութիւնը կատարում է Հայաստանից ուղեգրով Ստեփանակերտ ժամանած բժիշկ Կոլեա Խաչատրեանը, ում ձեռքի անվրէպ հրաշագործութեան համար շունչը պահած աղօթում էր տիկին Գրետան, եւ որի գործած հրաշքը Արթուրին վերապարգեւեց կեանք՝ որպէս ամէն օր ծագող արեւ, որպէս անհատուցելի շնորհ, որի գիտակցութեամբ է ամէն օր աչքը բացում Արթուրը։ Ապա բժշկի ուղեգրով Արթուրը տեղափոխւում է Երեւան՝ «Շտապ օգնութեան» գիտաբժշկական կենտրոնի նեարդավիրաբուժական բաժանմունք, որտեղ նրա բուժումը շարունակում է ՀՀ գլխաւոր նեարդավիրաբոյժ, բժշկական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Ռուբէն Արմէնակի Գաբոյեանը։ 1994 թուականի մայիսի 16-ին ապաքինուած վերադառնում է հայրենի գիւղ... Սակայն մինչ օրս օդանաւակայանի անցակէտերում հսկիչ սարքերը արձանագրում են բեկորների անդրադարձրած ազդակները՝ որպէս պատերազմից մնացած աղաղակող յիշատակներ, Արթուրի մշտական ուղեկիցները...
1995-ից Արթուրը շարունակում է Ակնաղբիւրի դպրոցում նոր սերունդներին դասաւանդել Հայոց հազարամեակների պատմութիւնը՝ արդէն որպէս պատմութեան նոր ու հերոսական էջը գրող յաղթանակած հերոս։
2008-ին մահացաւ Արթուրի հայրը՝ այդպէս էլ որդու շուրջ հիւսած երազանքների անկատարութիւնը սրտին ծանրացած...
2015 թուականի ապրիլի սկզբին հայրենի իր եզերքի կանչով Արմաւիրից Շուշի է գալիս մէկ տարեկանում ընտանիքի հետ Սարուշէն[2] գիւղից Հայաստան մեկնած ու այնտեղ հիմնական բնակութիւն հաստատած Տաթեւիկ Աւետիսեանը։ Մասնագիտութեամբ նկարիչ-խեցեգործ լինելով՝ նա մեծ ոգեւորութեամբ աշխատանքի է անցնում Արցախի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեանը կից կիրառական արուեստի փոքրիկ արտադրամասում, կարճ ժամանակում մասնակցում ցուցահանդէսների եւ վերին անսահմանելի ուղղորդումով՝ հանդիպում Արթուր Բաբայեանին։ Բազմաթիւ ընդհանրութիւնների հետ միասին զարմանքով բացայայտում, որ Արթուրն էլ իր ծննդեան օրն է ծնուել՝ մարտի 20-ին, ինչը պատահականութիւն չի կարող լինել, ոչ էլ զուգադիպութիւն, այլ չգիտակցուած մի անհրաժեշտութիւն...
Յունիսին Ակնաղբիւրում մեծ ուրախութիւն էր։ Գիւղի նորակառոյց շքեղ հանդիսութիւնների սրահում առաջին արարողութիւնն էր տեղի ունենում՝ Արթուրի եւ Տաթեւիկի հարսանիքը, որ մեկտեղել էր բոլոր համագիւղացիների եւ Արմաւիրից, Երեւանից, Աստանայից, Շուշիից, Սարուշէնից ու Ստեփանակերտից ժամանած հարազատների սրտերի ջերմութիւնն ու լոյսը...
Տաթեւիկի հօրեղբայրները՝ Վալերիկ եւ Կարմէն Աւետիսեանները, իրենց կանանց ու դուստրերի հետ, Արթուրի քոյր Ելենան իր ամուսնու՝ Արթուրի եւ Մարիամի կտրիճ եղբայրների հետ առաջին օրերին նորածնի ու մօր մշտական այցելուներն էին, ապա նաեւ Արմաւիրից նորածնին տեսնելու շտապող երեք մոգերի պէս ժամանեցին Մարիամի ծնունդով անասելիօրէն երջանկացած արդէն եռակի պապն ու տատը՝ Արարատ Աւետիսեանն ու Աիդա Մանուկեանը եւ երիցս մօրաքոյր Լուսինէն, որ լուրն առնելուն պէս իր ուրախութիւնը յայտնել էր ի լուր աշխարհի. «Այսօր երրորդ անգամ մօրաքոյր դարձայ. լոյս է կաթկթում իմ սրտում եւ իմ շուրջ... Բարի գալուստ, իմ սիրելի փոքրիկ հիւր, որին դեռ չեմ ճանաչում.... Ես գալիս եմ ողջունելու օրհնուած ծնունդդ...»։ Աւետիսը ստանալուն պէս Ղազախստանից իր եղբօր զաւակի առաջնեկի ծնունդը ողջունելու շտապեց ճանապարհի դժուարութիւններն անտեսած հօրաքոյրը՝ աշխարհով մէկ եղած Լիւդա Մովսէսեանը... Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Արթուրին ու Տաթեւիկին, յղեցին իրենց բարի ողջոյնները նրանց ու աշխարհի նոր տիրոջը...Բարի տարեդարձ, սիրելի Արթուր։ Սա առաջին տարեդարձն է, երբ միանգամից երկու հարազատ էակներ են յայտնուել կողքիդ, եւ երբ բազմապատիկ ուրախութեամբ ամէն ինչի պէս նաեւ տարեդարձդ ես կիսում նրա հետ, ով մարտը քեզ համար վերածել է ծնունդի, վերածնունդի եւ ծննդառատ ամսուայ...
20.03.2016
Երեւան
Լուսինէ Աւետիսեան
(բանաստեղծ, գրականագէտ,
բանասիրական գիտութիւնների թեկնածու)
[2] Ի դէպ, 1920 թուականի ապրիլին Սարուշէնում է կայանում Հայաստանի Հանրապետութեան օրէնքներով առաջնորդուող, Հայաստանի օրհներգը, զինանշանը ընդունած Ղարաբաղի Ժամանակաւոր կառաւարութեան երկրորդ նիստը։
Տեսանյութեր
Լուսանկարներ


Մեկնաբանել