HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

Ապրիլի 14-ին Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանը արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:

Դատական նիստից ժամեր անց հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում է, որ դատարանի դահլիճում գտնվող Հայրապետյանը առողջական վատ վիճակում է: Գործարարը առողջական լուրջ խնդիրներ ունի, նա երկորդ կարգի հաշմանդամ է, տարել է չորս ինֆարկտ և երկու ինսուլտ, տառապում է քաղցկեղով, ունի ուրոլոգիական խնդիրներ:

Նման առողջական վիճակում դատավճռի կայացումը վրդովեցրել էր շատերին, ովքեր սոցիալական ցանցերում ակցիաներ սկսեցին՝ ՌԴ իշխանություններից պահանջելով ազատ արձակել գործարարին՝ հաշվի առնելով նրա կյանքին սպառնացող վտանգները:

Հայրապետյանի փաստաբանը թեև բողոքարկել է նրա կալանավորման որոշումը, բայց նոր դատական լսումները գործարարը պետք է մնա բանտախցում, որտեղ, հրապարակումների համաձայն, կալանավորվածները քնում են հերթով՝ տեղերի սահամանափակության պատճառով:

Այսօր  «Ազատություն Լևոն Հայրապետյանին»  քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի երթ էր կազմակերպել: Նրանք «Ազատություն Լևոն Հայրապետյանին», «Փոխել խափանման միջոցը», «Արդար դատավարություն» կոչերով Հանրապետության հրապարակից շարժվեցին ԱԳՆ, այնուհետև՝ Ռուսաստանի դեսպանատուն: Նախաձեռնող խմբի անդամները ԱԳՆ-ից պահանջում են ճնշում գործադրել ՌԴ արդարադատության մարմինների վրա՝ կալանքի պայմանները վերանայելու և օբյեկտիվ վերաքննությամբ Հայրապետյանին ազատ արձակելու կամ առողջության խնդիրներից ելնելով` սահմանված պատժի չափը փոփոխության ենթարկելու համար:

Երթի մասնակիցներին չթողեցին մոտենալ դեսպանատան շենքին: Միայն նախաձեռնության անդամներին թույլատրեցին գնալ և հանձնել նամակը։ Ավելի ուշ վերջիններս հայտնեցին, որ չգիտեն, թե ում փոխանցեցին նամակը, քանի որ այն ընդունողը չի ներկայացել: Տարածքը վերահսվում էր մեծաքանակ ոստիկանների կողմից, ովքեր նաև տեղակայվել էին հարակից` Կիրովի անվան մանկական այգում:

աջ կողմում՝ Լևոն Հայրապետյանի դուստրը

Բողոքի երթին մասնակցում էր Լևոն Հայրապետյանի դուստրը` Զարուհին, ով  վերջին անգամ հոր հետ զրուցել է կալանավորումից առաջ և տեղյակ է, որ հոր առողջական  վիճակը շատ ծանր է։ «Որոշ հույսեր ունեմ այսօր կայացած երթից: Հայրիկիս համար սա մեծ օգնություն է: Մենք ժողովրդի կողմից սպասում էինք այս տեսակ ոգևորության, քանի որ հայրս երբեք չի խնայել իր սերը, միջոցները, առողջությունը իր հայրենիքի համար: Ես տենսում եմ, որ իր ժողովուրդն էլ հիմա ցանկանում է նրա կողքին լինել նրա համար այս ծանր ժամանակներում»,-  «Հետքի» հետ զրույցում ասաց Զարուհին:

Երթին մասնակցում էր նաև ընտանիքի բարեկամ Սմբատ Ռոստոմյանը, ով համոզված է` Հայաստանի իշխանավորները գիտակցում են Լևոն Հայրապետյանի դերը Արցախի կայացման գործում. «Այսօրվա դաժան դատավճիռը առաջին հերթին վնասում է նրա առողջությանը, և մենք հույս ունենք՝ կստանանք դրական արձագանք: Չեմ բացառում, որ այս քառօրյա պատերազմն էլ պատճառ հանդիսացավ, քանի որ թշնամին հասկանում է, թե ինչպիսի գործունեություն է վարել Հայրապետյանը Արցախում` թե՛ բնակչության, և թե՛ զինվորների համար, որոնց նա հենց այս պահին էլ աջակցում է»:

Երթին «Ազատություն Լևոն Հայրապետյանի» գրությամբ պաստառով մասնակցում էր նաև Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով հավաստում է, որ նման առողջական խնդիրներով մարդուն ձերբակալելը, բանտախցում պահելը մարդու իրավունքները պաշտպանոող կոնվենցիաներին դեմ է. «Սա ասում է այն մասին, որ ՌԴ-ն մի տոտալիտար պետություն է, որտեղ ի՞նչ մարդու իրավունքների մասին է խոսքը: Հարակության մեջ սա հաստատեց այն կարծիքը, որ Լևոն Հայրապետյանը քաղաքական բանտարկյալ է: Նրան Ռուսաստանի բանտում պահելը Արցախի դեմ ուղղված ոտնձգություն է»:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը ձերբակալվել էր 2014-ի հուլիսի 15-ին, սակայն հուլիսի 17-ին դատարանը բավարարել է Հայրապետյանի՝ որպես խափանման միջոց տնային կալանքի տակ պահելու միջնորդությունը: Տնային կալանքի վերջնաժամկետ էր նախատեսված 2015 թվականի սեպտեմբերի 16-ը:

Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ցմահ դատապարտյալ, Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հզ. դոլար յուրացնելու համար, որով, մեղադրանքի համաձայն, նա պետք է աջակցեր նախկին սենատորին՝ կիրառված դատավճիռը մեղմացնելով:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter